Իհարկե` ոչ

17/06/2010

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունները երբեք ճիշտ քայլը ժամանակին չեն անում: Ըստ նրա` իշխանությունները քայլեր կատարում են միայն ստիպված` ճնշումների տակ: Անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի՞ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի եւ «Human Rights Watch» կազմակերպության հորդորները` չստորագրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն ու այն վերադարձնել ԱԺ, Վ. Հովհաննիսյանն ասել է. «Իհարկե, չի ընդունի: Բայց նկատի կառնվի»: Հովհաննիսյանի դիտարկմամբ` այդ օրինագիծն իր ազդեցությունը կունենա նաեւ ԵԽ ԽՎ-ում։ «Մեր պատգամավորները հերոսաբար կմարտնչեն` հաղթահարելու ի հայտ եկած խոչընդոտները, իսկ հետո արդեն` աշնանը, բոլորը կհասկանան, որ սխալ են արել, բայց երբեք ու երբեք սխալի հեղինակը չի պատժվի, սխալի հեղինակին ապտակ չեն տա, չեն ասի` դու ապո՛ւշ ես ու անգրագե՛տ, էս ի՞նչ օրենք ես բերել, բայց կսկսվի դզելու, շտկելու պրոցեսը: Նորից կբերեն օրենքը, կսկսեն ավելորդությունները, հակաժողովրդավարական թեզերը միջից հանել, մաքրել, բայց միայն այն բանից հետո, երբ մենք այս օրենքի հետ կապված բոլոր դժվարություններն արդեն կկրենք»,- ասել է Վ. Հովհաննիսյանը` հավելելով, որ իշխանություններն իրենց սխալները շտկում են միայն այն ժամանակ, երբ զգում են, որ այդ սխալներն ու թերացումներն աննկատ չեն անցել: