Միջոց վտանգավոր վարակների դեմ

19/06/2010

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենսաքիմիայի ինստիտուտում ակադեմիկոս Արմեն Գալոյանի ղեկավարած գիտական խմբի կողմից ուղեղի հիպոթալամուսից առանձնացվել է պեպտիդ PRP-1-ը: Դրա յուրահատուկ պաշտպանիչ հատկությունները հետաքրքրել են Պաստերի ինստիտուտի (Ֆրանսիա) հետազոտողներին: PRP-1-ը պատկանում է ոսկրածուծի ցողունային բջիջների խթանիչ պեպտիդների խմբին:

Պաստերի ինստիտուտում Անդրանիկ Դուրգարյանի (ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտ) մասնակցությամբ վերարտադրվել են Երեւանում անցկացված հետազոտությունների արդյունքները: Ամենավտանգավոր վարակներից մեկով` Staphylococcus aureus-ով վարակված մկների խումբը, որին ներարկվել էր ընդամենը 1 միկրոգրամ պեպտիդ, մնացել է կենդանի այն դեպքում, երբ կոնտրոլ խումբն ամբողջությամբ մահացել է: Պաստերի ինստիտուտի «Ցիտոկինեզ եւ բորբոքում» բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ժանա-Մարկա Կավալյոնի նամակում նշվում է. «Այս արդյունքները շատ տպավորիչ են»: Նա պատրաստակամություն է հայտնել հետագա համատեղ հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ:

Ակադեմիկոս Գալոյանը համարում է, որ պոլիպեպտիդների այս խումբը եզակի է նախ եւ առաջ նրանով, որ այն սպեցիֆիկ չէ որեւէ մեկ վարակի հանդեպ, այլ ընդունակ է ոչնչացնել ախտածին վարակների տարբեր տեսակներ, այդ թվում` սիբիրախտի մանրէները, հոսպիտալներում տարածված ստաֆիլակոկի մահացու վտանգավոր հակաբիոտիկ կայուն տեսակները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Հայաստանի եւ ԱՄՆ-ի բազմաթիվ հեղինակավոր գիտական ամսագրերում: