Հունիսի 17-ին, ժամը 14:00-ից մինչեւ 14:30-ը տեղացած ուժեղ կարկուտից վնասվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 30 հա կարտոֆիլի, 30 հա կաղամբի, 60 հա ցորենի եւ գարու ցանքատարածքները:
Նույն օրը, ժամը 15:40-ից մինչեւ 15:55-ը ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ հատվածում: Ժամը 19:30-ից մինչեւ 19:45-ը ուժեղ կարկուտ է տեղացել Վայոց Ձորի մարզի Արենի եւ Աղավնաձոր համայնքներում: Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ: Իսկ Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով վարարել է Տանձուտ գետի վտակը, խցանվել է Շահումյանի գյուղամիջյան ջրատարը, ափերից դուրս եկած ջուրը ողողել է մոտակա ցանքատարածքները:
Ժամը 21:30-ին գյուղապետարանի ուժերով ջրատարի խցանումը բացվել է, իսկ վտակի հունը` վերականգնվել: