Համեղ ու օգտակար բալը
Բալը շատ արժեքավոր դիետիկ միրգ է, իսկ դեղագործության մեջ բալի օշարակը հաճախ օգտագործվում է դեղորայքի համը լավացնելու համար:
Որպես դեղամիջոց, հաճախ օգտագործվում է բալենու չորացած հյութը (սոսնձանման նյութ): Այն օգնում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքմանը:
Բալի չորացրած պտուղներից պատրաստված հյութը օգնում է հազի եւ քրոնիկական բրոնխիտի ժամանակ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել բալի չորացրած պտուղներից 1 գդալ, դրանք մանրացնել ու վրան լցնել 1 բաժակ եռջուր` թողնելով 20-30 րոպե: Հետո քամել ու խմել օրը մի քանի անգամ:
Ժողովրդական բժշկության մեջ, բացի բալի պտուղներից, օգտագործվում են նաեւ բալի ճյուղերը, տերեւներն ու պոչերը: Օրինակ` բալի ճյուղերից պատրաստված թուրմը թեթեւացնում է անգինայով ու լնդերի բորբոքումով հիվանդների վիճակը: 1 ճաշի գդալ բալենու մատղաշ ճյուղերից մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռջուր ու 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Քամել ու թողնել, որպեսզի սառի, այնուհետեւ օրը մի քանի անգամ ողողել բերանն այս հեղուկով:
Բալի թարմ պտուղները շատ լավ օգնում են նաեւ աղիների գալարակծկումներին` թեթեւացնելով դրանց պատճառած սարսափելի ցավը: Բացի այդ, այն նաեւ օգտակար է թրոմբոֆլեբիտ հիվանդության դեպքում: Բալի պարունակության մեջ եղած կումարինը եւ օքսիկումարինը նպաստում են արյան մակարդելիության նորմալացմանը: Այս հիվանդության համար գերադասելի է օգտագործել բալի «Գրիոտ հաղթանակ» եւ «Տափաստանային» տեսակները: Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում օրվա մեջ 200գ բալ ուտել: Իսկ անեմիայի ու ցածր հեմոգլոբինի դեպքում այն իսկական դարման է: Բալի հյութն օգտագործվում է նաեւ որպես ջերմիջեցնող միջոց, քանի որ այն հակաբորբոքային նշանակություն ունի:
Կանանց մոտ դաշտանային արյունահոսությունների դեպքում բալի պոչերի թուրմը կարելի է համարել որպես առաջին բուժօգնություն: Բալի 1 ճաշի գդալ պոչերի վրա լցնել 1 բաժակ եռջուր, 5 րոպե թողնել թույլ կրակի վրա, ապա քամել: Ստացված թուրմը խմել ուտելուց առաջ կամ հետո, օրը 3-4 անգամ` բաժակի 1/3-ի չափով: Արդյունքը շատ արագ է զգացվում:
Եվ, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում թարմ բալ ունենաք, խորհուրդ է տրվում այն պահպանել ապակե տարայի մեջ: Սկզբից դարսել բալի տերեւները, ապա վրայից բալի պտուղները, հետո նորից մի շարքով դարսել տերեւները, կրկին` պտուղները, մինչեւ որ տարան կլցվի: Ապակե տարան տեղադրեք մութ ու սառը տեղում. արդյունքում` թարմ բալը կարող եք պահպանել մինչեւ ձմեռ:
Հեպատիտի դեպքում եւս խորհուրդ է տրվում բալի տերեւներից պատրաստված թուրմ օգտագործել: Այն պատրաստվում է հետեւյալ կերպ. 10գ չորացրած- մանրացրած տերեւների վրա ավելացնել 1 բաժակ կաթ եւ թույլ կրակի վրա եռացնել մոտ 30 րոպե: Այնուհետեւ քամել եւ խմել օրը 3 անգամ` բաժակի 1/3-ից:
Բալենու կեղեւի թուրմը ձկնային թունավորումների դեպքում կարելի է օգտագործել որպես հակաթույն: 0,5 լիտր ջուրը հասցնում եք եռման ջերմաստիճանի, ապա ջրի մեջ լցնում եք 1 թեյի գդալ բալենու կեղեւ, թարմ քերած կոճապղպեղի արմատ եւ մանր կտրատած բերմուդյան սոխ: Այս ամենը ծածկել կափարիչով ու մարմանդ կրակի վրա թողնել 7 րոպե: Կրակի վրայից վերցնելով` թրմում եք եւս 20 րոպե, այնուհետեւ գոլ վիճակում խմում եք ամբողջ թուրմը:
Ժողովրդական բժշկության մեջ բալի հյութով եւ կաթով բուժում են հոդերի բորբոքումը, իսկ բալի մեջ պարունակվող մեծ քանակությամբ սալիցիլաթթուն օգնում է հանգստացնել ռեւմատիկ ցավերը:
Բալի պտուղներն իրենց մեջ պեկտինային նյութեր են պարունակում, ինչը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի լավացմանը:
Բալենու կեղեւից եւ ընկույզի միջնորմներից պատրաստված թուրմը շատ լավ է վահանագեղձին: Այս երկուսի վրա ավելացնել եռջուր, այնքան, որ այս զանգվածը ծածկվի: Թուրմի տարան 3 շաբաթ պահել մութ տեղում: 3 շաբաթ հետո, 1 ամիս շարունակ, ուտելուց 15 րոպե առաջ` օրը 3 անգամ, 1 ճաշի գդալից խմել այս հեղուկից:
Բալից նաեւ շատ համեղ լիկյոր են պատրաստում: Ապակե տարայի մեջ լցնել 1 կգ կորիզներով բալը, ավելացնել 400գ շաքարավազ եւ խառնել, լավ թափ տալ ու 3-4 օր պահել արեւի տակ: Ստացված զանգվածին ավելացնել 0,5 լիտր սովորական օղի, պահել 1,5 ամիս, քամել եւ օգտագործել:
Իհարկե, բալը շատ օգտակար է առողջությանը, բայց բալի կորիզների եւ սերմերի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է նաեւ թունավորում առաջացնել, քանի որ այն գլիկոզիդ ամիգդալին (0,85 տոկոս) է պարունակում, որը աղիներում եղած որոշակի բակտերիաների հետ կարող է վերածվել կապտաթթվի: