– 2009թ. մայիսի 7-ին մեկնարկեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը։ Ինչպե՞ս եք գնահատում անցած ժամանակահատվածում ծրագրի ընթացքը։ Արդյո՞ք հնարավոր էր ավելին անել, քան արձանագրվել է մինչ այժմ։
– «Արեւելյան գործընկերության» մեկնարկով Հայաստան-ԵՄ հարաբերությունները անցան որակական նոր փուլ, որը ենթադրում է ԵՄ-ի հետ առավել սերտ քաղաքական, տնտեսական ինտեգրում։ Գործընկերության այս նոր ֆորմատը ենթադրում է, այսպես կոչված, «ազատ ձիավարման» սկզբունք, որը նշանակում է, որ արեւելյան գործընկերներից յուրաքանչյուրի կատարած քայլերի արդյունավետությունից է կախված լինելու ԵՄ-արեւելյան կոնկրետ գործընկեր հարաբերությունների ընթացքը։ ԵՄ-ի հետ հաստատված բոլոր գործիքներում՝ թե՛ հարեւանության քաղաքականության եւ թե՛ այժմ արդեն Արեւելյան գործընկերության քաղաքականությամբ Հայաստանը հանդես է եկել առավել ակտիվ շահագրգռությամբ՝ առաջ մղելու եվրոպական ինտեգրման մեր առաջնահերթությունը։ Ասել, որ բոլոր ոլորտներում մենք հաջողել ենք եւ պատրաստ ենք լիարժեք տնտեսական-քաղաքական ասոցիացման, իհարկե, լուրջ չի լինի։ Մեկ բան, սակայն, հստակ է. եվրոպական մեր ներգրավվածության հարցում մենք երկրի ներսում՝ իշխանություն-ընդդիմություն հարթությունում, ունենք քաղաքական կոնսենսուս, այսինքն՝ եվրոպական մեր վեկտորը ընտրված է ճշգրիտ, ուստի մնում է իրապես կոնկրետ քայլեր ձեռնարկել «Արեւելյան գործընկերությամբ» հաստատված չորս հիմնարար պլատֆորմներով։ Օրերս ես մասնակցում էի «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի մեկնարկին եւ սա իրապես կարեւոր եմ համարում, քանզի քաղաքացիական հասարակությունն իր լուրջ դերակատարությունն ունի գործընկերության առաջնահերթությունների առաջ մղման գործում։
Ինչ վերաբերում է «Արեւելյան գործընկերության» ընթացքին, ապա կա մեկ մտահոգիչ խնդիր՝ դա «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական ձեւաչափի՝ «Եվրանեսթի» աշխատանքների մեկնարկի ձգձգումն է։ Նշեմ, որ արեւելյան գործընկերներից Հայաստանն առաջինն է կազմավորել «Եվրանեսթում» իր ազգային պատվիրակությունը եւ առաջինն է ուղարկել իր դիտողություններն ու առաջարկները «Եվրանեսթի» կանոնադրության վերաբերյալ։ Սակայն գործընկերության խորհրդարանական ձեւաչափը, բոլորիս հայտնի պատճառներով, ձգձգվում է։ Մինչդեռ, այդ ֆորմատը, օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության առավել ճկուն մեխանիզմները, կարծում եմ, խիստ արդյունավետ աշխատանք կտանի թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափով, ինչը «Արեւելյան գործընկերության» կարեւոր բաղադրիչներից է։
– Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցությունները ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու հավանականության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հեռանկարը, եւ արդյո՞ք Հայաստանը կարող է ապահովել այն չափանիշները, որոնք անհրաժեշտ են այդ գործընթացի համար։
– Արդեն իսկ Եվրահանձնաժողովին տրված է մանդատ՝ Հայաստանի հետ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցություններ սկսելու շուրջ, եւ առաջիկայում այդ բանակցությունները կմեկնարկեն։ Թե ինչքա՞ն կտեւեն բանակցությունները, դժվար է ասել, քանզի այն կախված է Հայաստանին առաջադրված խնդիրների լուծման արդյունավետությունից։ Իսկ խնդիրները բազմաթիվ են՝ սկսած կառավարման համակարգի բարելավումից, մինչեւ կոռուպցիոն խնդիրներ, մաքսային, արդարադատության համակարգերի լրջագույն ռեֆորմներ, մարդու իրավունքի պաշտպանություն եւ այլն։ Այո, մենք լրջագույն խնդիրներ ունենք լուծելու, եւ եթե եվրոպական մեր ձգտումը ինքնանպատակ չէ, իսկ ես վստահ եմ, որ ինքնանպատակ չէ, ապա ասոցիացման համաձայնագրի բանակցությունները արդյունավետ ավարտ կունենան։
– «Արեւելյան գործընկերության» ծրագիրն ինչ-որ իմաստով Եվրամիության «Նոր հարեւանության քաղաքականության» շարունակությունն ու բաղադրիչն է։ Ինչպե՞ս եք գնահատում «Նոր հարեւանության քաղաքականության» ծրագրի արդյունավետությունը եւ որպես եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, Ձեր կարծիքով, այսօր Հայաստանը՝ որպես հարեւան, որքանո՞վ է մոտեցել Եվրոպային։
– Ինչպես արդեն նշեցի՝ «Արեւելյան գործընկերությունը», ի տարբերություն «Հարեւանության քաղաքականության», ենթադրում է հարաբերությունների որակական նոր փուլ, որի արդյունավետությունը կախված է լինելու բացառապես մեր երկրի քաղաքական կամքից։ «Հարեւանության քաղաքականությունն» իր բոլոր գործիքներով աշխատել է բավականին արդյունավետ, սակայն, եթե նախկինում ԵՄ-ի համար մեր տարածաշրջանը դիտվում էր որպես մեկ միասնական միավոր, որի հանդեպ պետք էր ցուցաբերել մեկ միասնական մոտեցում, «Արեւելյան գործընկերության» ծրագիրը ենթադրում է ԵՄ-ի հետ երկկողմ առավել սերտ հարաբերություններ, որտեղ շարժիչ ուժը լինելու է Հայաստանի պատրաստակամությունը՝ հաստատված պլատֆորմների առաջ մղման գործում։ Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ ենք մենք մոտեցել Եվրոպային, ապա մենք մշտապես եղել ենք հե՛նց այդ՝ եվրոպական արժեհամակարգի կրող։