«-Ո՞ւր:
– Գործերովգ»: Սա ֆիլմի վերնագիր է, որտեղ գյումրեցի դպրոցական երեխաները որոշել էին օրինակելի քաղաքացի լինելու համարձակ քայլ անել: Ֆիլմի հեղինակները գյումրեցի երկու աղջիկներ էին, ովքեր իրենց քաղաքի ձանձրալի միջավայրում փորձում էին լույս տարածել` կազմակերպելով ֆիլմերի ցուցադրություն եւ հրավիրելով մարդկանց: Սա այն 6 ֆիլմերից մեկն է («Անավարտ դաս» (Վանաձոր), «Քաղաքի տերերը» (Գյումրի), «Ֆուտբոլ. սպասում ենք հրաշքի» (Վանաձոր), «Ուրվականը» (Գյումրի), «Լինում է, չի լինում» (Վանաձոր)), որոնք երեկ ցուցադրվեցին «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպության գրասենյակում: «Մենք փորձ ունենք Երեւանի երեխաների հետ աշխատելու, ինչպես հայտնի է՝ «Մենք ենք» ծրագրին մասնակցելու հնարավորություն չունեին մարզերում ապրող երեխաները: Միշտ ցանկություն ունենում էինք նաեւ այդ երեխաներին հնարավորություն տալու: Եվ այս ծրագրի շնորհիվ այն կարողացանք իրականացնել»,- նշեց «Oրինակելի քաղաքացի` հաշվետու պաշտոնյա» ծրագրի պրոդյուսերներից` Արմեն Սարգսյանը, ում հավաստմամբ՝ երեխաները լիովին ազատ էին թե՛ թեմայի ընտրության, թե՛ նկարահանումների հրապարակում: «Մենք միայն տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերել, մնացյալն արել են երեխաները»,- հավելեց Ա. Սարգսյանը: Նշենք, որ «Օրինակելի քաղաքացի` հաշվետու պաշտոնյա» ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանում բրիտանական դեսպանատան կողմից, իսկ իրականացրել է «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպության գրասենյակը: Ծրագրի նպատակը քաղաքացիական ինստիտուտի ձեւավորումն է երեխաների շրջանում, նրանց ներգրավումը ժողովրդավարական գործընթացներում: