Հունիսի 21-ին մեկնարկող ԵԽ ԽՎ նիստի ժամանակ Հայաստանի հարցը, որպես այդպիսին, թեեւ չի քննարկվելու, բայց, այնուամենայնիվ, մեր խնդիրներին անդրադարձ լինելու է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽ ԽՎ-ում քննարկվելու է մոնիտորինգի ռեժիմում գտնվող երկրների մասին մի զեկույց: Հայաստանը` որպես ԵԽ համեմատաբար նոր անդամ երկիր, նույնպես դեռ մոնիտորինգի ռեժիմում է: Թեեւ նոր անդամ լինելն այս դեպքում այնքան էլ էական չէ, որովհետեւ, ասենք, մերձբալթյան երկրներն ավելի շուտ են զարգացրել իրենց ժողովրդավարական ինստիտուտներն ու շուտ են դուրս եկել այդ ռեժիմից:
ԵԽ ԽՎ-ն պարբերաբար բանաձեւեր ու դրանց կից տեղեկատվական զեկույցներ է պատրաստում դեռեւս մոնիտորինգի տակ գտնվող երկրների, այդ թվում եւ՝ ՀՀ-ի մասին: Այս զեկույցում Սերբիայի, Չեռնոգորիայի, Մոնակոյի, Մոլդովայի, Բոսնիա Հերցեգովինայի հետ միասին դիտարկումներ կան նաեւ Ռուսաստանի ու հարավկովկասյան երեք հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասին: Զեկույցը պատրաստել է ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը, եւ զեկուցող է նշանակվել հանձնաժողովի նախագահ Դիք Մարտինին, ով Շվեյցարիայի ներկայացուցիչն է: Զեկույցը պատրաստված է 2009թ. հունիսից մինչեւ 2010թ. հունիսն ընկած ժամանակաշրջանի դիտարկումների հիման վրա: Այդ փաստաթղթի նպատակն է՝ ներկայացնել, թե այդ երկրներում ինչ զարգացումներ են արձանագրվել ժողովրդավարությանն առնչվող հարցերում: Զեկույցը կքննարկվի հունիսի 23-ին:
Եվ այսպես, այդ փաստաթղթում նշված է, որ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական անվստահությունը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ խորացել է: Թեկնածուների նախընտրական քարոզարշավների անհավասար պայմանները, դրան հաջորդած ընտրության, ընտրախախտումների բողոքարկման ու ձայների հաշվարկի նկատմամբ եղած անվստահության հանգեցրած քաղաքական ճգնաժամը գերակա է եղել նաեւ վերջին մեկ տարվա ընթացքում: Եվ զեկույցում կարեւորվել են Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները: Նշված է, որ այդ բարեփոխումները մեծ նշանակություն ունեն ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության վերականգնման համար: Հատուկ շեշտված է, որ վերը նշված երկրներում քաղաքական ուժերի միջեւ չկա երկխոսություն: Մի քանի երկրներում, այդ թվում եւ՝
ՀՀ-ում, խորհրդարանում ներկայացված են հիմնականում մի քանի կուսակցություններ: Իսկ հասարակության տրամադրությունները ներկայացնող ընդդիմադիր ուժերը ներկայացված չեն կամ շատ քիչ են ներկայացված օրենսդիր մարմնում: Նման երկրներից են ՀՀ-ն, ՌԴ-ն, Ադրբեջանն ու Վրաստանը: «Ընտրական պրոցեսների թերությունների հետեւանքով Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ընդդիմությունը գործում է հիմնականում խորհրդարանից դուրս»,- նշված է այդ փաստաթղթում, որի հիմնական եզրակացությունն այն է, թե այս երկրների խորհրդարաններում ընդդիմությանն ընդգրկելու համար անհրաժեշտ են ընտրական համակարգի բարեփոխումներ:
Զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում նշված է նաեւ, որ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածը իշխանությունները կարող են օգտագործել ընտրական համակարգը բարեփոխելու համար: Անդրադարձ կա նաեւ ԶԼՄ-ների գործունեությանը: Նշված է, որ ՌԴ-ում ու ՀՀ-ում էլեկտրոնային լրատվամիջոցները կենտրոնացված են եւ գտնվում են օլիգարխների վերահսկողության տակ: Ադրբեջանում կան լրագրողներին բանտարկելու, իսկ ՀՀ-ում՝ բռնության ենթարկելու դեպքեր: Կարեւորվել է նաեւ հանգամանքը, որ ՀՀ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդարանների վերահսկողությունն իրենց գործադիր մարմինների նկատմամբ ուժեղացվի:
ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամ Զարուհի Փոստանջյանն, ամենայն հավանականությամբ, այս անգամ հիմնական կազմի հետ կմեկնի Ստրասբուրգ: Պատգամավորը երեկ մեզ հետ զրույցում «շատ մեղմ» գնահատեց Հայաստանի նկատմամբ Մոնիտորինգի հանձնաժողովի այս փաստաթղթի գնահատականները: Նա թեեւ դրական համարեց ընտրական համակարգի բարեփոխմանն ուղղված հորդորը, բայց մեր երկրի դեպքում դա բավարար չհամարեց ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար: Հատկապես, երբ ԵԽ ԽՎ-ն ընտրական համակարգի բարելավում ասելով՝ այս դեպքում նկատի է ունեցել միայն ընտրական օրենսդրության բարեփոխումը: Մեր այն հարցին, թե օրենսգրքի բարեփոխումն արդյո՞ք բավարար է, որ ՀՀ-ում ընտրական համակարգը բարելավվի եւ վստահություն ներշնչի, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսպես պատասխանեց. «Մենք յուրաքանչյուրս պետք է աշխատենք ընտրական համակարգի բարելավման համար»:
Հիշեցնենք, որ Դ.Հարությունյանն այս ընթացքում շարունակ բարեփոխում է ՀՀ ընտրական օրենսգիրքը: Պատգամավորը չհամաձայնեց էլեկտրոնային ԶԼՄ-ների նկատմամբ օլիգարխների ունեցած վերահսկողության մասին դրույթին եւ ասաց, թե դա վրիպակ է: «Ես կարծում եմ, որ նախ պետք է բացահայտել 2008թ. ողբերգական դեպքերն եւ դրա հետեւանքները: Եթե այս խնդիրներին լուծում չտանք, չունենանք պատժելի մեխանիզմ, ապա որքան էլ բարեփոխվի ընտրական օրենսգիրքը, մենք առաջ չենք շարժվի: Նախ պետք է բացահայտեն մարտի 1-ի 10 զոհերի իրական մեղավորներին: Մինչեւ չպատժվեն 10 զոհերի հեղինակներն ու անմեղ մարդկանց դատապարտողները, նման բարեփոխումներով մենք առաջ չենք շարժվի»,- իր հերթին ասաց Զ.Փոստանջյանը` ավելացնելով, թե իր այս դիտարկումները կներկայացնի նաեւ ԵԽ ԽՎ-ին:
Պատգամավորը նաեւ հարկ համարեց շեշտել, թե ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանում փակվել են «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները, այնքան է սրվել ընտրությունները կեղծելու միտումը, որ 2008թ. ընտրություններից հետո ունեցանք 10 զոհեր: «Այսինքն` ժողովրդավարական ինստիտուտները զարգանալու փոխարեն հետընթաց են ապրել: Դրա համար էլ ԵԽ ԽՎ-ում շրջանառության մեջ է դրված մի զեկույց, որով նոր անդամ երկրներն իրենց խորը հիասթափությունն են արտահայտում ԵԽ երկակի ստանդարտների նկատմամբ»,- ասում է Զ.Փոստանջյանը: