Պետության հաշվին

17/06/2010

Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը օդի տուրքի հսկայական պարտք է կուտակել: Ընկերությունը պետբյուջե չի փոխանցել ավիատոմսերի գնի մեջ ներառված օդի տուրքի 10 հազարական դրամները, ինչի հետեւանքով, ըստ լավատեղյակ աղբյուրների` «Արմավիան» ավելի քան 1 միլիարդ դրամի պարտք է կուտակել: Այս առնչությամբ պարզաբանում ստանալու համար մեր թղթակիցը դիմել էր «Արմավիային» եւ Պետեկամուտների կոմիտեին: ՊԵԿ-ից այդպես էլ որեւէ կերպ չեն մեկնաբանել այս տեղեկությունը, իսկ «Արմավիայի» լրատվական ծառայության ղեկավարին ավելի շատ հետաքրքրել է, թե որտեղից է թերթը տեղեկացել այդ մասին: «Հետաքրքիր է, որտեղի՞ց է ձեզ նման ինֆորմացիա, եթե եռամսյակը դեռեւս չի ավարտվել: Իսկ պետբյուջեի մուտքերը հաշվարկվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո: Այսինքն` հիմա դուք չէիք կարող նման տեղեկություն ունենալ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Արմավիայի» մամուլի ծառայության ղեկավար Նանա Ավետիսովան` այդպես էլ չպատասխանելով հարցին: Նա ընդամենն ասել է, թե այդ պարտքերի մասին տեղեկատվությունը «ոչ հավաստի ինֆորմացիայի արտահոսք է»: Նշենք սակայն, որ այս տեղեկությունը հավաստի է, ավելին, նույնիսկ տեսակետ կա, թե «Արմավիան» այդ գումարը պարզապես շրջանառության մեջ է դնում այլ ոլորտներում: