– 2009թ. մայիսի 7-ին մեկնարկեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում անցած ժամանակահատվածում ծրագրի ընթացքը: Ի՞նչ կարեւոր քայլեր կառանձնացնեք, որոնք հիմք են դրել հետագա համագործակցության ընդլայնման համար:
– Հայաստանը բազմիցս հաստատել է Արեւելյան գործընկերության Պրահայի հռչակագրին համահունչ Եվրոպական Միության հետ հետագա համագործակցությունը զարգացնելու իր հանձնառությունը, որն ամրագրվում է կոնկրետ քայլերով: Հաջողությամբ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որի շրջանակներում կառանձնացնեի մայիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, որտեղ նա արդյունավետ հանդիպումներ ունեցավ ԵՄ ղեկավարության հետ` Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: Մարտին եւ ապրիլին տեղի ունեցան ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Մորատինոսի ու Ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցերը Հայաստան: Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների երկու ոչ պաշտոնական հանդիպում, որի ժամանակ Հայաստանը ներկայացրել է իր մոտեցումները համագործակցության հետագա ընթացքի շուրջ: Գործընկերությանն առնչվող հարցերը պարբերաբար քննարկվում են ԵՄ երկրների ղեկավարների հետ երկկողմ շփումների ընթացքում: «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության հիմնական աշխատանքներն իրականացվում են թեմատիկ չորս, այսպես կոչված, պլատֆորմների` հարթակների շրջանակներում` որոնք ընդգրկում են ժողովրդավարությունն ու արդյունավետ կառավարումը, տնտեսությունը, հումանիտար ոլորտը/ մարդկային շփումները եւ էներգետիկան: Հայաստանը ամենաակտիվ եւ արդյունավետ կերպով ընդգրկված է նշված պլատֆորմների աշխատանքներին, ինչը, գոհունակությամբ պետք է նշեմ, ոչ միայն մեր, այլեւ մեր եվրոպական գործընկերների գնահատականն է, որն, ի դեպ, վերաբերում է նաեւ Հայաստանում մեկ տարուց ավելի գործող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությանը: Մայիսին ԵՄ-ն որոշում ընդունեց, եւ դա երկկողմ համագործակցության արդյունք էր, բանակցություններ սկսել Հայաստանի հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ: Նախատեսվում է, որ դրանք կմեկնարկեն արդեն այս տարվա հուլիսին: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Հուլիսի 6-ին իր առաջին նիստը կգումարի արդարադատության եւ անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության ենթակոմիտեն, որի աշխատանքների արդյունքում աստիճանաբար կազատականացվի վիզային ռեժիմը ԵՄ անդամ երկրների հետ: Ամփոփելով, գոհունակությամբ կցանկանայի նշել, որ մեր եվրոպական գործընկերների հետ բոլոր շփումները վկայում են, որ ապագա համագործակցության օրակարգի, ձեւի եւ բովանդակության շուրջ մեր ընկալումները համընկնում են:
– Թեեւ ներկայումս ավելի շատ քննարկվում է «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, սակայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հիմքերը դրվել են «Նոր հարեւանության քաղաքականության» ծրագրով: Ինչպե՞ս եք գնահատում «Նոր հարեւանության» ծրագրի ընթացքը, եւ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է Հայաստանն ավելի մոտեցել Եվրոպային:
– Արեւելյան գործընկերությունը պետք չէ տարանջատել Հարեւանության քաղաքականությունից, քանի որ այն կոչված է խթանել Հարեւանության քաղաքականության իրականացումը` նոր հեռանկարներ բացելով հետագա համագործակցության համար: Վերջերս հրապարակվեց «Եվրոպական հարեւանության քաղաքականության» գործողությունների ծրագրի կենսագործման Հայաստանի առաջընթացի զեկույցը, որն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում մեր երկրի կողմից իրականացրած աշխատանքները բոլոր ուղղություններով: Դրա հետ մեկտեղ՝ մենք չենք կարող կանգ առնել մեր ձեռքբերումների վրա. ընդհակառակը, արձանագրված հաջողությունները նոր լիցք են հաղորդում նախատեսված բարեփոխումները եւ միջոցառումները հնարավորինս արագ ու արդյունավետորեն կյանքի կոչելու համար: Այս հարցում կարեւոր է նաեւ մեր եվրոպական գործընկերների աջակցությունը:
– Հունիսի 14-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները ընդունեցին մի փաստաթուղթ, ըստ որի՝ «Եվրամիությունը սպասում է Հարավային Կովկասի երեք երկրների հետ Ընկերակցային համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցություններին, որոնք պետք է մեկնարկեն արդեն մեկ ամիս անց` այս տարվա հուլիսին»: Նույն փաստաթղթում միաժամանակ նշված է, որ հարաբերությունների այդ` առավել սերտ աստիճանին հասնելու համար հարավկովկասյան երկրները պետք է բարեփոխումներ իրականացնեն ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ու լավ կառավարման ոլորտներում: Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ այդ բանակցություններին եւ հաշվի առնելով ՀՀ-ի ներկայիս իրողությունները, ի՞նչ ժամկետներում հնարավոր կլինի ընկերակցային համաձայնագրի ստորագրումը:
– Քաղաքական տեսանկյունից Հայաստանը պատրաստ է բանակցություններին: Հաջորդ շաբաթ Բրյուսելում տեղի կունենա նախապատրաստական խորհրդակցությունների փուլը: Բուն բանակցային գործընթացը կրելու է տեւական բնույթ` առանց ժամկետային սահմանափակումների: Բայց կարեւորը դա չէ. մենք մտադիր ենք կենտրոնանալ բանակցվող փաստաթղթի որակի վրա, որպեսզի այն արտացոլի ինչպես Հայաստանի ու ԵՄ համագործակցության խորացման իրական հեռանկարը, այնպես էլ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ բարեփոխումները: