«Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հումորով է
վերաբերվում այն մարդկանց եւ նրանց տված գնահատականներին, ովքեր
հայտարարում են, թե Կենտրոն համայնքի թեկնածու, դաշինքի վարչության անդամ
Ռուզան Խաչատրյանի պարտությունն «Արդարություն» դաշինքի պարտությունն էր:
«2003թ. ԱԺ ընտրություններում «Արդարություն» դաշինքը Կենտրոն համայնքում
գրավել է երկրորդ տեղը: Իսկ այն մարդիկ, ովքեր նման գնահատականներ են
տալիս, իրենց շքամուտքում չեն կարող ընդհանրապես ձայն հավաքել»,-
հայտարարեց Վ. Դալլաքյանը: Փաստորեն, ըստ Վ. Դալլաքյանի, իր շքամուտքում
չի կարող ձայն հավաքել ոչ միայն Գալուստ Սահակյանը, այլեւ Մանուկ
Գասպարյանը, որի թեկնածուն Քանաքեռ-Զեյթուն համայնքում սեպտեմբերի 18-ին
համարյա հաղթանակ տարավ:
«Ես կանխատեսել էի, որ Ռուզան Խաչատրյանը չի ընտրվելու: Այդպես էլ եղավ,-
ասում է Մանուկ Գասպարյանը,- Հայաստանում ժողովուրդը, որպես տնտեսության
ղեկավար, զիբիլ հավաքող` կինարմատի չի տեսնում: Իսկ ինչ վերաբերում է
քաղաքական ղեկավար լինելուն, ապա նույնիսկ դաշինքի անդամ
կուսակցությունները, որոնք հայտարարություն արեցին, թե աջակցելու են նրան,
չաջակցեցին: Ռուզան Խաչատրյանի հետ նույնիսկ նրա կուսակցության լիդերը ոչ
մի անգամ ժողովրդի հետ հանդիպման չգնաց: Այդ աղջկան չպաշտպանեց անգամ իր
լիդերը, ինչի՞ մասին է խոսքը: Հայտարարություն անելը լավ բան է, բայց պետք
է գործով էլ նույնն անեն: Օրինակ, ես Քանաքեռ-Զեյթունում պաշտպանում էի
Արայիկ Քոթանջյանին ու բոլոր հանդիպումների ժամանակ` առանց
բացառությունների, օրը չորս անգամ գնում ու հանդիպում էի ժողովրդի հետ:
Այսինքն` այդ ընտրությունները կա՛մ իրենց պետք չէին, կա՛մ էլ հույս
չունեին, որ կընտրվի: Ուղղակի դա երեւի իրենց համար ակցիա էր, կատարեցին,
եւ լուրջ մարդիկ Ռուզան Խաչատրյանին չբացատրեցին, որ ավելորդ է այդ դաշտ
մտնելը: Եթե նա մտել էր ճանաչողություն ձեռք բերելու համար` այլ խնդիր է:
Իսկ եթե մտել էր հաղթելու համար, ապա էն գլխից էլ պարզ էր, որ նա
պարտվելու է: Եվ երեւի իր մրցակիցն ուրախ էր, որ իր դեմ թեկնածու կար, եւ
ինքը մենակ չմնաց»:
Ռուզան Խաչատրյանը մեծ կարեւորություն էր տալիս քարոզարշավի վերջին օրը
Մատենադարանի մոտ Կենտրոնի բնակիչների հետ հանդիպմանը, որին, ըստ Ռ.
Խաչատրյանի, պետք է մասնակցեին իր թեկնածությունն առաջադրող
«Արդարություն» դաշինքի անդամ կուսակցությունների առաջնորդները, այդ
թվում` Ստեփան Դեմիրճյանը, ովքեր մինչ այդ որեւէ անգամ նրա քարոզարշավին
չէին մասնակցել: Սակայն այդտեղ էլ նրանք որեւէ աջակցություն
չցուցաբերեցին: Վ. Դալլաքյանն արդարացի չի համարում դաշինքի առաջնորդների
հասցեին հնչած այն մեղադրանքները, թե նրանք` Ստեփան Դեմիրճյանի
առաջնորդությամբ, պարտավոր էին այդ օրը կանգնել Ռուզան Խաչատրյանի կողքին:
«Ես որեւէ պրոբլեմ չեմ տեսնում, երբ այդ հանդիպմանը մասնակցել է ոչ թե
անձամբ դաշինքի լիդերը, այլ որոշ պատգամավորներ: Օրինակ, Թաթուլ
Մանասերյանը եւ Շավարշ Քոչարյանը մասնակցել են»: Իսկ «Հանրապետություն»
կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մեզ հետ
զրույցում նշեց, որ Արամ Սարգսյանն ու իրենց կուսակցության մյուս
ներկայացուցիչներն այդ հանդիպումից բացակայել են զուտ տեխնիկական
պատճառներով, քանի որ իրենք արտահերթ համագումարի նախապատրաստական
աշխատանքներ են տանում եւ այդ օրն Արտաշատում տարածքային կազմակերպության
հիմնադիր ժողով պետք է անցկացնեին: «Նախապես կազմված էր մեր
գործողությունների ժամանակացույցը, ըստ որի` մենք այդ օրը պետք է լինեինք
Արտաշատում, եւ այն չէինք կարող հետաձգել: Իսկ ինչ վերաբերում է այդ
հանդիպմանը, ապա դրա մասին մենք իմացել ենք մեր ժամանակացույցը կազմելուց
շատ ավելի ուշ»: Իսկ ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե դաշինքը Ռ.
Խաչատրյանին դարձրեց քավության նոխազ, սատարելու խոստումներ տվեց ու
«քցեց» եւ այլն, Ս. Սուրենյանցն այսպես արձագանքեց. «Ես չեմ համարում, որ
մենք մարդուն քավության նոխազ դարձնելու կամ «քցելու» խնդիր ենք ունեցել:
Բացարձակապես նման խնդիր չկա: Բազմիցս բոլոր առիթներով` նաեւ
հրապարակային, հայտարարել էինք, որ այս հարցում պաշտպանում ենք դաշինքի
մոտեցումը: Իսկ ինչ վերաբերում է արձանագրված արդյունքներին, ապա դրանք
իսկապես ընդդիմության մոտ լուրջ քննարկումների, վերլուծությունների նյութ
պետք է դառնան: Այսինքն` ես չեմ համարում, որ այդ ընտրությանը մենք պետք է
մոտենանք այն տեսանկյունից, որ ամբողջ պատասխանատվությունը միայն Ռուզան
Խաչատրյանինն է կամ որեւէ մեկինը: Տգեղ երեւույթներ են գրանցվել
ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ` կեղծարարության նոր տեխնոլոգիաներ
են կիրառվել եւ հետագայում դրանց դեմն առնելու համար ընդդիմությունը լուրջ
քննարկումների անհրաժեշտություն ունի»: Սուրենյանցը նաեւ հավելեց, թե այս
ընտրություններով իշխանությունները հերթական անգամ արձանագրեցին, որ իրենք
ընդհանրապես անկարող են ընտրություններ անցկացնել, որովհետեւ այն, ինչ
տեղի ունեցավ Կենտրոնում` հնարավոր չէ ընտրություն անվանել: «Ինձ համար
ակնհայտ է, որ Կենտրոն համայնքում իշխանությունները պատասխանատու
նշանակեցին ապագա հանրաքվեի համար: Տպավորությունս այնպիսին է, որ
իշխանությունները համայնքները բաժանել են զոնաների եւ առաջիկա հանրաքվեի
նախապատրաստական աշխատանքների համար նշանակում են զոնա նայողների: Այնպես
որ` այս ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին «Հանրապետություն»
կուսակցության այն պնդումը, որ իշխանություններն, ըստ էության, փակել են
քաղաքական պայքարի այն ձեւը, որը կոչվում է ընտրություն, եւ երկրի առջեւ
ծառացած համապարփակ ճգնաժամը հաղթահարելու միակ ուղին դեմոկրատական
հեղափոխությունն է»,- «Հանրապետության» տեսակետը վերահաստատեց Ս.
Սուրենյանցը:
Մեր հիշեցմանը, թե Ռուզան Խաչատրյանը բազմիցս հայտարարել է, որ իր նպատակը
ոչ թե թաղապետի պաշտոնն է, այլ` ընդդիմության գործողությունների սկիզբ
դնելը, Ս. Սուրենյանցը պատասխանեց. «Միայն կարող եմ ասել այն, որ
ընդդիմությունը կարող էր ավելի ակտիվ աշխատել: Կան բազմաթիվ խնդիրներ,
որոնք պետք է քննարկենք ու հետեւություններ անենք: Ընդհանրապես ՏԻՄ
ընտրություններում ընդդիմությունը կարող էր ավելի ակտիվ լինել: Պետք էր
ՏԻՄ ընտրություններն օգտագործել մաշեցնելու համար իշխանության
ռեսուրսները»: Իսկ «Ազգային Միաբանություն» խմբակցության քարտուղար
Ալեքսան Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կենտրոն համայնքում
ավագանու թեկնածու Վիլեն Արեւշատյանը, որն իրենց կուսակցության
երիտասարդական թեւի ներկայացուցիչներից է, նախնական տվյալներով առաջին
տեղն է զբաղեցնում, եւ նրա հավաքած ձայները Ռ. Խաչատրյանի հավաքած
ձայներից պակաս են ընդամենը 1000-ով: