Իսկ սուսերամարտի մեկ համազգեստն արժե 500-700 եվրո

17/06/2010

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Տալու փոխարեն վերցնում են» լուրը մեծ աղմուկ է առաջացրել Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայում եւ այդ մարզաձեւով հետաքրքրվողների շրջանում: Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք մի երեւույթի, որն արդեն տարիներ շարունակ տեղի է ունենում այս ֆեդերացիայում եւ մարզական որոշ դպրոցներում: Նշել էինք, որ մարզիկներին աջակցելու եւ խրախուսելու փոխարեն՝ մարզիչներից ոմանք եւ ֆեդերացիայի աշխատակիցները մարզիկների ձեռքից վերցնում են միջազգային ֆեդերացիաների կողմից նվիրված հագուստները: «Սովորաբար միջազգային, եվրոպական ֆեդերացիաները տարբեր երկրների հավաքականների մարզիկներին անվանական (տվյալ մարզիկի անունով) հագուստ են նվիրում: Օրինակ, 2009թ. Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում կայացած սուսերամարտի աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնության ժամանակ մարզիկներին կրկին հագուստ էին նվիրել, սակայն Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիան` ի դեմս նախագահ Արմեն Գրիգորյանի, մարզիկների ձեռքից վերցրել էր դրանք: Ըստ մեր տեղեկությունների` ֆեդերացիան այդ մարզահագուստները վաճառում է այլ մարզիկների: Հատկապես սուսերամարտի մարզահագուստը շատ առանձնահատուկ է, եւ մարզիկների համար ոչ մատչելի»,- գրել էինք մենք: Հրապարակման օրը խմբագրություն եկավ մարզիչ Անդրանիկ Արազյանը` հերքում պահանջելու նպատակով: Հասկանալի էր, որ նրա այցի մասին ֆեդերացիայի նախագահը պարտադիր տեղյակ կլիներ: Մեր պնդմանը, որ՝ ոչ միայն մարզիկների ձեռքից վերցրել են նրանց նվիրված անվանական մարզահագուստները, այլեւ որոշ դեպքերում մարզիկներին չեն տրվել նրանց հասանելիք օրապահիկները, պատասխանեց. «Մարզիկներին չենք տալիս, որ չգնան իրենց համար բոթաս, շոր առնեն ու սոված մնան: Սոված մարզիկը չի կարող մրցել: Չինական չնթիկներով երկիր են գնում ու տված փողով բոթաս են առնում…»: Սա առնվազն տարօրինակ է այն առումով, թե ինչո՞ւ են մեր մարզիկները «չինական չնթիկներով» գնում Եվրոպա: Եվ երկրորդ, այդ ինչպե՞ս է, որ մի մարզիչը օրապահիկը տալիս է մարզիկներին, իսկ մյուսը` ոչ: Այնուհետեւ Ա. Արազյանը փորձում էր համոզել, իբրեւ թե այդ մարզահագուստները տրվել են Ֆեդերացիային` այն էլ շնորհիվ Ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի: Այնինչ, մեր երիտասարդ մարզիկներից շատ-շատերը լավագույնս տիրապետում են անգլերեն լեզվին եւ առնվազն իրենց անունը մարզահագուստների տուփերի վրա կարողանում են կարդալ: Այնուհետեւ մեր զրույցի ընթացքում Ա. Արազյանը մկրատ ուզեց եւ սկսեց մի թուղթ կտրատել: Կտրատած անսկիզբ-անավարտ թուղթը, որը տպագրում ենք, ներկայացրեց որպես հերքման տեքստ:

 

Գրված է` «2009 թվականին Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում կայացած սուսերամարտի աշխարհի առաջնությանը մասնակցել են 2 հայ մարզիկներ՝ Սպարտակ Հարությունյանը եւ Ռոբերտ Խաչատրյանը։ Պատվիրակության կազմում են եղել նաեւ Հայաստանի սուսերամարտի հավաքականի մարզիչ Անդրանիկ Արազյանը եւ գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը։ Տվյալ առաջնության շրջանակներում Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից հայտ ներկայացրած մարզիկների քանակով հագուստ է տրամադրվել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիային։ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի անձնական կապերի շնորհիվ՝ ՀՀ սուսերամարտի ֆեդերացիան 2-ի փոխարեն ստացել են 5 կոմպլեկտ սուսերամարտի հանդերձանք։ Հանդերձանքը անվանական չի եղել եւ չի պատկանել կոնկրետ այդ մրցույթին մասնակցող մարզիկին։ Այս հանդերձանքն այսօր էլ գտնվում է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի տրամադրության տակ եւ հերթական միջազգային մրցումների ժամանակ մարզչական խորհրդի որոշմամբ տրամադրվում է մարզիկներին։ Վերջիններս մրցումներին օգտագործում են այդ մարզահագուստը, որից հետո վերադարձնում են ֆեդերացիային»։ Բացարձակ սուտ. նախ, միջազգային ֆեդերացիաները այդ քայլով աջակցում են այն երկրների մարզիկներին, որոնց ֆեդերացիաները օգնության կարիք ունեն: Այնպես որ, միջազգային ֆեդերացիայի գործունեության մեջ դա ընդունված ավանդույթ է: Մարզահագուստներ են տրվել նաեւ Վրաստանի մարզիկներին: Ի դեպ, սուսերամարտի մարզահագուստի գինը 500-700 եվրո է, եւ մարզիկներից շատերը, ստիպված, իրենք են գնում այդ հագուստը: Իսկ նշյալ մարզահագուստները կամ վաճառվում են, կամ տրվում են իրենց «ցանկալի» մարզիկներին, եւ ոչ թե նրանց, ում դրանք նվիրվել են: Ի դեպ, երեկ Ա. Արազյանի եւ մեր միջեւ տեղի ունեցած զրույցը` հատկապես օրապահիկների մասը, քննարկվել է ֆեդերացիայում, ինչը եւս հաստատում է, որ նրա այցը կազմակերպված էր: Երեկ Ֆեդերացիայի ղեկավարությունը փորձել է պարզել, թե ո՞ր մարզիկներն են պատմել այս մասին: Շատ-շատերը: Ի դեպ, ի գիտություն Ֆեդերացիայի ղեկավարությանը. մարզաշխարհում, ոչ միայն Հայաստանում, նաեւ ընդունված է, որ ֆեդերացիաների, մարզական ակումբների ղեկավարները լինում են այնպիսի մարդիկ, ովքեր աջակցում են տվյալ մարզաձեւի զարգացմանը, նաեւ՝ որպեսզի մարզիկները «չինական չնթիկներով» չհասնեն, օրինակ, Եվրոպա: Եվ մարզիկների մարզահագուստները, կեցության բոլոր խնդիրները նրանք հոգում են` ինչ-որ կերպ նաեւ վերցնելով այդ բեռը պետության ուսերից:

Մարզչի այցից հետո մի բան բաց մնաց. ինչո՞ւ էր նա հետաքրքրվում, թե արդյոք խմբագրությունում հոգեբան կա՞: Չկա, նման հաստիք հաստատ չկա: Իսկ Ֆեդերացիայում կա՞:

«168 ԺԱՄ»