«Գրետան շատ բարի սիրտ ունի, երբեք մարդկանց վնաս չի տա»,- ասում է ծանր հաշմանդամություն ունեցող երեխայի մայրը

17/06/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

12-ամյա Գրիգորի հայացքն ինքնապաշտպանողական է: Վերջերս իրենց «տան» փոքրիկ պատուհանից նայելիս ականատես է եղել, թե ինչպես է իրենց բակում մի մարդ ծառից ամրացրած պարանով խեղդամահ եղել: Ինքնասպանության սարսափելի տեսարանը դաջվել է այս փոքրիկի աչքերի մեջ: Գրիգորի «մեծավարի» կեցվածքը, «դուխով» երեւալու բարդույթը, հարցերիս պատասխանները գտնելու համար խորիմաստ մտքերը վկայում են, որ չնայած 12 տարեկան հասակին, այդուհանդերձ, նա պատրաստ է կյանքին: Ասում է` «Երազում եմ ոստիկան դառնալու մասին: Ես էնպիսի ոստիկան կդառնամ, որ ինձ սիրեն: Արդար ու ազնիվ կլինեմ: Մարդկանց գլխին չեմ սարքի, մարդկանց կպաշտպանեմ»: Քույրը` Գրետան, մանկուց հաշմանդամ է: Նրա մոտ ի ծնե մանկական ցերեբրալ պարալիչ (ԺՃկ) հիվանդությունն է հայտնաբերվել, որը ծանր հաշմանդամություն է համարվում: «Ի ծնե հիվանդություն ա, որը շուրջօրյա խնամք ա պահանջում»,- ասում է Գրետայի մայրը` Սուսաննան, ով երեք երեխաների մայր է եւ ապրում է աննկարագրելի վատ պայմաններում: Գրիգորը հաճախ ստիպված է լինում մորը փոխարինել եւ խնամել ավագ քրոջը: Գրետային շատ է սիրում եւ հաշմանդամ քրոջը նեղացնող ցանկացած մեկին պատրաստ է «շանսատակ» անել: Սակայն մի բան կա, որից Գրիգորը վախենում եւ սթրեսի մեջ է ընկնում: Գրետայի մոտ հատկապես գիշերվա ժամերին նոպաներ են սկսվում. «Էպիլեպսիա էլ ունի: Գլխուղեղի շրջանում սուր ցավեր են սկսվում, ու շատ պատահական սկսում ա ցավից ոռնալ, ընկնում ա գետնին, սկսում ա թպրտալ: Խեղճ երեխեքս քնած տեղը` սթրեսի մեջ են ընկնում»,- ասում է Սուսաննան, ով աղջկա նոպաների ժամանակ հանգստացնող դեղահաբերով է միայն կարողանում օգնել: Գրիգորը սարսափում է «թպրտացող» մարդու տեսարանից, որովհետեւ մշտապես հիշում է ինքնասպանություն գործած մարդու վերջին շնչառության թպրտոցը: Վախենում է, որ մի օր քույրն էլ այդպես… Վերջերս Գրիգորը դպրոցից վերադարձել է տուն, փակվել է սենյակում եւ բոլորից թաքուն սկսել է լաց լինել: «Հետո իմացա, որ դասարանցիները հարցրել էին` դո՞ւ էլ ես հիվանդոտ: Մի անգամ քրոջը տեսել են ու նման հարց են տվել: Երեխես շատ տառապեց»,- ասում է Սուսաննան, ով խոսելուն զուգահեռ՝ ամեն վայրկյան Գրետայի անկանոն շարժումներին է հետեւում: Չնայած ուղեղի անկանոն զարգացմանն ու ֆիզիկական թերությանը, այդուհանդերձ, Գրետան կիսատ-պռատ մտքերով արտահայտվում է: Ասում է` «Դու իմ հորքուրն ես, չէ՞»: «Հա՛»,- զարմացած ասում եմ: Գրետան ցայտնոտով սենյակից դուրս է գալիս ու հանրակացարանի միջանցքով մեկ բարձրաձայն հայտարարում է` «Ինքը իմ հորքուրն ա, եղա՞վ, իմ հորքուրն ա, իմ հորքուրն ա…»… Խոսքերի արձագանքը տարածվում է ամբողջ հարկաբաժնով մեկ, որը շենքի բնակիչների մոտ «քրքջոց» է առաջացնում: Գրետան շատ բարի սիրտ ունի, ամենաշատը սիրում է մարդկանց: Մշտապես ուզում է դուրս գալ, մարդկանց միջավայրում գտնվել, բայց մարդիկ խուսափում են նրանից: Մայրն ասում է` «Ես հասկանում եմ մարդկանց, ինքը քայլելիս չի կարողանում հավասարակշռված քայլել ու կարող ա առանց հասկանալու մարմնով խփել մարդկանց: Դա դիտմամբ չի անում, ուղղակի մարմինը չի կարողանում կառավարի, ոտքերը անկանոն ա դնում: Անընդհատ իրան դուրս ա գցում, բայց բոլորը փախնում են, կարծում են՝ իրանց վնաս կտա: Ինքը շատ ա սիրում մարդկանց, երբեք վնաս չի տա, ուզում ա մոտենա, շփվի, բայց իրանից փախնում են»: Երբ Գրետան սենյակից դուրս է վազում` հանրակացարանի ընդհանուր միջանցքում խմբված մարդիկ արագ «ցրվում» են իրենց սենյակներ: Հարեւանները հաճախ դժգոհում են Գրետայի «մարդամեջ» դուրս գալուց, վախենում են իրենց երեխաների անվտանգության համար: Իսկ երբ Գրետան ուզում է մարդկանց ապացուցել իր սերը` վերցնում է ավելն ու սկսում է մաքրել հանրակացարանի բոլոր սենյակների դիմացի հատվածը, ընդհանուր միջանցքներն ու հարակից տարածքները: Հայրը` Արմենն, ասում է, որ աղջկա համար մշտապես ավել է գնում, որովհետեւ` «Ինքն իրեն լավ ա զգում, ուզում ա մարդկանց համար մի լավ բան անի, ապացուցի, որ ինքը վնաս չի տա, օգտակար կլինի, ու ամբողջ տարածքը ավլում ա: Տեսնում եմ, որ հոգեպես բավարարվում ա, դրա համար էլ ավել եմ առնում, որ իրա սերն արտահայտի՝ ոնց կարում ա: Ինքը ծառայող, մի լավ բան անող, բարի հոգի ունի»: Մի բան էլ կա, որ Գրետան անսահման սիրում է` մարդկանց լուսանկարները: Այս հաշմանդամ աղջիկը մարդկանց կարիքն այնքան շատ է զգում, որ այդ պակասը լրացնում է անշունչ լուսանկարներով: Արմենն ասում է` «Եթե մի նկար տաս ձեռքը, ամբողջ օրը էդ նկարին կնայի, կպաչի ու դոշին սեղմած էդ օրը դրանով կզբաղվի: Անծանոթ մարդկանց նկարները կպցնում ա դոշից ու քնում ա»: Մեկ-մեկ էլ փաթեթավորված սննդամթերքների կամ ձողիկների գունազարդ նկարներն է ուզում ու սկսում է քնքշորեն շոյել դրանք: Գրետան ազատություն է ուզում, բայց ծնողները նրան «փակել» են մի տարածքում, որտեղ անգամ առողջ մարդը երկու ժամ չի դիմանում: «Մարդկանց ռեպլիկները, հայացքները շատ են ցավեցնում թե՛ մեզ, թե՛ երեխեքին: Համ ինքն ա վատ զգում, համ էլ մենք»: Գրետան ծնված օրից մինչեւ հիմա գերեզմանատան կողքին գտնվող իրենց հանրակացարանից այն կողմ չգիտի ինչ կա… Երեխաներից փոքրը` Մարիամն, ամեն օր լաց է լինում եւ չի ցանկանում մանկապարտեզից տուն վերադառնալ: «Մամա, դու ինչի՞ ես ինձ ծնել: Ես չէի ուզում, որ դու ինձ ունենայիր»,- այս ծանր խոսքերը 6-ամյա Մարիամը հաճախակի է ասում մորը:

«Միակ մարդը, ով Գագիկ Բեգլարյանին ընտրել ա` ես եմ»

Երեք երեխա խնամող Արմենն ու Սուսաննան չափազանց սիրով ամուսիններ են, ովքեր ապրում են մի տարածքում, որի մասին քաղաքային իշխանություններն անգամ հավանաբար տեղյակ չեն: Վարդաշեն 9-րդ փողոց, 70 շենքը երկհարկանի նախկինում «Կանաչապատման տրեստ» կոչվող հաստատության վարչական շենքն է: 11 տարի առաջ պետությունը՝ որպես անօթեւան ընտանիք՝ Արմենին ու Սուսաննային այս շենքում սենյակ է հատկացրել, որը ներկայումս ոչ սեփականաշնորհման է ենթակա, ոչ էլ` քանդման: Շինությունը գտնվում է ամայի մի տարածքում, որի մի կողմում գերեզմանատունն է, իսկ մյուս կողմերից այն շրջապատված է գաջի, պանրի եւ այլ գործարաններով: «Էստեղ հաճախակի պայթեցումներ են անում, ինչ-որ հանքեր են գտել, ու էդ ահավոր պայթյունների ժամանակ շենքն ավելի է քարուքանդ եղել»,- ասում է Արմենը` ցույց տալով «մի դար» ապրած շենքի հսկայական ճաքերն ու փլվածքները: Ընդհանրապես այս տեղանքը լի է օձերով եւ կարիճներով, այդ իսկ պատճառով տարածքի բնակիչները պարբերաբար օձերի ու կարիճների խայթոցներից հայտնվում են հիվանդանոցներում: Պատահում է` չեն հասցնում, որովհետեւ շտապօգնության մեքենաները չեն կարողանում այս հասցեն գտնել. «Ի՞նչ մեղադրես: Մի անգամ երեխան վատացել էր, շտապօգնություն կանչեցինք, գիշերվա ժամ էր, խեղճերը եկել, կորել էին: Մեկ էլ իմացանք, որ մեքենան ընկել ա ցեխերի մեջ ու չի կարողանում դուրս գա: Բժիշկները շշմել էին, ասում էին` է՞ս ինչ բան ա, եկել ենք օգնություն ցույց տալու, բայց մենք ավելի շատ օգնության կարիք ունենք: Գիշերվա հազարին մեքենա ենք ճարել, բուքսիր ենք արել, որ շտապօգնության մեքենան ցեխից հանենք»: Սուսաննան վստահեցնում է, որ բազմիցս դիմել են պետական կառույցներին` խնդրելով մասնագետներ ուղարկել շենքում ուսումնասիրություն կատարելու համար: Մեկ ամիս առաջ նա դիմել է Սեյսմիկ պաշտպանության ծառայություն` ահազանգելով շենքի խիստ վթարային իրավիճակի մասին, սակայն ստացել է զավեշտալի պատասխան. «Ասեցին` ձեր շենքը սեփականաշնորհված չի, չենք կարող գալ ուսումնասիրություն կատարել: Այսինքն` եթե սեփականաշնորհված չի, ուրեմն` շենքում ապրող մոտ 22 ընտանիք կարող են մի օր մնալ փլատակների տակ: Ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրի»: Սուսաննա Հովհաննիսյանն ամենաշատը վիրավորված է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից, որովհետեւ շենքի միակ մարդը, ով հավատացել է նրան` ինքն է: Ավագանու ընտրությունների ժամանակ երկհարկանի շինության բոլոր բնակիչները Գ. Բեգլարյանի դեմ բոյկոտ էին հայտարարել եւ որոշել էին նրան չընտրել. «Պատկերացրեք, որ մենակ ես եմ իրան հավատացել, բոլորն ասում էին` չընտրես իրան, ոչ մի բան էլ չի անելու, բայց ես, չգիտեմ ինչի, հավատում էի, որ ընտրվելուց հետո մեզ տիրություն կանի: Ամբողջ շենքում մենակ ես եմ իրան ընտրել, բայց արի ու տես… Ընտրություններից առաջ եկել էր Վարդաշեն: Մեզնից մի երկու կանգառ ներքեւ հանրակացարան կա, էնտեղ հանդիպում ունեցավ բնակիչների հետ: Մենք էլ էինք էնտեղ, ուզեցանք մոտենալ, խնդրել, որ մեր տարածք էլ բարձրանա, բայց իրա մարդիկ չթողեցին: Ես վստահ եմ, որ ինքը մինչեւ հիմա էլ չգիտի մեր շենքի գոյության մասին, երեւի որ իմանա՝ մի բան կանի»: