ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ տարաձայնություններ չկա՞ն

19/06/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Զուրաբյան, ո՞րն է ՀՀՇ-ում տիրող այս մթնոլորտի պատճառը:

– Ձեւավորված մթնոլորտի պատճառն ինձ մոտ մի փնտրեք: Կարծում եմ, որ կարելի է ման գալ այլ վայրերում, որովհետեւ միշտ էլ շահագրգիռ մարդիկ, ուժեր ու կողմեր կան, որոնք կփորձեն ինչ-որ բան խաթարել: Մի բան, որ նրանք չեն հասկացել` խաթարել կարելի է ամեն ինչ, բացի Հայոց Համազգային Շարժում կուսակցությունից:

– Եթե ձեր մոտ չփնտրենք, ապա Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է ստեղծված իրավիճակի պատճառը, որ ՀՀՇ-ի նախագահն ու փոխնախագահը հրաժարական են տալիս:

– Թողեք որոշ ժամանակ անցնի, հավանաբար ես իմ գնահատականը կտամ: Ես դեռեւս փորձում եմ մի քիչ էլ հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել: Հետեւելու եմ իրադարձություններին, խոսելու եմ մարդկանց հետ, շարունակելու եմ իմ քաղաքական գործունեությունն իմ կուսակցության, իմ քաղաքական ուժի շրջանակներում: Այս քաղաքական ուժի շրջանակներում, այս համախմբման հետ:

– Ի՞նչ տարաձայնություններ կան ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի միջեւ:

– Հոյակապ հարաբերություններ են, որեւէ տարաձայնություն չկա:

– Ընտրություններին միասի՞ն եք մասնակցելու, թե՞ առանձին-առանձին:

– Ընտրությունները կգան, կտեսնեք: Կարծում եմ, որ միասին ենք գնալու:

– Ո՞ւմ եք տեսնում ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնում:

– Լեւոն Տեր-Պետրոսյանին:

– Ինչո՞ւ հրաժարական տվեցիք:

– Ստեղծվել էր մի մթնոլորտ, որը մամուլով, ամբողջ քաղաքական դաշտով խոսակցությունների առարկա էր դարձել: Եվ ես կարծում եմ, որ այս քայլով ես կփորձեմ հանգուցալուծել այս վիճակը: Հաստատել, որ ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի հետ կապված որեւէ խնդիր ակնկալել չի կարելի: ՀՀՇ-ն հաստատուն գտնվում է այնտեղ, որտեղ միշտ է գտնվել` Լ.Տեր-Պետրոսյանի կողքին: Մենք, կարծում եմ, եթե նույնիսկ ենթադրաբար էլ խնդիրներ փնտրենք ինչ-որ մի տեղ, դա հաստատ ՀՀՇ-ի մեջ չի կարող լինել: Եթե ես հիմա հրաժարական տված չլինեի, դուք ինձ սկսելու էիք հարցնել, թե ինչ է կատարվում: Հիմա հարցնում եք, ինչու եք հրաժարական տվել: Ես եւս մեկ անգամ համոզվում եմ, որ ես ճիշտ քայլ եմ արել, դրանով իսկ, կարծում եմ, ամեն ինչ ավարտվել է:

– Ձեր այդ խոսքերից կարելի՞ է ենթադրել, թե Դուք հրաժարական տվեցիք, որպեսզի խուսափեք ՀՀՇ-ում տեղի ունեցող զարգացումների պատասխանատվությունից:

– Ես երբեք պատասխանատվությունից չեմ վախեցել, ես պատասխանատվությունը վերցրել եմ իշխանությունը թողնելուց հետո` ամենավճռական պահերին: 5 տարի եղել եմ ՀՀՇ վարչության փոխնախագահ, 5 տարի` նախագահ: Իմ չափ որեւէ մեկը ՀՀՇ-ն չի ղեկավարել: Ես պատասխանատվությունից նաեւ չեմ խուսափել, որովհետեւ որպես վարչության անդամ՝ շարունակելու եմ իմ պայքարը իմ կուսակցության շարքերում, ՀԱԿ-ի շարքերում:

– Իսկ ինչո՞ւ հրաժարական տվեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

– Պարոն Քոքոբելյանն իմ լավագույն ընկերներից մեկն է: Նա որեւէ տեղ մեր կուսակցությունից չի հեռացել եւ ինձ նման նույն կերպ շարունակելու է պայքարը մեր երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար:

– ՀՀՇ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Խ.Քոքոբելյանը դեմ է եղել ՀԱԿ-ի մարտավարությանը, եւ վճռական պայքարի կողմնակից է եղել: Դրա համար էլ հրաժարական է տվել:

– ՀՀՇ-ն կենդանի օրգանիզմ է, այնտեղ քաղաքական մարդիկ են, ովքեր մշտապես քննարկումներ են անցկացնում ցանկացած հարցի վերաբերյալ, խոսում են, տեսակետներ են արտահայտում: ՀՀՇ-ն գործում է շատ բաց սկզբունքներով: Տվյալ պարագայում մեր բաց քննարկումները դարձել են մամուլի շահարկումների առարկա: Դրա համար փորձել ենք խնդիրը սառեցնել, տեղափոխել այլ դաշտ եւ հայտարարել հետեւյալը` պարոն Քոքոբելյանը՝ ինչպես ՀՀՇ վարչության ցանկացած անդամ, ցանկացած ՀՀՇ-ական, իր տեսակետները միշտ բացեբաց արտահայտել է: Հազար հարցի մեջ շուրջ 998-ի դեպքում մշտապես կողմ է եղել բոլոր այն լուծումներին, որոնք մենք միասին ենք տեսել: 2-ի դեպքում գտել է մեկ այլ լուծում, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ես կարծում եմ, որ այն բնական պրոցեսները, որոնք առկա են ՀՀՇ-ում, ինչ-որ շահագրգիռ կամ դավադիր ուժեր փորձել են ներկայացնել այլ կերպ: Հավատացած եղեք, որ մեզ մոտ որեւէ խնդիր չկա, մեզանից դուրս փնտրեք խնդիրը:

– Դուք եւ Խ.Քոքոբելյանը ՀԱԿ-ի կողմից ավելի ակտիվ պայքար էիք ակնկալում, որը տեղի չի ունենում: Դրա՞ համար հրաժարական տվեցիք:

– Ձեր հարցի մեջ սադրանք կա, եւ փնտրում եք մի բան, որը գոյություն չունի: Որեւէ հակասություն ռազմավարական առումով ՀՀՇ-ն ՀԱԿ-ի հետ չունի: Տարբեր մանր խնդիրներում ոչ թե հակասություն, միշտ էլ կլինեն տարակարծություններ: Եվ դա բնական է, որովհետեւ թե ՀԱԿ-ը, թե ՀՀՇ-ն առաջնորդվում են ժողովրդավարության սկզբունքներով, որտեղ ցանկացած հարցի վերաբերյալ կա բաց քննարկում:

– Հնարավո՞ր է, որ ՀՀՇ առաջիկա համագումարի ժամանակ նորից առաջադրվեք եւ ընտրվեք կուսակցության վարչության նախագահի պաշտոնում:

– Որեւէ բան չի կարելի բացառել եւ որեւէ բան չի կարելի ենթադրել: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Ինչ-որ մի պահ կարող է կյանքում:

– Մեկնաբանություններ հնչեցին, թե Ձեր եւ Խ.Քոքոբելյանի հրաժարականի պատճառը եղել է ձեր երկուսի համագործակցությունը իշխանությունների հետ:

– Ես միշտ պայքարել եւ պայքարելու եմ իմ նպատակների համար, որոնք շատ ընդարձակ են: Ես ուզում եմ, որ հայ հասարակությունն ապրի նորմալ երկրում, մի երկրում, որը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին այսօր է, չի կարող լինել սերժական կամ ռոբական երկիր: Դա ինձ համար անընդունելի է: Համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Հավատացած եղեք, եթե ես կես քայլ արած լինեի դեպի իշխանությունները, ապա նրանք ինձ կառաջարկեին շատ ավելին, քան այսօրվա կառավարության անդամներից շատերն ունեն: