Նամակ Լյուդմիլային

17/06/2010

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Գագիկ Մելիքյանը բաց նամակ է գրել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: Նամակում ասվում է. «Տիկին Լյուդմիլա. Այսօրվա մամուլում կարդացի, որ իբր թե դուք, չունենալով միջոցներ, ստիպված եք եղել գրասենյակում նշել Հնչակյան 20 կախաղանների նահատակության տարելիցը, իսկ մենք, որ ձեր վառ երեւակայության արդյունքում «տիրապետում ենք անսահմանափակ միջոցների», կարողանում ենք հրապարակային միջոցառումներ անցկացնել: Անկեղծ ասած, անգամ չէի էլ անդրադառնա ձեր հերթական հերյուրանքին, մանավանդ, որ ձեզ սպասարկելու հրահանգ ունեցող լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողնում «լուրջ դեմքով» խոսել համարյա ռահվիրայացած Լ. Սարգսյանի մասին: Բայց քանի որ խոսել եք Հերոսների մասին, որոնց անուններն անգամ կամ սխրանքների մի տոկոսը, վստահ եմ, չգիտեք, այլեւս որոշեցի ձեզ ու ձեր «աջակիցներին» պատասխանել ձեր իսկ ոճով: Ուրեմն, Ծիծեռնակաբերդում ծաղիկ դնելու համար մեծ հնարավորություններ պետք չեն, իսկ դուք մի մոռացեք, որ ձեզ քաղաքական գործիչ եք համարում եւ տանտիկնոջ պես լրագրողների առաջ մի անկեղծացեք, որ սուրճի եւ ծխախոտի փող չունեք: Ունենայիք անգամ միլիոններ (իսկ ես այն ձեզ անկեղծ ցանկանում եմ, գուցե այդ դեպքում կդադարեիք երեւակայել ձեզ քաղաքական գործիչ` օգուտ տալով դրա կայացմանը), միեւնույն է, երբեք էլ չէիք հիշի Քսանների մասին, այնպես, ինչպես ձեր տխրահռչակ ղեկավարման տարիներին գեթ մեկ անգամ չայցելեցիք Եռաբլուր, որտեղ, ի թիվս հայ ազգի այլ հերոսների, ննջում են նաեւ այն հնչակյանները, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախի ազատագրման սուրբ գործին: Ձեր այս show-ները, Ազատության հրապարակում ցուցադրած փայլուն թատրոնները բոլորն էլ լավ գիտեն եւ հասկանում են: Առաջին անգամը չէ, որ մեզ` երիտասարդներիս, ասում էիք, որ երազում եք բանտ ընկնել` այնտեղից «հերոսացած» դուրս գալու ցանկությամբ: Վստահ ենք, որ իշխանություններն այնքան գիտակցություն կունենան, որ ձեզ եւ ձեր նմաններին նման հաճույք չեն պարգեւի: Մենք ձեզ լավ ենք ճանաչում, գիտենք նաեւ ձեր բնավորությունը, որի անտանելիության պատճառով հարյուրավոր հրաշալի ընկերներ ենք կորցրել: Ձեր շուրջը նայեք, մարդ չի մնացել Ձեր կողքին, ոչ մի ընկեր, ով ունի կուսակցական հավատամք, իսկ դուք դեռ Քսաններից եք խոսում: Միայն մի խնդիր ունեք. Ձեր քաղաքական տերերի ողորմածությամբ մտնել խորհրդարան. այս ողջ թատրոնի իմաստն էլ հենց դա է, եւ բոլորն էլ դա շատ լավ գիտակցում են: Դիմում եմ ձեզ` հիշեցնելու, որ մերժված մարդ եք ողջ կուսակցության համար, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Վստահ եմ, որ րոպե առաջ կզանգահարեք մի լրագրողի եւ «կպաղատեք»` ձեր պատասխանն էլ գրել, որպեսզի եւս մեկ անգամ ձեր «մեծապատիվ» քաղաքական գործունեության մասին հիշեցնեք: Իսկ մենք` եղել ենք, կանք եւ կլինենք հնչակյաններ»: