«Human Rights Watch» կազմակերպությունը կոչ է անում Սերժ Սարգսյանին չստորագրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները եւ այն ետ ուղարկել ԱԺ: Կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Հոլի Քարթները նամակ է հղել Սերժ Սարգսյանին` հայտնելով իրենց մտահոգությունները: Կազմակերպության փորձագետները գտնում են, որ ընդունված փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան Հայաստանում լրատվամիջոցների բազմակարծության, տեղեկատվական բազմազանության եւ կարծիքի վրա: Գնահատելով հանդերձ ՀՀ կառավարության մտադրությունը` անցնելու թվային հեռարձակման, այնուամենայնիվ, «Human Rights Watch»-ը կարծում է, որ ընդունված օրենքում կան մի շարք մտահոգիչ դրույթներ, որոնց մասին նաեւ բարձրաձայնել են Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ԵԱՀԿ փորձագետները: Ինչպես նշվում է Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակում, օրենքով գործող հեռուստաընկերությունների թվի նվազեցումը` 22-ից 18 դարձնելը, կարող է սահմանափակել բազմակարծությունը: Կա նաեւ մտահոգություն, որ կանխվում է նոր հեռարձակողների մուտքն այս դաշտ, քանի որ օրենքով սահմանվում է, որ արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է հեռարձակման ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ: «Human Rights Watch»-ը նաեւ հիշեցնում է, որ օրենսդրական այս փոփոխությամբ չի փարատվում այն մտահոգությունը, թե ՀՌԱՀ մրցույթները դառնալու են թափանցիկ, նաեւ ՀՌԱՀ-ը կտա պատշաճ կերպով հիմնավորումներ` արտոնագրի մերժման պարագայում: Կազմակերպությունը նաեւ հիշեցնում է, որ հունիսի 10-ին Հայաստանում ԵՄ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ողջունեցին եւ կոչ արեցին շարունակել նախագծի վերաբերյալ քննարկումները, մինչդեռ նույն օրը երեկոյան արտահերթ նիստով ԱԺ-ն ընդունեց այդ: Բացի այդ, հիշեցվում է, որ օրենքը փոփոխելու պահանջ առաջացել էր նաեւ Եվրադատարանի` «Ա1+»-ի վերաբերյալ ընդունած որոշումից հետո: Եվրադատարանը որոշել էր, որ այս դեպքում խախտվել է խոսքի ազատության իրավունքը: «Ա1+»-ը եթերազրկված է 2002-ից եւ չի կարողանում եթեր վերադառնալ` հակառակ Եվրադատարանի որոշման: Նամակի վերջում «Human Rights Watch»-ի ներկայացուցիչը հույս է հայտնում, որ օրինագիծը չստորագրվելու դեպքում` ԱԺ-ն կլսի քաղաքացիական հասարակության, փորձագետների մտահոգությունները եւ կկատարի անհրաժեշտ այն փոփոխությունները, որոնք բխում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: