Չնայած հերթական խորհրդարանական ընտրություններին դեռ մոտ երկու տարի ժամանակ կա, սակայն հատկապես իշխանություններն արդեն ինտենսիվորեն պատրաստվում են դրանց. բացառված չէ, իհարկե, նաեւ` արտահերթ զարգացումներին պատրաստ լինելու անհրաժեշտությունից ելնելով: Ավելին, իշխանությունները ոչ միայն պատրաստվում են ընտրություններին` համապատասխան լծակներն ու կառույցները կոորդինացնելով, այլեւ իշխանական շրջանակներում նույնիսկ արդեն խոսում են ապագա խորհրդարանի նախնական «քարտեզի» մասին, որը մշակվել է ՀՀԿ-ականների կողմից: Ըստ այդմ, այսօր ըստ էության միանձնյա իշխանություն ունեցող ՀՀԿ-ականները նախատեսում են, որ հաջորդ ԱԺ-ում ավելի քիչ տեղեր կունենան կոալիցիոն ներկայիս եւ նախկին գործընկերները` ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ «Օրինաց Երկիրն» ընդհանրապես չի մտնի խորհրդարան: Նույն ճակատագիրը, ըստ որոշ հանրապետականների «գծած քարտեզի», սպասվում է նաեւ «Ժառանգությանը», որը, թեեւ իշխանության համար միանգամայն ձեռնտու ընդդիմադիր ուժ է, սակայն նախորդ ընտրություններից հետո զգալիորեն հեղինակազրկվել է հասարակության շրջանում: Եվ ահա, իշխանական շրջանակներում մտածում են, որ «Ժառանգության» տեղը կարող է լրացնել Հայ Ազգային կոնգրեսը, որը, չնայած հրապարակային գործողություններով դեռեւս հանդես է գալիս «արմատական ընդդիմության» դիրքերից, սակայն ֆունկցիոնալ առումով խորհրդարանում ավելի լավ կարող է կատարել այն դերը, որը գործող ԱԺ-ում կատարում է «Ժառանգությունը»: Իհարկե, սրանք դեռեւս ընդամենը նախնական վարկածներ են, որոնք կարող են փոփոխության ենթարկվել իրադարձությունների զարգացման այս կամ այն ընթացքի դեպքում: Իսկ իշխանությունների կողմից արդեն այսօր նման սցենարներ մշակելու «հանդգնությունը» պայմանավորված է ներկայիս քաղաքական իրավիճակով, որը, չնայած արտաքին դրսեւորումներին, իրականում խաղաղ է` առավել քան երբեւէ: