Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI), որի կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում, թուրքական «Milliyet» օրաթերթի թղթակից Շեներին «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին գրքի համար ճանաչել է որպես «Աշխարհում մամուլի ազատության հերոս»: «Հրանտ Դինքի սպանության գործի մանրամասների լուսաբանման առնչությամբ առկա բոլոր վտանգներին հակառակ` Նեդիմ Շեները վճռականորեն շարունակում էր իր լրագրողական հետաքննությունը, ինչն իրոք արժանի է գովասանքի»,- հայտարարել է Մամուլի միջազգային ինստիտուտի փոխտնօրեն Էլիսոն Բեթել ՄակՔինզին: Նեդիմ Շեները «Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» վերնագրով իր գրքում փորձել է հնարավորինս լույս սփռել սպանության մութ կողմերի վրա, ինչի համար նրա դեմ բազմաթիվ մեղադրանքներ են առաջ քաշվել թուրքական Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Մեղադրող կողմը Շեների համար պահանջում էր 32,5 տարվա ազատազրկում, մինչդեռ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի համար պահանջվում է 20 տարվա ազատազրկում: Սակայն երկարատեւ դատական քաշքշուկներից հետո այս տարվա հունիսի 4-ին թուրքական դատարանը արդարացրեց նրան: Հիշեցնենք, որ իր գրքի համար Նեդիմ Շեներն այս տարի արժանացել էր նաեւ «Աբդի Իփեքչիի» անվան Թուրքիայի հեղինակավոր լրագրողական մրցանակին: