Նախկին լրագրողը «քցել» է մարդկանց

19/06/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դեռեւս մեկ տարի առաջ Երեւանի Արշակունյաց պողոտայում գտնվող Մամուլի շենքի 4-րդ հարկի 420 սենյակում (այստեղ է տեղակայված «Օրինաց Երկիր» կուսակցության գրասենյակներից մեկը) գործում էր տուրիստական մի ընկերություն` «SIA1-tour» անվամբ, որն իր չափազանց մատչելի ծառայությունների մասին մշտապես գովազդներ էր տեղադրում հայաստանյան տարբեր հեռուստաալիքներում:

Ընկերությունն առաջարկում էր, ինչպես հայկական գովազդներում է ընդունված ասել` աննախադեպ էժան գներով ամառային հանգիստն անցկացնել հատկապես Թուրքիայում եւ Վրաստանում: Բնականաբար, առաջարկը գայթակղիչ էր շատերի համար: Շատերն անմիջապես գրի են առնում տուրիստական ընկերության հեռախոսահամարը` 52-79-69, եւ զանգահարում գրասենյակ: Իսկ գրասենյակում մարդկանց զանգերին սովորաբար պատասխանում էր Մանյա անունով մի աղջիկ, ով ներկայանում էր որպես տվյալ ընկերության գործավարուհի: Հանգստի առաջարկների համար։ Մանյան հեռախոսը մշտապես փոխանցում էր «շեֆին»` Արաքսյա Մանուկյանին: Վերջինս էլ զանգահարողներին (հետագայում` զոհերին) հրավիրում էր գրասենյակ ու համակարգչով հանգամանորեն պատմում «աննախադեպ» առաջարկների մասին` նախազգուշացնելով, որ գները կարող են ավելի էժան լինել, եթե նախապես պատվիրեն, ասել է թե` «բրոնյա» անեն: «Մենք էլ մտածում էինք, որ առիթ ա` շուտ ուղեգիր վերցնենք: Ու Արաքսյան միշտ ասում էր` դե ուրեմն գումարը պիտի հիմա վճարեք»,- այս մասին պատմում են Արաքսյայի թակարդն ընկածները: Հունիսի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Արաքսյայի «զոհերի» ներկայացրած հայցն էր քննարկվում: «Բոլորիս խաբել ա: Ջահել աղջիկ էր, բարեհամբույր, պատրաստակամ: Ասում էինք` ի՞նչ լավ ա վերաբերվում մեզ, դու մի ասա՝ խաբեբայի մեկն ա»,- դատական նիստից առաջ հուզված նշում էին «SIA1-tour» տուրիստական ընկերությունից տուժածները, ովքեր տարբեր չափերի վնասներ են կրել հանցագործ խմբի կողմից: Դատարանում տուժածների պատմություններն անհավանական էին թվում` մեկից խաբեությամբ վերցրել էին 4850 դոլար, մյուսից` 4300 դոլար, երրորդից` 132.000 դրամ եւ այլն: Սա այնքան ապշեցնող չէր, որքան Արաքսյայի պրոֆեսիոնալ խաբեբա լինելն ու գումարի շորթումը մարսելու «մեթոդները»: Ոմանց պատճառաբանում էր, որ թռիչքը հետաձգվել է, մյուսներին Մամուլի շենքի մոտ անհարկի սպասեցնել էր տալիս, իսկ ոմանց էլ համոզում էր գրել` իբր ինքն արդեն վճարել է իրենց գումարը: Տարօրինակն այն էր, որ դատավարության ընթացքում հանդես եկող տուժածների պատմությունների եւ ցուցմունքների միջեւ էական տարբերություններ էին լինում, որոնք հետո հարթվում էին դատավոր Գագիկ Պողոսյանի խիստ նյարդային, չգիտես ինչու, խիստ ազդու ձայնի ներքո: «Դե, եթե ցուցմունքում էդպես եմ գրել, ուրեմն` ճիշտ է»,-վախվորած պատասխանում էին տուժածները, որոնց պատմությունների ժամանակ դատավոր Գ. Պողոսյանը ցուցադրաբար հորանջում էր: Տուժողները դատավարությունն, իրավացիորեն, նմանեցնում էին թատերական ներկայացման: Օրվա բեմադրության կուլմինացիան եղավ այն, որ տուժածների ելույթներից հետո՝ իրեն հանկարծ սկսեց վատ զգալ ամբաստանյալի պաշտպան Ռուզաննա Տեր-Վարդանյանը, ով ամբողջ դատավարության ընթացքում շատ աշխույժ եւ ակտիվ էր, ավելին՝ դատավարության ողջ ընթացքում շփվում էր իր պաշտպանյալի հետ: Պաշտպանի դրամատիկ դրվագն անհետեւանք չմնաց: Արդյունքում դատական նիստը հետաձգվեց եւ հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 30-ին: Տուրիստական այս ընկերության մեքենայությունների մասին խմբագրությանը տեղյակ էր պահել Գիտությունների դոկտոր Աշոտ Գեւորգյանը, ում ընտանիքը եւս այս ընկերության «զոհերից» է: Ա. Գեւորգյանը մեզ հետ զրույցում իր տարակուսանքն էր հայտնել նաեւ ընկերության գործունեության վայրի` «Օրինաց Երկրի» գրասենյակներից մեկում տեղակայված լինելու առնչությամբ: Ի պատասխան Ա. Գեւորգյանի կասկածների` ՕԵԿ լրատվական ծառայությունը խմբագրություն հերքման տեքստ էր ուղարկել, որում նշվում էր, թե

ՕԵԿ-ը երբեւէ վարձակալական հիմունքներով տարածքներ չի տրամադրել որեւէ գործակալության, ուր մնաց թե՝ իր հարկի տակ հովանավորի «կեղծարարների գործունեությունը»: Ի դեպ, ՕԵԿ մամուլի ծառայությունից նաեւ տեղեկացել էինք, որ ամբաստանյալ Արաքսյա Մանուկյանը նախկինում որպես լրագրող աշխատել էր ԱԼՄ եւ «Երեւան» հեռուստաալիքներում:

Ինչեւէ, դատական նիստից հետո երեկ տուժածները փորձում էին հասկանալ, թե ինչու էին խաբեբա այս ընկերության կողմից մի քանի տասնյակ տուժողներից նիստին հրավիրվել 9-ը: «Երեւի քննիչ Արտակ Ասատրյանից պիտի հարցնեք, թե էդ ինչ ձեւով ա քննել, որ տուժող մարդկանց թիվը հասել ա 9-ի: Ասեք` ինչի՞ եք վատ արել Ձեր գործը: Չնայած ի՞նչ պատասխան կարող ա տալ: Նրա գործունեության վերաբերյալ կասկածներ շատ ունենք: Էս ոնց որ ուզում են գործը ցրեն` ամենքիս մի քիչ փոխհատուցում տալով, հա՞, ու խաբեբան էլ մնալու ա անպատի՞ժ»,- դատավարությունից հետո վրդովված էին տուժողները: Իսկ դատավարության ներկաներից մեկի նյարդերն այնքան տեղի տվեցին, որ պարզապես հեռացավ դատական նիստերի դահլիճից։ «Էս դատավարությունը ուղղակի խայտառակություն ա»,- ասում էր տուժող քաղաքացին:

Հ.Գ. Դատական նիստը լուսանկարելու համար թույլտվություն խնդրեցինք դատավոր Գագիկ Պողոսյանից, ով մեզ թույլատրեց: Սակայն դատական նիստից հետո մեզ մոտեցավ ամբաստանյալի պաշտպան Ռուզաննա Տեր-Վարդանյանը, ով մինչ այդ վատառողջ էր ձեւանում, եւ փորձեց ճշտել, թե դատարանի թույլտվությունից բացի՝ ինչո՞ւ չենք նաեւ իրենց թույլտվությունը ստացել: