28-ամյա Լիաննան ամեն օր վերցնում էր ցախավելն ու մինչեւ կեսգիշեր ավլում էր քաղաքի փողոցները: «Շատերը ծաղրելով ասում էին` ամոթ չի՞, ջահել աղջիկ ես, ցախավելով փողոց ես մաքրում: Չէ՛, ասում էի, ամոթն էն կլինի, որ չաշխատեմ, ու երեխեքս սոված մնան»,- ասում է նա: Տեւական ժամանակ է` Լիաննան ամաչում է իր գործազուրկ կարգավիճակի համար: Ամաչում է երեխաներից, ինքն իրենից, որովհետեւ նախկինում Էրեբունու սանսեկտորում հավաքարար աշխատելու դիմաց ստանում էր 65.000 դրամ, իսկ հիմագ Հիմա ամուսնու ստացած 40.000 դրամով չեն հասցնում որդու մանկապարտեզի, հանրակացարանում իրենց զբաղեցրած սենյակի, կոմունալ վարձավճարները մուծել եւ հոգալ առօրյա կենսական հարցերը: Ընտանեկան նպաստի գրասենյակի աշխատակիցները համարում են, որ Լիաննայի ամուսնու աշխատավարձը բարձր է ընտանիքին նպաստառուների ցանկում ընդգրկելու համար: Որդին` 4-ամյա Արթուրը, նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունի, որի պատճառով մանկապարտեզում չէր հասցնում զուգարան գնալ` «տակն էր անում»: «Մանկապարտեզից ասեցին, որ չեն կարող պահել: Չթողեցին, որ երեխային տանեմ, ասեցին` հենց կարողանա զուգարան գնալ, նոր կբերես: Դա պատճառ դարձավ, որ գործից դուրս գամ: Երեխաներիս պահող չունեմ: Սկզբում հարեւաններիս էի խնդրում, բայց ինչքա՞ն կարայի խնդրեմ: Ստիպված կորցրեցի աշխատանքս»,- պատմում է Լիաննան` վստահեցնելով, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ Արթուրը հաճախում է մանկապարտեզ, որովհետեւ երեխան կարողանում է ճիշտ ժամանակին զուգարան գնալ եւ չանհանգստացնել մանկապարտեզի անձնակազմին: Արթուրի մոտ ծնված օրից բժիշկներն ախտորոշել են անեմիա (սակավարյունություն) հիվանդությունը, որը փոխանցվել է մորից: Լիաննան պատմում է, որ հղիության ժամանակ ծանր ժամանակաշրջան են ապրել, եւ չի կարողացել պատշաճ սնվել. «Շատ ծանր վիճակում էինք, օրերով ուտելու բան չէր լինում: Հիմա, փառք Աստծո, գոնե ամուսինս աշխատում ա: Ինձ մոտ սակավարյունություն կար, որը երեխայիս փոխանցվեց: Բժիշկներն ասում էին, որ երեխայի կյանքն ընդհատեմ, որովհետեւ ծննդաբերության ժամանակ կամ ինձ կկորցնեն, կամ երեխային: Անգամ ասում էին` կարող ա երկուսիդ կյանքն էլ հնարավոր չլինի փրկել: Չհամաձայնվեցի, ասեցի` չեմ կարա երեխա սպանեմ: Իրանք էլ էին ասում, որ Արթուրս հրաշքով ա ծնվել»: 4-ամյա Արթուրի մոտ հաճախակի ուշագնացության դեպքեր էին լինում: Երեխան կապտում, «փայտանում» եւ կորցնում էր գիտակցությունը: Արդեն մեկ տարի է, ինչ նման դեպք չի եղել, սակայն Լիաննան վախենում է, որովհետեւ` «Անընդհատ վիտամիններ էի տալիս, որ մի քիչ ուշքի գար: Հիմա, որ նեղության մեջ ենք` չեմ կարողանում: Արթուրս հիվանդ, շատ թույլ երեխա ա: Չորս անգամ թոքաբորբ ա տարել: 3 ամսական էր, կապտել, սեւացել էր, հասցրեցինք հիվանդանոց, պարզվեց` բարդացած թոքաբորբ ա»: Լիաննան ամուսնու եւ երկու երեխաների հետ ապրում է Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանում, որտեղի անտանելի պայմանների մասին բազմիցս անդրադարձել ենք: Խոնավ ու աննկարագրելի վատ պայմաններից հանրակացարանի երեխաները հաճախակի հայտնվում են հիվանդանոցներում: Հիմա Լիաննան եկել է խմբագրություն` խնդրելու, որ իր համար աշխատանք գտնելու տարբերակներ որոնենք: Սանսեկտորում աշխատանքը կորցնելուց հետո բազմիցս դիմել է տարբեր հաստատություններում, օբյեկտներում հավաքարարություն անելու խնդրանքով, սակայն մերժվել է` պատճառաբանությամբ, թե` «աշխատատեղ չունենք»: «Հիշո՞ւմ ես, մի քանի տարի առաջ մեր ընտանիքի մասին թերթում գրեցիր: Մեզ շատ-շատ օգնեցին: Ուսանողներ, անհատ մարդիկ, խմբերով գալիս էին մեր տուն, ու մենք դրանից հետո ոտքի կանգնեցինք: Հիմա եկել եմ խնդրելու, որ ձեր միջոցով մի աշխատանք գտնենք: Ախր ես շատ աշխատասեր եմ, ամեն գործ էլ կանեմ ու չեմ ամաչի, որ փողոց ավլեմ: Էդքան մարդիկ կարդում են ձեր թերթը, գուցե մեկին պետք գամ, հը՞գ Կարո՞ղ ա մեկին տան աշխատող պետք լինի: Ախր լավ մարդիկ կան մեր երկրում, ինձ թվում ա, որ կկարդան ու հնարավորության դեպքում կարձագանքեն: Գիտեմ, որ դիմեմ նախարարություն, Աշխատանքի տեղավորման գործակալություն կամ որեւէ տեղ` բանի տեղ չեն դնի: Հասկանո՞ւմ ես, ես մուրացկանություն չեմ անում, պարզապես աշխատանք եմ ուզում»,- ասում է Լիաննան ու անընդհատ խորհուրդ հարցնում, թե ո՞ւմ դիմի աշխատանք գտնելու համար: