Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Հանդիպումից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ համանախագահներն անդրադարձել են համանախագահների` Հայաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին: Հիշեցնենք, որ նախօրեին Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում հանդիպել էին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Դմիտրի Մեդվեդեւը հիշեցրել էր, որ դա թվով վեցերորդ եռակողմ հանդիպումն է: «Վեց անգամ արդեն հանդիպել ենք` դա քիչ չէ»,- ասել էր նա, ինչից հետո արդեն փակ դռների հետեւում ծավալվել է երեք երկրների ղեկավարների հիմնական զրույցը: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, հանդիպումը մեկնարկել է երեք նախագահների մասնակցությամբ, ապա նրանց են միացել արտգործնախարարները: Հանդիպմանը հաջորդել է Ռուսաստանի նախագահի անունից տրված աշխատանքային ընթրիք` նախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ: Հանդիպումից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպման ընթացքում գրանցվել է այն, ինչին կողմերը հասել են բանակցությունների արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այդ արդյունքների հիման վրա: Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին՝ շարունակել ակտիվ բանակցությունները: Ամփոփելով եռակողմ հանդիպումը` Նալբանդյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Գործընթացը Մինսկի խմբի եռանախագահներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի աջակցությամբ շարունակվում է: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը օգտակար էր: Այն կարեւոր հանգրվան էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Հանդիպումը անցավ կառուցողական մթնոլորտում, կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում, եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա: Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել շփումները, հանդիպումներ կկայանան նաեւ համանախագահների հետ: Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դեր է խաղում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Նախագահ Մեդվեդեւի ներգրավվածությամբ հանդիպումները հնարավորություն են ընձեռում մերձեցնելու կողմերի դիրքորոշումները, իսկ այն հարցերում, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում, կողմերը կարողանում են առավել հստակեցնել մոտեցումները, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները եւ շարժվել առաջ»,- հայտարարել է նա: Պատասխանելով մադրիդյան առաջարկությունների մասին հարցին` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ 2007 թվականի նոյեմբերից բանակցությունների սեղանին եղել է մեկ փաստաթուղթ` համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան սկզբունքները, որոնք նաեւ գրանցված են Վիեննայում` ԵԱՀԿ քարտուղարությունում` որպես պաշտոնական առաջարկություն: Դրանից հետո բոլոր առաջարկները կրել են աշխատանքային բնույթ: Նշենք, որ այդ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է, որ նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցային խնդիրները: «Նշվել է կողմերի դիրքորոշումների մերձեցումը կարգավորման հիմնական սկզբունքների տեքստի մի շարք վիճելի դրույթների շուրջ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, այդ փաստաթղթի վրա աշխատանքը ավարտելուն ուղղված երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»,- նշված է Կրեմլի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:
Նշենք, որ արդեն երեկ այդ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Ադրբեջանական կողմը կցանկանար, որպեսզի Հայաստանը ավելի պատասխանատու մոտենար Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին»,- ասել է Ադրբեջանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը: Նրա խոսքերով` ժամանակն է, որպեսզի հայկական կողմը գիտակցի այդ խնդրի շուրջ հանդիպումների քանակը որակի վերածելու անհրաժեշտությունը: Նշելով, որ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կարծիքների ինտենսիվ փոխանակում է տեղի ունեցել, Պոլուխովն ասել է. «Մենք համարում ենք, որ ցանկացած հանդիպում պետությունների ղեկավարների մակարդակով, հատկապես Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մասնակցությամբ, կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիներ գտնելու գործում»:
Ըստ նրա, նման հանդիպումները դեպի հակամարտության փոխադարձաբար ընդունելի լուծումներ տանող ուղիներ գտնելու հույս են ներշնչում: «Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը. մենք կարծում ենք, որ հայկական եւ ադրբեջանական կողմերին ներկայացված փաստաթուղթը թույլ է տալիս դուրս գալ բանակցային գործընթացի նոր մակարդակ»,- հայտարարել է նա: