Այսօր մեծ տարածաշրջանում իրավիճակը` 2000թ. համեմատությամբ, աստիճանաբար դեպի հակառակ կողմն է փոխվում: Հայաստանը, որը նոր-նոր է որոշակի գծեր ձեռք բերում առկա պրոբլեմատիկ փոխհարաբերությունների համատեքստում, կարող է սխալվել եւ այս իրավիճակը գնահատել որպես չափազանց բարենպաստ կամ, նվազագույնը` դրական: Սա խաբուսիկ պատկերացում է:
Իսրայելն ու ողջ հրեական աշխարհը կսկսեն պատժել կամ ամենաքիչը անհարմարություն պատճառել (հատկապես՝ տնտեսական ու ֆինանսական) եւ հոգեբանական մուկն ու կատու խաղալ քրդերի հետ (տարածքային):
Մուկն ու կատու նրանք կարող են խաղալ նաեւ մեզ հետ, առավել եւս, որ ցեղասպանության հարցը վերջին 5 տարիներին կարող է ավելի արդիական դառնալ, քան քուրդ անջատողականների շարժումը: Քրդական ալիքը կարող է նոր մակարդակի բարձրանալ: Այս ամենը Իսրայելի գործիքներն են:
Թուրքիան նույնպես իր գործիքներն ունի:
Մենք պետք է մի կողմ կանգնենք. եթե հրեաներն ուզում են օգտագործել ցեղասպանությունը` թող օգտագործեն: Դա նրանց ու թուրքերի խնդիրն է:
Թուրքերը կարող են մոտենալ կամ հեռանալ մեզանից, ինչպես Իրանն է այժմ անում, սակայն թող ոչ ոք չխաղա մեր արժանապատվության հետ: Մենք պետք է բոլորին հասկացնել տանք, որ Հայաստանը ճիշտ գնահատական տալու եւ ներսում երկկողմ հարաբերություններ խաղալու բավական մեծ հնարավորություններ ունի: Մեզ, իհարկե, ճանապարհներ են պետք դեպի այդ երկու կողմեր, բայց ոչ ազգային արժանապատվության հաշվին, որից ավելի կարեւոր բան քաղաքականության մեջ չկա: Պարզապես այս ամենն արտահայտվում է տարբեր ձեւերով:
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պիտի հասկանան, որ Հայաստանն այն երկիրն է, որը շարունակում է ապրել երկարատեւ ու դաժան շրջափակման ու հակամարտության պայմաններում եւ գոյատեւելու ուժեղ իմունիտետ է ձեռք բերել: Սա ազգի պատմական ճակատագիրն է: Առկա խնդիրների պայմաններում մենք պետք է գտնենք ԶԱՐԳԱՑՄԱՆ մեր ուղին. դա մեր ներքին արդարությունն է: Ազգային կյանքի ներսում արդարությունն ամենագլխավոր խնդիրն է. մենք գոնե հիմա պետք է հասկանանք, որ պետության մեջ արժեքավոր կադրերի ճիշտ գնահատականը, ընտրությունն ու ռոտացիան ինքներս մեզ այս աշխարհում գտնելու կարեւորագույն պայման է: Առանց դրա չկա հաջողություն:
Մեր անկախության ողջ ընթացքում Իրանը պատրաստվում է ինչ-որ դրական նախագծերի եւ … սրանով ամեն ինչ ավարտվում է: Իսկ հիմա էլ նրանք, այսպես ասած` «սիլիբիլի» են անում մեր հարեւանների՝ ադրբեջանցիների ու վրացիների հետ: Վերջիններս նրանց համար իսկական նվեր են Աբխազիան ու Հարավային Օսեթիան կորցնելուց հետո: Իսկ Ադրբեջանը իսլամական պետության մշտական ու վաղուցվա գլխացավանքն է: Թուրք-իրանական ալյանսը քննարկման առանձին թեմա է՝ հաշվի առնելով, որ Թուրքիան խիստ նեղացած է ԱՄՆ-ից: Ես հասկանում եմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Թուրքիայի իսլամականացումը:
Թուրքիայի ղեկավարությունը միշտ էլ մեծ դիվիդենտների դիմաց վաճառել է իսլամական աշխարհի եւ Արեւմուտքի միջեւ իր միջնորդական դերը: Եվ առաջին հերթին` պարծենալով, թե իրենք ԱՄՆ-ի ռազմավարական մերձավոր գործընկերներն են: Որքա՞ն է «նստում» ԱՄՆ-ի ու Եվրոպայի վրա Թուրքիա կոչվող նախագիծը: Ի՞նչ տեղի կունենա թուրքերի հետ այս նոր պայմաններում, երբ տարածաշրջանում առաջնորդ դառնալու հավակնություն ունեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Իրանը, Սիրիան եւ «կենդանի» առաջնորդ Սաուդյան Արաբիան…
Մենք պետք է զուսպ եւ հավասարակշռված լինենք, մտածենք մեր սեփական հարաբերությունների մասին եւ պատրաստ լինենք տարածաշրջանի մեր հարեւանների կողմից անսպասելի առաջարկներին: Միաժամանակ, իրավիճակն օբյեկտիվ գնահատելով, մենք պետք է տեսնենք մեր ուժը` առանց որի երկրի ու ազգի նկատմամբ լուրջ վերաբերմունք լինել չի կարող: