Թերեւս միայն ջերմաստիճանի տեսակետից թեժ ամառվանից հետո աշնանը Հայաստանի քաղաքական ուժերն անցնելու են նախընտրական գործընթացների արդեն բացահայտ փուլին: 2012թ. գարնանը տեղի են ունենալու խորհրդարանական հերթական ընտրությունները, եւ ցանկալի արդյունք ապահովելու համար կուսակցությունները պետք է ունեցած ուժերն ու հնարավորությունները գործի դնեն արդեն առաջիկայում:
Այդ առումով ավելի գործնական կլինի հավանաբար իշխող «Հանրապետական» կուսակցությունը, ու հաջորդ իշխանական քարտեզը գծելու բախտն էլ նրան է պատկանում: Համենայնդեպս, այսօրվա դրությամբ: Հասարակության կողմից ունեցած վերաբերմունքից անկախ` իշխանական մյուս ուժերը ընտրություններում արդյունք ունենալու համար պետք է բանակցեն ՀՀԿ ղեկավարների հետ: Եվ գոյություն ունեցող իրավիճակից ելնելով` կարծիք կա, որ ՀՀԿ-ն, ավելի ճիշտ, այդ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն է առայժմ որոշելու, թե որ կուսակցությունը քանի տոկոս պետք է ստանա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իհարկե, նույնիսկ Հայաստանի նման ավտորիտար ու ընտրությունների նկատմամբ խորը անվստահություն ունեցող երկրում չի կարելի բացառել իրավիճակի այլ զարգացում: Ասենք, արտահերթ համապետական ընտրությունների հավանականությունը կամ հերթական ընտրությունների դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ ՀՀԿ-ի ու Ս.Սարգսյանի վերահսկողությունից: Ինչպես արդեն դուրս էր գալիս 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
Բայց քանի դեռ հասարակությունն ակտիվ չէ թե արտահերթ, թե հերթական ընտրությունների նկատմամբ, ՀՀԿ-ն իր ղեկավարների հետ գծում է հաջորդ խորհրդարանի քարտեզը: Իշխանական կուլիսներում ընտրական քննարկումների շրջանակում տեսակետներ են շրջանառվում, թե ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է իր դիրքերը պահելու համար: ՀՀԿ-ն խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն` ի սկզբանե 63 պատգամավոր էին, իսկ անցած աշնանը եւս 4 անկախ պատգամավորներ դարձան այդ խմբակցության փաստացի անդամները: Այսինքն` առաջիկա ընտրությունների ժամանակ իշխող այս կուսակցությունը պետք է փորձի պահել այս թվերը, հատկապես, երբ վարչական գրեթե ողջ լծակներն իր ձեռքում են: Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի 913 համայնքներից 566-ի ղեկավարները ՀՀԿ անդամներ են, իսկ 203-ը` անկուսակցական են: Այս երկրորդ խմբի ծանրակշիռ մասին կարելի է միացնել ՀՀԿ-ին: Ընդ որում, 48 քաղաքներից 33-ի քաղաքապետերն այս կուսակցության անդամ են: Իսկ Հայաստանում, ինչպես փորձն է ցույց տվել, ընտրությունների արդյունքները որոշվում են ոչ թե ժողովրդի կամքով, այլ համայնքներում վարչական այս լծակների գործադրման արդյունքում:
Եվ նման հնարավորություններ ունեցող ՀՀԿ ղեկավարները նախնական քարտեզ են կազմել, ըստ որի՝ իրենց հետ միասին խորհրդարան կարող է մտնել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այս խմբակցությունը խորհրդարանում ուներ 26 պատգամավոր, որին ավելացան եւս երեքը: Սակայն ՀՀԿ-ն որոշել է, որ ԲՀԿ-ն հաջորդ խորհրդարանում ավելի քիչ տեղ է ունենալու: Այս կուսակցության պատգամավորները մասնավոր զրույցներում ասում են, թե 2007-ի ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահը, դրա համար էլ իր ստեղծած ԲՀԿ-ին այդքան տեղ ապահովեց: Ըստ ՀՀԿ-ականների շրջանում քննարկվող վարկածների, Ս.Սարգսյանը կփորձի կիսով չափ կրճատել այդ թիվը: Բացի այդ, ՀՀԿ պատգամավորները խոսում են, որ ԲՀԿ-ն չի պահպանել քաղաքական կոռեկտությունը, եւ առաջինն ինքն է անկախ պատգամավորներից երկուսին դարձրել իր խմբակցության անդամներ: Իշխանական մյուս՝ «Օրինաց Երկիր» կուսակցությունը, թերեւս, հաջորդ խորհրդարանում չի լինի: Վերջերս նման ակնարկ էր արել նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: ՕԵԿ-ը որքան էլ Ս. Սարգսյանի կամակատարը լինի, իր վարկանիշով արդեն չի կարողանա հաղթահարել 5 տոկոսի շեմը, իսկ իշխանությունները հարկ չեն համարի օգնել 2008-ի նախագահական ընտրություններից հետո իրենց միանալու համար «դավաճանի» պիտակ վաստակած այդ կուսակցությանը:
ՀՀԿ-ն որոշել է կրճատել նաեւ խորհրդարանում «Դաշնակցություն» կուսակցության 16 տեղերը: Իշխող կուսակցությունում գտնում են, թե որքան էլ ՀՅԴ-ն ունենա իր կայուն ընտրազանգվածը, միեւնույն է, 2007-ին կարողացավ այդքան պատգամավորներով խորհրդարան մտնել կրկին Ռ. Քոչարյանի շնորհիվ: Եվ որոշ տեղեկությունների համաձայն՝ գործող իշխանությունները 2012-ին կփորձեն խորհրդարանում Ռ. Քոչարյանին սատարող կուսակցությունների պատգամավորների թիվն էլ կիսով չափ կրճատել: Իհարկե, իշխանություններն այս ընթացքում փորձելու են ՀՅԴ-ի փոխարեն սփյուռքը ներկայացնող որեւէ այլ կուսակցության ակտիվացնել: Դրա համար պառակտեցին ավանդական ՌԱԿ եւ ՍԴՀԿ կուսակցությունները: Սակայն թե հիմա, թե դեռեւս չպառակտված վիճակում այս երկու կուսակցությունները չունեին այն վարկանիշը, որը հնարավորություն կտար ընտրությունների ժամանակ նրանց խորհրդարան տանել: Ու քանի որ «չգրված օրենքով» ՀՀ խորհրդարանում սփյուռքը պետք է ներկայացված լինի, այս անգամ էլ այդ ներկայությունը կվերապահվի ՀՅԴ-ին, բայց ավելի փոքր քանակով` լինի դա ընդդիմության թե կոալիցիային մաս կազմողի կարգավիճակում: Որքան էլ իշխանություններին ձեռնտու լինի «Ժառանգություն» խմբակցության նման ընդդիմություն ունենալ, հաջորդ խորհրդարանում այդ կուսակցությունը թերեւս չկարողանա հայտնվել: Անցած տարի այդ կուսակցության պառակտումը, հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականները թուլացրեցին «Ժառանգության» ոչ շատ բարձր վարկանիշը:
Եվ, որ ամենակարեւորն է, ՀՀ իշխանություններն այս անգամ չեն կարող անտեսել արտախորհրդարանական ընդդիմությանը` ՀԱԿ-ին: Որքան էլ իշխանությունները չափեն ու կտրեն հաջորդ խորհրդարանի քարտեզը, որքան էլ կեղծեն ընտրությունները, միեւնույն է, ՀԱԿ-ին պետք է խորհրդարանում տեղ տան: Իհարկե, իշխանություններն այս անգամ էլ կփորձեն ընտրությունների արդյունքները գրանցել Երեւանի ավագանու ընտրությունների օրինակով, այսինքն՝ խորհրդարանում իրականում ստացածից ավելի քիչ տեղեր տալ ՀԱԿ-ին, սակայն չեն կարողանա անտեսել այդ ուժի ներկայությունը:
Իհարկե, այս սցենարը դեռեւս նախնական է: Ցավոք, ՀՀ-ի նման երկրում խորհրդարանը ձեւավորելու դեպքում նշանակություն ունի «դրսի ուժերի» ցանկությունը: Խորհրդարանում պետք է լինեն ուժեր, որոնք կարտահայտեն Ռուսաստանի տեսակետը, պետք է լինեն ուժեր, որոնք կպաշտպանեն Արեւմուտքին: Սակայն այս բոլոր ցանկությունների ու հնարավորությունների շրջանակում 2012-ին խորհրդարան մտնելու հավանականություններն առայժմ սահմանափակվում են վերը նշված 4 ուժերի շրջանակում: