Ադամ Շիֆի կոչը

17/06/2010

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը շրջանառության մեջ է դրել գործընկերներին ուղղված մի նամակ, որով կոչ է անում ստորագրել եւ աջակցություն հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւին: «Միացյալ Նահանգները շատ երկար ժամանակ է տուրք տվել Թուրքիայի սպառնալիքներին եւ ձախողել Ցեղասպանության զոհերին ճանաչելու ջանքերը: Տեւական ժամանակ զոհերին հիշատակելու եւ հարգանքի տուրք մատուցելու մեր բարոյական պարտքը տեղի է տվել երկկողմ հարաբերությունները պահպանելու նկատառումներին: Տարիներ շարունակ Ցեղասպանության ճանաչման աջակիցները լսել են նույն պնդումները, թե այժմ դրա ժամանակը չէ»,- գրել է Ադամ Շիֆը: «Ճիշտ հակառակը` այժմ, երբ Թուրքիան աջակցում է Իրանին, ինչո՞ւ պաշտպանել նրանց Ցեղասպանությունը ժխտելու հարցում»,- գրել է նա` թվարկելով վերջին շրջանում Անկարայի ձեռնարկած մի շարք նախաձեռնություններ եւս, որոնք հակասում են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը: «Արդյո՞ք մենք պետք է շարունակենք վիրավորել զոհերի հիշատակը՝ կեղծ բարեկամին հանգստացնելու համար: Այժմ եկել է ժամանակը վերահաստատելու մեր բարոյական պարտքը` որպես Ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ, եւ հարգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն անմեղ մարդկանց, կանանց ու երեխաների հիշատակին»: