Մեր թերթի նախորդ համարում արդեն տեղեկացրել էինք, որ աշխատանքից ազատվել է Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) ղեկավար Իշխան Կարապետյանը:
Մեր տեղեկություններով՝ պարոն Կարապետյանի աշխատանքից ազատման պատճառը կապված է եղել Վերահսկիչ պալատի կողմից այդ կառույցում կատարված բացահայտումների հետ: Գաղտնիք չէ, որ այս կառույցը բավականին եկամտաբեր է, քանի որ սնվում է ոչ միայն պետբյուջեից, այլ նաեւ միջազգային կառույցներից: Իսկ գումարները, ըստ տարբեր տեղեկությունների, հիմնականում բաշխվել են պարոն Կարապետյանի հայեցողությամբ: Այսինքն, հենց նա է որոշել, թե որքանով է նպատակահարմար վարկ տրամադրել այս կամ այն ձեռնարկատիրոջը: Մեզ հետ զրույցում ՓՄՁ ԶԱԿ-ի հետ գործ ունեցած գործարարներից մեկը հավաստիացնում էր, որ պարոն Կարապետյանը առանց որեւէ հիմնավորման կարող էր մերժել շատ ավելի քիչ ռիսկայնություն ունեցող բիզնեսի վարկավորումը, եւ կենտրոնի միջոցով աջակցություն ցուցաբերել այնպիսի մարդկանց, որոնք բիզնեսի մասին անգամ պատկերացում չունեն: Նա ասաց նաեւ, որ այդ մասին բազմիցս տեղեկացրել են թե ՀՀ վարչապետին եւ թե Էկոնոմիկայի նախարարին ու Վերահսկիչ պալատի նախագահին: Իսկ այն, ինչ բացահայտեց Վերահսկիչ պալատը, առավել քան խոսուն է: Պարզվել է, որ, իսկապես փոքր եւ միջին ձեռնարկատերերին աջակցելու համար հատկացված գումարները պարոն Կարապետյանը հիմնականում տնօրինել է ըստ իր հայեցողության: Գումար է տվել զրոյական հաշվետվություն ներկայացրած ու բարձր ռիսկայնություն ունեցող ինչ-որ անհայտ ընկերության, կամ մի ձեռնարկության, որն ընդհանրապես գոյություն չունի: Մեզ դիմած գործարարներից մեկը, որն ինքնակամ հրաժարվել է ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համագործակցությունից, պատմեց, որ Ի. Կարապետյանը անհամեմատ ցածր տոկոսադրույքով մեծ գումարներ է հատկացրել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որը վերջիններս օգտագործել են դրսից ապրանք ներկրելու համար:
Նշենք, որ մեզ հետ զրույցում պարոն Կարապետյանը հերքեց այն տեղեկությունները, որ իր աշխատանքից ազատման պատճառը կապված է Վերահսկիչ պալատի բացահայտումների հետ: Նա ասաց, որ ինքը ՓՄՁ ԶԱԿ-ում ընդհանրապես որեւէ խնդիր չունի եւ չի ունեցել, ավելին` մի քանի ամիս շարունակ իրեն համոզել են, որ շարունակի պաշտոնավարել, սակայն հրաժարվել է, քանի որ այլ տեղից ավելի լավ աշխատանքային պայմաններով աշխատելու առաջարկ է ստացել: Պարոն Կարապետյանը նաեւ հավաստիացրեց, որ Վերահսկիչի արձանագրած խախտումները շտկվել են, եւ իր դուրս գալու պահին որեւէ խնդիր չի եղել: Նա իհարկե չմանրամասնեց, թե ինչպե՞ս են դրանք շտկվել, այն դեպքում, երբ խոսքը պետական բյուջեին պատճառված կոկրետ գումարների վնասի մասին է: Հարցերի պատասխանները փորձեցինք պարզել ՓՄՁ ԶԱԿ-ից: Մեր հարցին, թե կոնկրետ ինչ գործողություններ է կատարվել խախտումների վերացման ուղղությամբ, կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն պատասխանեց, որ իրենք հաշվետու են միայն Վերահսկիչ պալատին, հետեւաբար միայն նրանք կարող են որոշել, պե՞տք է իրենց կատարած քայլերի մասին բարձրաձայնել, թե՞ ոչ: Պարոն Կարապետյանը մեզ հավաստիացնում էր, որ բացահայտված խախտումները շտկված են, եւ դա կարող են հաստատել Վերահսկիչ պալատում: Սակայն, Վերահսկիչ պալատի Մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Առուստամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ իրենք տեղեկություն չունեն այն մասին, թե ինչ է արել ՓՄՁ ԶԱԿ-ը` խախտումները վերացնելու կամ պետբյուջեի գումարների վերականգնման ուղղությամբ: «Մեր ընթացիկ հաշվետվություններում նշված է, որ այդ գումարները արձանագրվել են որպես խախտումներ: Էկոնոմիկայի նախարարը մեզ պաշտոնական գրությամբ հայտնել է, որ միջոցներ կձեռնարկվեն, եւ համաձայն ժամանակացույցի՝ մեզ այդ մասին կտեղեկացվի: Բայց այս պահի դրությամբ դեռ ոչ մի ինֆորմացիա չունենք այդ մասին: Եթե նման աշխատանքներ տարվում են, ապա, որպես կանոն, այդ մասին մեզ տեղյակ են պահում»,- ասում է պարոն Առուստամյանը ու մանրամասնում, որ կա միջոցներ ձեռնարկելու 2 ճանապարհ` վարչարարության եւ դատական ճանապարհ. «Մինչեւ այսօր այդ 2 ճանապարհներից որեւէ մեկով մեզ չի տեղեկացվել, որ այս կամ այն չափով գումարը վերականգնվել է պետբյուջե»: Քանի որ, ինչպես արդեն նշեցինք, բազմաթիվ դեպքերում ՓՄՁ-ն վարկավորել է ըստ էության գոյություն չունեցող ընկերությունների, ապա պարոն Առուստամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն է ընթացակարգը այս պարագայում, ո՞վ պետք է փոխհատուցի վատնած գումարները: «Ասեմ, որ կային կազմակերպություններ, որոնց գումարներ էին տրվել, բայց մեր ստուգումների պահին դրանք արդեն լուծարված էին: Եթե քննությամբ պարզվի, որ այդ գումարները յուրացվել են այս կամ այն անձի մեղավորությամբ, դա արդեն այլ խնդիր է: Թող դա պարզի քննությունը: Վերահսկիչ պալատի համար անհասկանալի է մնում, թե ինչպես է ստացվում, որ գումար են տալիս որեւէ ընկերության, բայց այդ կազմակերպությունը որոշ ժամանակ հետո լուծարման ճանապարհով անհետանում է: Դա լուրջ խնդիր է: Այստեղ առկա են կոռուպցիոն եւ ռիսկային երեւույթներ: Այդ ամենը նկատի ունենալով` մենք խնդիր ենք դրել, որ ՓՄՁ-ի շրջանակներում հատկացված գումարների մասով կան լուրջ խնդիրներ: Արդյո՞ք այդ գումարները յուրացված են, թե՞ ոչ, Վերահսկիչ պալատը դա չի կարող ասել: Եթե մենք նման բան ասենք, ստացվում է, որ մենք որեւէ անձի նկատմամբ մեղադրանք ենք ներկայացնում, բայց մեր պալատը նման իրավասություն չունի: Մենք ընդամենը արձանագրել ենք, որ կա խախտում, կա ռիսկ, կա կոռուպցիա»,- նշեց նա: Ստացվում է, որ չնայած Իշխան Կարապետյանը դուրս է եկել ՓՄՁ-ից, սակայն, դա չի նշանակում, որ խնդիրները հարթված են: Փաստն այն է, որ նրան ներկայացված ժամանակացույցի համաձայն, խախտումները չեն շտկվել, այլապես բացառվում է, որ Վերահսկիչ պալատն այդ մասին տեղեկացված չլիներ: Էկոնոմիկայի նախարարությունից խոստացան առաջիկայում տրամադրել ինֆորմացիա այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկել ՓՄՁ ԶԱԿ-ը խախտումները շտկելու ուղղությամբ: Նրանք նաեւ փոխանցեցին, որ Ի. Կարապետյանին աշխատանքից ազատելու որոշում նախարարը չի կայացրել: Վերջինս հեռացել է, քանի որ ավելի լավ վարձատրությամբ աշխատանքի առաջարկ է ստացել: