Ներկայումս Հայաստանի Հանրապետության դեմ ծառս եղած բազմաթիվ հիմնախնդիրներից կարեւորագույնը երկուսն են` արցախյան հարցի լուծումը եւ բնապահպանական խնդիրների վերաբերյալ մի համալիր, սպառիչ ծրագրի մշակումն ու գործադրումը: Արտաքուստ` դրանք տարբեր են միմյանցից, բայց ըստ էության ունեն նույն արմատները: Խորհրդային Միության գրեթե քառորդ դար տեւած հոգեվարքի ժամանակ կայսրության տարածքում առաջացան ոչ ֆորմալ հասարակական կազմակերպություններ: Դրանցից յուրաքանչյուրն ունեին իրենց տեղային, ազգային առանձնահատկությունները, արտահայտելով տասնամյակների ընթացքում տասնյակ ժողովուրդների` շինծու կարգախոսներով խլացված իրական ձգտումները: Բնականոն էր, որ մեզանում զուգահեռաբար զարգանում էին երկու հասարակական շարժում` մեկն իր բնույթով թվում էր ազգային (եթե չասենք՝ ազգայնական), իսկ մյուսը պայքարում էր վասն շրջակա միջավայրի պահպանության, խորհրդային տնտեսական հակագիտական, ռազմականացված, հետեւաբար` նաեւ հակամարդկային համակարգի ծնունդ տնտեսության բարեփոխման համար: Արցախյան եւ բնապահպանական շարժումները վերջապես եկան իրարու, եւ բնական է, որ ազգային իղձերից առաջինին տրվեց նախապատվությունը: Հասարակականորեն առավել զարգացած, մտավորականների ավելի մեծ ներկայացուցչություն ունեցող բնապահպան շարժումը դարձավ արցախյան շարժման մասն այն իրական հարցադրմամբ, որ կարեւորը նախ՝ հայրենիքի, հողի հանդեպ իրավունքի հաստատումն է, իսկ հետագայում, մանավանդ` անկախության ձեռք բերումից հետո, կարող են լուծվել մնացած խնդիրները: Ներկայումս, հասարակական-քաղաքական կյանք մտնող եւ տակավին իր հույսն ու եռանդը չկորցրած մի սերնդի «հայրենամուտի» պարագայում, արժեր մի քանի խոսքով ներկայացնել արցախյան շարժման նախաշեմին հասարակությանը հուզող հիմնախնդիրներից կարեւորները:
ա. Արցախյան հիմնահարց, որն իրականում Հայկական բազմաչարչար հարցի շարունակությունն էր: Այն նման էր այսբերգի` օվկիանոսում լողացող զանգվածի երեւացող կատարին, որի տակ թաքնված էին Հայկական դատի` թվում է, Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի, Ջավախքի, Կիլիկիայի պատմության վայրիվերումների հետեւանքով այլեւս ի չիք դարձած, հավերժորեն սառեցված հիմնախնդիրները: Այս առումով այդ հարցը մշտաբորբոք էր, հավասար Ջավախքի հարցին: Այստեղ ունեինք իր մայր հողի վրա ապրող հայկական բնակչություն, ըստ որում, Արցախի պարագայում` այն ուներ ձեւական ինքնավարություն, որը ոչ թե Խորհրդային իշխանությունների կողմից օտարացված ու Ադրբեջանին նվիրված, իշխանությունների բարի կամեցողության արդյունքն էր: Ոչ, Ղարաբաղի կարգավիճակը, իբրեւ ԼՂԻՄ` պետք է զսպող դեր ստանձներ Ադրբեջանի պանթուրքիստական հակումների նկատմամբ, սակայն ճիշտ այն չափով, որ չվերածվեր Ռուսական կայսրության կողմից ոչնչացված, հայկական վերջին կիսանկախ պետականության, այն է` Խամսայի մելիքությունների վերաճմանը հայ պետականության վերականգնմանն ուղղված հայ ժողովրդի ջանքերի խթանի: Այլ կերպ ասած` այս հարցի լուծումը հանձնված էր դարվինիզմի հիմնաքարը հանդիսացող «տեսակների պայքարին»: Այդ պայքարում, անշուշտ, խորհրդային կայսերական կենտրոն Մոսկվան անկողմնակալ չէր, այլ մշտապես հետեւում էր (եւ ներկայումս էլ հետեւում է) թուրքական պետության ներսում ընթացող զարգացումներին, Ղարաբաղի հարցը պահելով իբրեւ հավասարակշռության իր համար շահեկան ծանրության բալաստի չափորոշիչ:
բ. Արցախյան հարցի արծարծումը համընթաց էր Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայկական դատի վերարծարծման եւ արդար լուծման համար մղվող պայքարին: Թեեւ ըստ էության` դրանց ակունքները նույնն էին, սակայն կար մի էական տարբերություն: Մեծ Եղեռնը խորհրդային իշխանությունների կողմից դիտարկվում էր իբրեւ մի պատմական իրողություն, որում իր ձեռքերը «մաքուր էին»: Ավելին, նա քարոզչական նպատակներով ձգտում էր ստեղծել մի ժողովրդի պատկեր, որը գոյություն է պահպանում խորհրդային կայսրության մեջ (ինչպես նախկինում Ռուսականի (կամավոր՞՞՞) մտնելու շնորհիվ: Այստեղ, անշուշտ, հաշվի էր առնվում այն հանգամանքը, որ հայ ժողովրդի ընդամենը մի հատվածը հայտնվեց բոլշեւիկների գաղափարական մամլիչի ճիրաններում: Մի ստվար, եղեռնից մազապուրծ զանգված սփռվեց աշխարհով մեկ: Հետեղեռնյան այդ սերունդն իր աստանդական կյանքում էլ ոչ միայն չմիաբանվեց, այլեւ շարունակեց իր ցնորական հայրենիքի ստեղծման տեսլականում կուսակցական անհաշտ դիրքորոշումներից եկող իր բանավեճերը: Դրանց հետեւանքով նորաստեղծ սփյուռքը պառակտվեց: Գաղափարական հիմք ունեցող հակասություններն իրենց շահերին սկսեցին ծառայեցնել Հայկական հարցի վիժեցման մեջ հավասար դերակատարություն ստանձնած Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան` ավելի ուշ` ԱՄՆ-ը: Կարծես սկսում է գծագրվել Եվրամիության հետզհետե ակտիվացող դերը, որի ղեկավար մարմինները ասես ստանձնում են փլուզված ԽՍՀՄ-ի ԿԿ Կենտկոմի քաղաքականությունը: Տեղին է հիշեցնել, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը բազմաթիվ կայսրությունների փլուզման ախտանիշն է հանդիսացել` Հռոմեական ու Բյուզանդական, Պարսկական եւ Արաբական, Օսմանյան եւ Ռուսական, Խորհրդային` հիմա էլ կայանալուց շատ հեռու գտնվող Եվրամիության մոտ են վաղաժամ ծերունական հիվանդության նշաններ նկատվում, բայց դա մեկ ուրիշ քննարկման նյութ է:
Որքան էլ զարմանալի կարող է թվալ նման ներածականից հետո, այստեղ արծարծվելու են միայն բնապահպանությանն առնչվող հարցերը մի տեսանկյունից, որով դրանք գրեթե չեն ներկայացվել: Բնապահպանական հարցերը չեն դիտվել պատմական եւ պաշտամունքային, գաղափարական եւ քաղաքական, ընկերվարական համատեքստում, ինչը ինչպես Խորհրդային Հայաստանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում խանգարել է դրանց վերաբերյալ մի համալիր ծրագիր մշակելու եւ ընդունելու համար: Բնությունը ընկալվել է ոչ թե որպես Հայրենիք, բարձրագույն արժեք, այլ մարդու կենսագործունեությունն ապահովող մի լրացուցիչ, գործնականում անսպառ ռեսուրս: Բնապահպանական եւ արցախյան հիմնախնդիրների լուծմանն ուղղված շարժումները Հայաստանում զուգահեռ էին ընթանում, սակայն երբ եկավ առաջնահերթության խնդիրը` մտավորական ավելի ներկայանալի խավ ներկայացնողները զիջեցին իրենց դիրքերն այն հստակ հարցադրմամբ, որ Արցախի հարցն է այժմեականն, ու այն, վերջիվերջո նաեւ բնապահպանական հարց է, եւ ինչո՞ւ…
Քանի որ ի սկզբանե բանն է… Իսկ Բանը` դա բուն բնությունն է: Ցավոք` մեր խոշորագույն լեզվաբան Հրաչյա Աճառյանն իր վերլուծություններում, ելնելով այն ժամանակվա գիտական պաշարից, հակադրվելով իսկ իր ուսուցիչ Հյուբշմանին, «բուն» բառը համարում է ոչ թե ԲՆԻԿ հայկական բառ, այլ փոխառություն իրանական խմբին պատկանող պահլավերենից: (Դա նույնն է, ինչ ավանդություններում պարթեւական ծագում վերագրվող Գրիգոր Լուսավորչի պարագայում պնդվեր այն վարկածը, որ հայերի քրիստոնեություն ընդունելու արմատները… պարթեւական են): Այնինչ չկա հնդեվրոպական ընտանիքին վերաբերող մի այլ լեզու, որում ԲՈՒՆ եւ դրանից ծագող բառերն ավելի հարուստ եւ բազմիմաստ լինեին: ԲՈՒՆ` այսինքն` հենարանը գոյության, ԿԵՆԱՑ ԾԱՌԸ, որից հայերենում ծագում են ԲՆՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱԿԱՆ, ԲՆԻԿ եւ տասնյակ այլ բառեր: Բայց կուզենայի կարեւորել ԲՆԻԿ բառը, որն այդ ընկալմամբ միայն հայերենն ունի: Ասել է թե` բնության զավակ, մարդկային մի տեսակ, որ ծնունդն է իր երկրի բնության, ուստի ոչ միայն ԲՆԱԿԱՆ է, այլեւ դրանով իսկ ԲԱՆԱԿԱՆ: Զի ԲԱՆՆ ու ԲՈՒՆԸ` երկու բառեր, որոնց միայն միջանկյալ ձայնավորն է տարբերում, ըստ էության նույնական են:
Ի սկզբանե` ԲԱՆՆ էր, այսինքն` ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ:
Բայց նաեւ` բուն-կենաց ծառը, որի վրա էր ճյուղավորվում մի ամբողջ արժեքային համակարգ: Ի բնե…
Երկիր մոլորակի վրա այնքան էլ շատ չեն այն ժողովուրդները, որոնք բնիկ են: Այդ է պատճառը, որ մարդկության առաջացման աստվածաշնչային ավանդապատումն առ այսօր բուռն քննարկումների առարկա է: Ի սկզբանե բոլոր ժողովուրդները գտնվել են անհանգիստ շարժման մեջ` իրենց կեցության համար առավել ապահով վայրեր գտնելու փնտրտուքով: Հայերը նման խնդիր չեն ունեցել, ի սկզբանե եղել են ԲՆԻԿ: Նրանք ապրել են իրենց դիցաբանական-կոսմոգոնիկ նախահոր` ՀԱՅԿԻ բնակեցրած լեռնաշխարհում, Հայքում: Հենց նա է, որ առաջինն ընդվզելով Բաբելոնի բռնակալ Բելի դեմ, հեռացավ այդ աշխարհաքաղաքից` նախքան այնտեղ բաբելոնյան աշտարակաշինության աստվածամարտ փորձն ու այդ քաղաքի ավերումը Աստծո կողմից: Դրանից հետո է, որ Աստված մարդկանց շրթներին տարբեր լեզուներ դրեց, որ չկարողանան միմյանց հասկանալ եւ դավադրել: Բայց եթե մեր նահապետ Հայկը հեռացել է Բաբելոնից` կնշանակե, որ նրա շրթներին է եղել մարդկության ՍԿԶԲՆԱԿԱՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆ լեզուն: Եվ այն` ՀԱՅԵՐԵՆՆ Է եղել:
Մեր բարդույթավորման հետեւանքով հասել ենք մի վիճակի, որ այս եզրահանգումը շատերի մեջ կարող է հեգնանք առաջացնել: Դե, այդ դեպքում եկեք հեգնենք Հին Կտակարանը, Հոմերոսին՝ իր զույգ դյուցազնավեպերով հանդերձ: Բայց այդ հարցը թողնենք հետագային, կարեւորն այս պարագայում այն է, որ Հայկը` մեր տիեզերածին նահապետը, բնակեցրեց այն երկիրը, որով այսօր ճշգրտում է դրախտի հասցեն: Որից հոսում են դրախտի չորս գետերը: Որի անվամբ կոչվեց մի ժողովուրդ, իբրեւ «Եվ ՀԱՅ»: Հակառակ շրջադասությունը մի հետաքրքրական պատկեր է առաջացնում: Եվ Հայ` ՅԱՀՎԵ… Այստեղ մենք առնչվում ենք մարդկության ակունքների հետ առնչվող մի երեւույթի հետ: Կողք կողքի ապրել են հնդեվրոպական ու սեմական ժողովուրդները: Նրանցից առաջինի նախատիպարը Հայկն է եղել. որպես նախատիպար եւ բարձրագույն Աստված, բաբելոնյան գերությունից հեռացած Առաջինը, իսկ սեմական ազգերը, որոնք դրանից հետո մեկ անգամ չէ, որ պետք է գերի դառնային եւ Բաբելոնին, եւ Պարսկաստանին, պետք է կազմեին իրենց կտակարանը, որտեղ շրջադասելով «եւ հայը»` ստանային ՅԱՀՎԵ, այսինքն` Եհովա: Եվ բնությանը վերաբերող այս խորհրդածություններն էլ ընկած են հիմքում մեր հետագա քննության, որովհետեւ` ի բնե բնիկ լինելու գիտակցության հիմքում ընկած է մեր վերաբերմունքն առ Բնության, որի զավակներն ենք, եւ այդ գիտակցության կորուստն է, որ մեզ հանգեցրեց այն խեղումներին, ինչի պատճառով հայ ժողովուրդն Ադամի օրինակով ոչ միայն վտարվեց իր պատմական հայրենիքի` այն է դրախտի հիմնական մասից, այլեւ այսօր որպես ոչ թե բնիկ, այլ եկվոր մի ժողովուրդ` ոչնչացնում է դրախտի վերջին անկյունը, այն ապականելով, կտրտելով ամեն մի ծառ, չորացնելով լճեր ու գետեր: Կառուցելով քաղաքներ, որոնք հակառակ են Մովսես Խորենացու մեզ ավանդած Երվանդակերտ քաղաքի պատկերին, եւ որոնցում հայը կորցնում է իր ծագումնաբանական կոդը, դառնալով իր բնույթին, բնությանը, բուն-կենաց ծառին թշնամի:
Մենք, որ այսօր օրեցօր տեսնում ենք տգիտության եւ ագահության հետեւանքով մեզ հրամցվող հիմնախնդիրներ, եւ չգիտենք, թե մեր գլուխը որ քարին, որ նախարարությանը խփենք՝ լուծելու համար, պետք է ինքներս մենզ խոստովանենք` որ հայերը վաղուց իրենց չեն դիտում իբրեւ մի բնիկ, բնական ազգ իրենց իսկ Հայրենիքում, այլ Բնությունը դիտում են իբրեւ գոյության մի լրացուցիչ ռեսուրս, որը սպառելով պետք է հեռանան Հայաստանից: Այդ խնդիրների շուրջն են ահա նախնական իմ դիտարկումները, եւ քո, սիրելի ընթերցող, այս խնդիրների շուրջ քո մոտեցումներից է կախված, թե արդյո՞ք վերջապես ես կարտահայտեմ այն ամենը, ինչ կամքի մեծ ուժով ես պահպանել եմ իմ ներսում, հազար անգամ վերլուծելով, ստուգելով: Թող քո վերաբերմունքը ինտերնետային քննարկումներից փոքր-ինչ տարբերվի, զգամ քո ուշադրությունը, եւ մյուս հրապարակման մեջ փոխեմ վերնագիրը, այն դարձնելով` ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՎԵՐԺԻ ՀԱՄԱՐ:
Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ