Զգուշացեք պաղպաղակից ու ձվերից

17/06/2010

Սպառողների ասոցիացիայի իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում վաճառվող սննդամթերքի եւ դեղորայքի 30 տոկոսն անորակ է: «Հիմնականում պահպանման ժամկետներն են խախտվում: Նշվում է` պահպանության ժամկետը 6 ամիս է, սակայն չի նշվում, թե որ օրվանից սկսված: Սա քողարկված խաբեություն է»,- երեկ հայտարարել է ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա` չի մակնշվում նաեւ Հայաստանում արտադրվող պաղպաղակի 90 տոկոսը: Այնինչ պաղպաղակի սպառողը հիմնականում երեխաներն են: Իսկ ինչ վերաբերում է լցնովի պաղպաղակին, ապա Ա. Պողոսյանի ասելով` այդ սարքավորումներն ընդհանրապես պետք է վերացվեն փողոցներից. «Ցավոք, չլուծված հարց է փողոցային առեւտուրը: Տասնյակ տարիներ այս հարցը բարձրացրել ենք, բոլոր քաղաքապետերն ընտրվելու առաջին օրը խոստացել են արմատախիլ անել այս երեւույթը, սակայն դրական քայլերը քիչ են: Պարզ հարց եմ տալիս՝ այն մարդը, որը փողոցում ուտելիք է վաճառում, որտե՞ղ է լվացվում»: Ա. Պողոսյանը սպառողներին խորհուրդ է տալիս սննդամթերք գնելիս՝ անպայման ստուգել արտադրության ժամկետի մակնշումը: Եվ եթե այն բացակայում է, չպետք է այլեւս օգտվել այդ ընկերության արտադրանքից: «Չենք կարող բոլորին վերահսկել եւ պարտադրել, պարզապես սպառողը պետք է չգնի խախտում կատարած ընկերության արտադրանքը»,- նշել է Ա. Պողոսյանը` հավելելով, որ դա լավագույն պատժամիջոցը կլինի: «Որպեսզի մարդ առողջ եւ երկար ապրի, պետք է հրաժարվի վնասակար սովորույթներից, աշխատանքի, հանգստի եւ քնի ռեժիմ սահմանի, հրաժարվի յուղալի եւ աղի սննդամթերքից»,- հորդորել է Պողոսյանը` հիշեցնելով, որ օրվա ընթացքում սննդակարգում պետք է ընդգրկել 400 գրամից ոչ պակաս միրգ եւ բանջարեղեն: