ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագգյան, ով ՀՀ կառավարության հրավերով գտնվում էր Հայաստանում, երեկ ամփոփելով իր այցը` թվարկել է մի շարք խնդիրներ, որոնք, ըստ նրա` անհրաժեշտ է լուծել: Մասնավորապես, ըստ հատուկ զեկուցողի` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների կապակցությամբ, որն, ի դեպ, երեկ ստորագրել է ՀՀ նախագահը, կարելի է որոշակի քայլեր դեռ ձեռնարկել: «Օրինակ, եթե դուք գտնում եք, որ օրենքում կան հակասահմանադրական դրույթներ, կարող եք դիմել Սահմանադրական դատարան»,- խորհուրդ է տվել նա: Անդրադառնալով խաղաղ հավաքներին, նա ասել է. «Թեպետ իշխանությունների կողմից սահմանված կարգավորումը օրինական է, ես տեղեկություններ եմ ստացել իրավապահ մարմինների կողմից անհարկի եւ կամայական սահմանափակումներ կիրառելու մասին: Ժողովրդավարական հասարակությունում խաղաղ, բաց, հրապարակային ցույցեր անցկացնելը պետք է հասու լինի բոլոր անհատներին` առանց անհարկի սահմանափակումների»: Մարգարեթ Սեկագգյան իր անհանգստությունն է արտահայտել նաեւ լրագրողների նկատմամբ բռնությունների, հարձակումների դեպքերի կապակցությամբ` ասելով. «Այս դեպքերն ի ցույց են դնում Հայաստանում անպատժելիության մշակույթի ակնհայտ առկայությունը: Այսօրինակ անպատժելիությունը, ըստ ամենայնի, սերտորեն առնչվում է Ոստիկանության համակարգում արմատավորված խնդիրներին եւ անկախ դատական համակարգի բացակայությանը»: