Հասարակական կյանքի ոչ մի երեւույթ այս օրերին լսելի չէ: Միասնական քննությունների շուրջ աղմուկը խլացրել է ամեն ինչ: Նույնիսկ Ֆուտբոլային արդեն հանրահայտ դարձած վուվուզելների ձայնը: Երրորդ տարին է՝ շրջանավարտները միասնական կոչված քննություններ են հանձնում: Երրորդ հունիսն է, որ շրջանավարտներն ու հասարակությունը բողոքում են քննական թեստերից: Բայց այս տարվա թեստերը, դատելով հասարակական արձագանքներից, ավելի անտանելի են: Մինչդեռ սպասվում էր, որ տարիների փորձի հետ հակառակը պիտի լիներ: Բայց այս տարի թեստերից հրապարակավ, շրջանավարտներից ու նրանց ծնողներից բացի, բողոքում են տարբեր մասնագետներ: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետները հրապարակային քննարկումների ընթացքում նշեցին, որ թեստերում ներառված շատ հարցեր դպրոցական դասագրքային մակարդակից վեր են: Դրանց մի մասը լեզվաբանների գիտական քննարկումների նյութ է, եւ ազնիվ չէ շրջանավարտից քննություն ընդունել նման բնույթի հարցերով: Բանասեր մասնագետների ու թեստերի հեղինակների հետ համատեղ քննարկման ընթացքում մասնագետներին հաջողվեց ապացուցել, որ թեստերն, իրոք, խճողված են: Հոգեբան հայտնի մասնագետներից մեկը նույնիսկ իր վերլուծությունը հրապարակեց: Ըստ հոգեբանի` թեստերի հեղինակները շրջանավարտներին ընդունում են իբրեւ հակառակորդի, որին հարկավոր է շփոթության մեջ գցել: Կարծում եմ՝ այս գնահատականն ընդհանուր է բոլոր տարիների թեստերի համար: Բանասիրության մասնագետների քննարկման ընթացքում Կրթության փոխնախարարը հայտարարեց, որ հեղինակներին իրենք են հանձնարարել այդպիսի թեստեր գրել: Այս մոտեցումը ոչ մի բացատրություն չունի: Վերջին 5-10 տարիների ընդունելության քննությունների արդյունքների տվյալներն ուսումնասիրողը կնկատի, որ Հայոց լեզու եւ գրականություն, Հայ ժողովրդի պատմություն առարկաների քննության միջին գնահատականը միշտ ավելի ցածր է եղել, քան Անգլերենինը: Մեր բոլոր շրջանավարտների համար, փաստորեն, ըստ քննական գնահատականների, մայրենին հայերենն է: Քանի դեռ Հայ ժողովրդի պատմություն առարկան բանավոր քննություն էր, բոլոր հանձնաժողովները որոշել էին ոչ մեկին բարձրագույն` 20 գնահատական չնշանակել: (Այստեղ նկատելի է Կրթության նախարարության վերոհիշյալ` անտրամաբանական պահանջի հետ նմանությունը): Բանասիրության մասնագետների քննարկման ընթացքում այս մոտեցումը գնահատվեց որպես Մայրենիի նկատմամբ բացասական վերաբերմունք սերմանելու փորձ: Եվ այս գնահատականի հետ դժվար է չհամաձայնելը: Փաստորեն, նույն մեթոդաբանության եւ նույն մոտեցումների արդյունքում գրված թեստերն այս տարի ավելի մեծ դժգոհություն ծնեցին, քան նախորդ տարիներինը: Պատճառը, երեւի, այն էր, որ նախորդ տարիների թեստերում ակնհայտ սխալներ կային: Նախորդ տարիներին, օրինակ, «բորբ» ու «բոսոր» բառերն էին հոմանիշ հայտարարված, «մեկնարկ» ու «վերջնագիծ» բառերը` հականիշ: Այս տարի նման ակնհայտ սխալներ չկային: Փոխարենը՝ կատարելության էր հասցված դիմորդին մոլորեցնելու գործը: Եվ ոչ միայն մոլորեցնելու, այլեւ արդի հայերենով ասած` «քցելու» գործը: «Գնահատման ու թեստավորման կենտրոնը» շրջանավարտներին տարվա ընթացքում ընդամենը մեկ ամիս է գնահատում ու թեստավորում: Տարվա մյուս ամիսներին աշխատավարձ ստանալն արդարացնելու համար զանազան ուղեցույցներ է տպագրում: Հարեւանցիորեն ասենք, որ դրանք պաշտոնական փաստաթղթեր են: Հայոց լեզու եւ գրականության քննական ուղեցույցում, օրինակ, գրված է, թե որ գրողների որ արձակ կամ չափածո ստեղծագործությունն է հանձնարարված անգիր սովորել: Դիմորդը պարտավոր է անգիր անել Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի «Գարուն ա, ձյուն ա արել» տողից սկսած եւս 26 տող: Այս տարվա դիմորդներին կարելի էր խորհուրդ տալ բացարձակ հաշվի չառնել «Գնահատման ու թեստավորման կենտրոնի» մշակած պետական փաստաթուղթ-ուղեցույցը: Որովհետեւ նույն կենտրոնի հաստատած թեստում հեղինակները պոեմի բոլորովին այլ հատված են դիմորդից պահանջել անգիր իմանալ: «Քցողի» սովորական հնարք, որ, չգիտես ինչու, կիրառվում է ամեն տարի: ԳԹԿ-ի ղեկավարները անկեղծ լինելու դեպքում կարող են ասել, որ սա մտածված քաղաքականություն է: Հասարակական կյանք մտնող շրջանավարտին հենց սկզբից պետք է ծանոթացնել այն բարքերին, որ տիրում են մեր հասարակական կյանքում: Բայց նրանք բավարար անկեղծ չեն, եւ ամեն տարի մասնագետներին մնում է արձանագրել, որ պետական մարմնի կողմից կիրառվող այս հնարքները մեկ նպատակ ունեն` բացասական վերաբերմունք ծնել սեփական լեզվի ու մշակույթի հանդեպ: Բայց հիասթափվել պետք չէ: Իմ ընկերներից մեկն արդեն 30 տարի դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: 30 տարի շարունակ սեպտեմբեր ամսին առաջին կուրսի լսարան մտնելուց հետո նա նույն բանն է ասում իր ընկերական շրջապատում: Կարծում եմ՝ փորձառու դասախոսի այդ միտքն արժանի է տիրաժավորման: 100 հոգիանոց կուրսին ծանոթանալուց հետո նա միշտ բոլորիս աչքալուսանք է տալիս. «Այս տարի էլ, ի հեճուկս ընդունող հանձնաժողովի, մոտ մեկ տասնյակ խելացի երեխայի հաջողվել է ընդունվել համալսարան»: Մի հուսահատվեք: Ու վստահ եղեք, որ ի հեճուկս ՀՀ Կրթության ու գիտության նախարարության, ԳԹԿ-ի ղեկավարության ու թեստերի հեղինակների, մի քանի տասնյակ խելացի դիմորդ եկող սեպտեմբերին ուսանող կդառնա: Բոլորովին բացառված չէ, որ այդ մի քանի տասնյակից մի քանիսը բաժին կընկնի Երեւանի պետական համալսարանին: Նույն այդ համալսարանին, որի պրոֆեսորադասախոսական կազմն ամեն տարի խոտան թեստեր է կլոնավորում` իր իմացության պատկերով ու նմանությամբ: