4 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել

17/06/2010

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի ինքնասպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Ըստ ՀՔԾ-ի` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա` ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն բաժանմունքի ավագ օպեր-լիազորներ Գ.Դավթյանին, Գ.Ղազարյանին եւ օպեր-լիազոր Մ. Հայրապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նյութերն օրենքով նախատեսված կարգով տրամադրվել են կողմերին` ծանոթանալու համար: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության պետ Ա.Սարգսյանին` ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում հիշյալ դեպքի հետ կապված խախտումները եւ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ ապրիլի սկզբին գողության մեջ մեղադրվող Վահան Խալաֆյանն ինքնասպանություն էր գործել, մինչդեռ իրավապաշտպանների կարծիքով՝ կատարվածը սպանություն է ոստիկանական բաժնում: