Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ մեր հարցերին են պատասխանում «Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ» (Grand Tornton International) աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության ԱՊՀ ներկայացուցչության տնօրեն Արմեն Փինարբասին եւ արվեստների քննադատ Նազարեթ Կարոյանը։
– Վերջին տարիներին բավական ակտիվացել են Հայաստանի` եվրոինտեգրմանն ուղղված ծրագրերը, քննարկումները: Գործողության մեջ են Եվրամիության «Նոր հարեւանության քաղաքականության» եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրերը: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը:
Ա. Փ.– Թույլ տվեք հարցը դիտարկել ԱՊՀ երկրների հարթությամբ: Ի տարբերություն ԱՊՀ մի շարք երկրների, ինչպես, օրինակ, Ղազախստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը մեկ քայլ առաջ է: Կարծում եմ` Հայաստանի առավելություններից մեկն այն է, որ Հայաստանը Սփյուռք ունի: Հայաստանի զարգացման կարեւորագույն ազդակներից մեկն էլ Եվրամիության, Համաշխարհային բանկի աջակցությունն է: Հենց Եվրամիության զանազան ծրագրերը մեծ նպաստ բերեցին Հայաստանին: Ուրախալի է այն, որ այդ ծրագրերը դեռեւս շարունակվում են: Պետք է նկատել նաեւ, որ Հայաստանը կարողանում է ճիշտ կազմակերպել նոր փոփոխությունների ներդրումը:
– Նման ծրագրերի արդյունքում Եվրոպան ցանկանում է ունենալ ավելի ժողովրդավար, եվրոպական արժեքներ կրող հարեւաններ: Ըստ Ձեզ` որքանո՞վ եւ ե՞րբ Հայաստանը կարող է հասնել նման կարգավիճակի:
Ա. Փ. – Դժվար է միանշանակ պատասխանել, բայց, կարծում եմ, որ նման ծրագրերի շարունակելիությունը կարեւոր է մեր հասարակության համար: Աշխարհում Եվրոպայի ապրելակերպը, մտածելակերպը, արժեհամակարգը հրաշալի օրինակ է բոլորի համար: Այդ պատճառով, որքանով Հայաստանը շատ ստանա Եվրամիության կողմից աջակցություն, այդքան այն մեր օգտին կաշխատի: Ես, արդեն 25 տարի է, Ֆրանսիայում եմ ապրում եւ համոզված եմ, որ եվրոպական երկրները մեզ փոխանցելու դեռ շատ բան ունեն:
Ն.Կ. – Բնականաբար, Եվրոպան կուզենա ունենալ հարեւաններ, որոնք կանգնած են իրենց արժեհամակարգին մոտ` իրենց մտածելակերպով, հասարակության կառուցվածքով, այսինքն` Եվրոպան ցանկանում է ունենալ անվտանգ, գոնե չեզոք, եթե ոչ՝ լավ հարեւաններ: Ինձ համար դժվար է ասել, թե Հայաստանը երբ կարող է հասնել նման կարգավիճակի, թեպետեւ Հայաստանում մշակութային, քաղաքական առանձին միջավայրեր փորձ են անում, որ այդ ժամկետը հնարավորինս շուտ մոտենա: Այդ հաշվով մեր հասարակության, իշխանությունների մեջ ձգտումը կարծես թե արտահայտված է, բայց այն շատ ավելի մակերեսային է, չեն մշակվում ծրագրային, մշակութային քայլեր, որպեսզի այդ օրը շուտ մոտենա:
– Իրականում որքանո՞վ է հասարակությունն իրեն ներգրավված զգում դրանում:
Ն.Կ. – Ընդհանրապես մեր հասարակությունն օտարված է իր ճակատագիրը որոշելու հարցում, ինչ-որ առումով անտարբեր է այն գործընթացների նկատմամբ, որոնց մեջ Հայաստանը ներգրավված է` թե՛ միջազգային, թե՛ ներքին կյանքի կերտման տեսակետից: Վերջին ժամանակներս տեսանելի է հասարակական կյանքի ակտիվացում, նոր միջավայրերի ձեւավորում, որոնք հասկանում են, որ իրենց բարեկեցությունը, արժանապատիվ միջավայրում ապրելու հնարավորությունը կախված է իրենց ակտիվությունից: Եվ հույս ունենք, որ հասարակական կյանքի անդրադարձմամբ այս նոր բողբոջները կդառնան ռեսուրսներ մեր երկրում իրավիճակի փոփոխությանը` մշակութային, քաղաքական, ստեղծագործական եւ բոլոր առումներով: