Դիմելու են դատարան

19/06/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Արդեն իսկ հազարավոր մարդիկ միացել են «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբին, որը պայքարում է մայրաքաղաքի «Ուսանողական այգում» ընթացող կառուցապատման դեմ:

Նշենք, որ խոսքը Հայաստանի ազգային գրադարանի եւ Հայաստանի Պետական ագրարային համալսարանի միջեւ ընկած այգու մասին է, որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,17 հա: Չնայած, ըստ խմբի ակտիվիստների` նախորդ ամիս Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը խոստացել էր արգելել կառուցապատումը, սակայն օրեր անց այն կրկին վերսկսվել է: Նախաձեռնող խմբի մի քանի անդամների մասնակցությամբ երեկ Երեւանի ավագանու քաղաքաշինական եւ մշակութային հանձնաժողովների նիստում քննարկվել է նաեւ այս հարցը: Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն այս կապակցությամբ ասել է, որ Վիկտոր Համբարձումյանի արձանի հարեւանությամբ, ինչպես նաեւ Ուսանողական զբոսայգու Տերյան փողոցին հարող տարածքներում, որեւէ նոր հողահատկացում չի արվել: Նշված հատվածներում ընթանում է 1990-ական թվականներից գործող հնաոճ սրճարանների արդիականացում, որի հետեւանքով սրճարանների ծավալները նախկինի համեմատ փոքրացվել են, նվազել են բարձրությունները, ազատվել է ճեմուղին, Համբարձումյանի արձանի դիմաց ձեւավորվել է փոքրիկ հրապարակ, Աբովյան փողոցի կողմից ապահովվել է արձանի տեսանելիությունը: Նաեւ նշվել է, որ, ըստ հաստատված նախագծի, ծառահատումը բացառվում է: Նիստում նաեւ ասվել է, որ Երեւանի համար կարեւոր քաղաքաշինական ծրագրերն իրագործելու ընթացքում ծառերը չվնասելու համար առաջիկայում նոր մոտեցում է կիրառվելու, այսինքն` անհրաժեշտության դեպքում ծառերն ամբողջությամբ կտեղափոխվեն: Գ. Բեգլարյանը նաեւ ասել է, որ արտերկրից հատուկ այդ նպատակով արդեն սարքավորումներ են ներկրվել, որոնք հնարավորություն կտան ծառն ամբողջությամբ, առանց այն վնասելու տեղափոխել: Իսկ տեղափոխված ծառի փոխարեն 5 նոր ծառ կտնկվի:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբի անդամ Վահրամ Սողոմոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ, չնայած ավագանու անդամների մի մասը կառուցապատմանը դեմ են արտահայտվում, բայց ոչ մի գործնական քայլ չեն անում: Ըստ նրա, հենց նիստի ընթացքում ավագանու անդամներին եւս մեկ անգամ բաժանվել է դեռեւս հունիսի 10-ին նրանց ուղարկված նամակի պատճենները, եւ, պարզվել է, որ նրանցից շատերը նույնիսկ տեղյակ չեն խնդրին ու նամակների բովանդակությանը: Նշենք, որ նախաձեռնության անունից նամակներ էին ուղարկվել ավագանու անդամներին, որտեղ նրանցից խնդրում էին աջակցել այգում կատարվող շինարարության վերաբերյալ փաստաթղթեր ձեռք բերելու հարցում: Բացի այդ, նրանցից պահանջում էին նաեւ մշակել եւ ավագանու առաջիկա նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որի համաձայն՝ կարգելվի հետագա կառուցապատումը քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում, եւ քաղաքի զբոսայգիները կծառայեն ոչ թե մասնավոր, այլ` հանրային շահին: Վ. Սողոմոնյանն ասաց նաեւ, որ երբ ավագանու անդամներին ներկայացրել են կառուցապատմանը դեմ 20 հազար մարդկանց ստորագրությունները, ավագանու անդամներից մեկը տեղից բարձրաձայնել է. «Ամեն մի ճանճի տզզոցի համար մենք չենք կարող ստեղ ժամերով քննարկում ծավալել»:

«Մենք նրանց ասացինք, որ խոսքը գնում է հանրությանը պատկանող զբոսայգու մասին, որտեղ տեղի ունեցող շինարարություններն ապօրինի են, եւ քաղաքապետարանը դեռեւս չի ներկայացրել դրանց համար պահանջվող օրինական թույտվությունը հաստատող փաստաթղթերը: Մենք նաեւ հիշեցրեցինք, որ ավագանին հաշվետու է երեւանցիներին եւ պետք է վերահսկի քաղաքապետարանի աշխատանքը»,- ասում է Վ. Սողոմոնյանը:

Քաղաքապետ Գ. Բեգլարյանը երեկվա նիստում նախաձեռնության անդամների բողոքի կապակցությամբ ասել է, որ այդ հարցով հանդիպել է բնապահպանական հ/կ-ների հետ եւ նրանք բոլորն էլ հանդիպումից հետո շնորհակալություն են հայտնել, հեռացել, բացի վերոնշյալ նախաձեռնության անդամներից: «Իմ կարծիքով` նրանք ունեին կոնկրետ հանձնարարություն: Առայժմ չեմ կարողացել պարզել, թե ինչ քաղաքական ուժի է ավելի շահեկան այս մասին աղմուկ բարձրացնելը»,- ասել է Գ. Բեգլարյանը: Ըստ քաղաքապետի, նախաձեռնության նպատակը քաղաքապետարանի աշխատանքը վարկաբեկելն է: Նա նաեւ նշել է, որ ակցիայի կազմակերպիչները նաեւ շատ ուրախացրել են, քանի որ իր պաշտոնավարման ընթացքում դա աղմուկ բարձրացրած միակ դեպքն է, ինչն էլ նշանակում է, որ քաղաքապետարանն անթերի է աշխատում: Այժմ «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնող խմբի անդամները դատական կոլեկտիվ հայց են պատրաստում` ընդդեմ քաղաքապետարանի: Տեղեկացանք նաեւ, որ հայցին արդեն միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ նաեւ տասնյակ մտավորականներ: Հայցին միացել է նաեւ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: «Երեւանի քաղաքային իշխանությունը, արհամարհելով երեւանցիների բողոքի ձայնն ընդդեմ «Ուսանողական այգում» 2 շինօբյեկտների կառուցմանը, մինչ օրս որեւէ քայլ չի ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ: Երեւանի քաղաքապետարանը չի տրամադրում շինարարության թույլտվություններն ու մյուս փաստաթղթերը, եւ միտում կա ամեն գնով հնարավոր դարձնել այգու բարբարոսական ոչնչացումը: Մեր նախաձեռնությունը հետեւողական կերպով կօգտագործի բոլոր իրավական քայլերն ու հասարակական բողոքի միջոցները հանրային զբոսայգին Երեւանի բնակիչներին վերադարձնելու օրինական պահանջի բավարարմանը հասնելու համար»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ: