Շուրջ մեկ ամիս է` «Նաիրիտ» քիմիական գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը բացակայում է Հայաստանից:
Այդ մեկ ամսվա ընթացքում նա կարճ ժամանակով վերադարձել է Հայաստան, հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի ու Էներգետիկայի նախարարի հետ եւ նորից մեկնել է Մոսկվա:
Մեր տեղեկություններով, պարոն Մելքոնյանը գնացել է Ռուսաստան, որպեսզի բանակցի կործանման եզրին գտնվող գործարանի համար հերթական վարկային միջոցները ներգրավելու ուղղությամբ: Փոխարենը՝ նրան մատնացույց են արել կուտակած հսկայական պարտքը, որի մարման ուղղությամբ, շուրջ 1 տարի է, գործարանը ոչինչ չի ձեռնարկել: Պարոն Մելքոնյանն էլ ԱՊՀ միջպետական բանկի եւ ՌԴ կենտրոնական բանկի ներկայացուցիչներին փորձել է համոզել, որ գործարանում ամեն ինչ նորմալ է, լույսի եւ գազի չվճարած պարտքերը կամաց-կամաց մարվում են, եւ եթե մի անգամ էլ իրենց վարկ տրամադրեն, արդեն կկարողանան արտադրանքը շուկա հանել: Այս անգամ, սակայն, պարոն Մելքոնյանին չեն վստահել եւ, ինչպես հավաստիացնում է քիմգործարանի պահեստապետ Հրանուշ Մելոյանը, ներկայումս ԱՊՀ միջպետական բանկի 6 աշխատակիցներից բաղկացած հանձնաժողովը ստուգումներ է իրականացնում գործարանում, պարզելու, թե ինչպես են ծախսվել իրենց կողմից տրված հսկայական գումարները: Հ. Մելոյանն ասում է նաեւ, որ գործարանի տնօրենը, տեղակալների հետ միասին, տարիներ շարունակ յուրացրել է թե գույքը, թե արտադրանքի վաճառքից ստացված հասույթը:
Իսկ ՀՀ հանրային խորհրդի արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի անդամ Ջիլբերտ Մուրադյանը, որն արդեն տեւական ժամանակ` զբաղվում է «Նաիրիտի» հարցով, հավաստիացնում է, որ գործարանի էլեկտրաէներգիայի պարտքը հասնում է 3,4 մլն դոլարի, գազի պարտքը` 2 մլն դոլարի: Ջ. Մուրադյանը պարզել է նաեւ, որ քիմգործարանը հսկայական պարտք ունի նաեւ ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայությամբ գործող Երեւանի ՋԷԿ-ին: Խոսքն ավելի քան 26 մլն դոլարի մասին է: Այս ամենին գումարելով նաեւ տարեցտարի ավելացող վարկային պարտավորությունները, պարոն Մուրադյանը հավաստիացնում է, որ «Նաիրիտը» 270-300 մլն դոլար պարտք է կուտակել. «Այդ գումարով կարելի է նման 5 գործարան կառուցել»: Պարտքերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ գործարանից: «Նաիրիտի» հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հստակ տեղեկություն չի կարող տրամադրել, թե այս պահին գործարանը որքան պարտք ունի: «Ես դա չեմ կարող ասել, հիմա անընդհատ հաշվարկների մեջ ենք եւ նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Բայց չեմ կարծում, որ մենք այդքան պարտք ունենք: Եթե այդպես լիներ, ապա գործարանն ընդհանրապես չէր կարողանա աշխատել: Եթե նման ինֆորմացիա ասողը լիներ մեր ֆինանսական բլոկից, ես կմտածեի, որ միգուցե ինֆորմացիա են դուրս տարել, որն ինչ-որ տեղ իրականությանը մոտ է, բայց երբ որ մարդիկ իրենց տեղում նստած թվեր են կրակում, չեմ կարծում, որ դրանք իրենցից էական բան են ներկայացնում»: Ա. Հարությունյանը հաստատեց, որ մոտ 25 օր է, ինչ գործարանի տնօրենը բացակայում է հանրապետությունից։ «Նա աշխատանքային այցով Մոսկվայում է, բայց թե կոնկրետ ինչի համար է նա այնտեղ, տեղյակ չենք: Այդ մասին կտեղեկանանք նրա վերադարձից հետո»,- ասաց նա: Ինչ վերաբերում է գործարանում ընթացող ստուգումներին, ապա Ա. Հարությունյանը հավաստիացրեց, որ նման բան չկա: Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե երբ վերջապես կսկսի աշխատել գործարանը, եւ արդյոք մարված են էլեկտրաէներգիայի եւ գազի պարտքերը: «Գործարանը արդեն պիտի աշխատեր, քանի որ դրա համար ամեն ինչ պատրաստ է: Բայց, ինձ անհայտ պատճառներով, էլի շարունակում ենք չաշխատել: Չեմ կարող հստակ ասել, պարտքերը մարվա՞ծ են, թե՞ ոչ: Գիտեմ միայն, որ աստիճանաբար դրանք մարվում են: Ասեմ նաեւ, որ թեեւ գործարանը չի աշխատում, բայց բոլոր աշխատակիցները վարձատրվում են: Դրանից նույնիսկ մենք մեզ վատ ենք զգում: Բանվորը, որը կաուչուկ է ստանում, ոչինչ չի անում, բայց ամբողջ չափով աշխատավարձ է ստանում: Ոչ մեկը հարկադիր պարապուրդի չի ուղարկվել: Այս պահին փնտրվում է գործարանի վերագործարկման ամենաօպտիմալ տարբերակը, որից հետո կանցնենք աշխատանքի»,- ասում է Ա. Հարությունյանը: