Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մովլութ Չավուշօղլուն Երեւան կատարած այցելության ժամանակ Հայոց ցեղասպանության հարցում ի ցույց դրեց Թուրքիայի ազգային դիրքորոշումը, սակայն Կիպրոս կատարած այցելությամբ, ընդհանուր հաշվով, հիասթափեցրեց Կիպրոսի թուրքերին: Այս մասին գրում է թուրքական «Yenia» պարբերականը` անդրադառնալով Մովլութ Չավուշօղլուի կիպրական այցելությանը, որի շրջանակում վերջինս մասնակցում էր Լիմասոլում տեղի ունեցած խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: «Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) Անթալիայի պատգամավոր Մովլութ Չավուշօղլուն ընտրվեց ԵԽ ԽՎ նախագահ: Մինչ Թուրքիայի վզին ուղղակի փաթաթվել են տարածաշրջանային խնդիրները, մեր շահերից է բխում Չավուշօղլուի զբաղեցրած պաշտոնը: Դա հատկապես կարեւոր է կիպրական հիմնախնդրի կարգավորման համար, որի առնչությամբ ընթացող բանակցությունները թեւակոխել են վճռորոշ փուլ: Սակայն ԵԽ ԽՎ նախագահ Չավուշօղլուն հիասթափեցրեց Կիպրոսի թուրքերին…»,- գրում է թերթը` ավելացնելով, որ կիպրական հիմնախնդրի առնչությամբ ԱԶԿ-ի որդեգրած քաղաքականությունը հարվածում է Թուրքիայի «ազգային հարցին», իսկ Չավուշօղլուի կիպրական այցելությունն անընդունելի է: «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը հրաժարվեց մասնակցել այդ համաժողովին եւ չմեկնեց Հարավային Կիպրոս: Ինչպես հայտնի է, Թուրքիան Կիպրոսի Հանրապետությանը չի ճանաչում որպես կղզում միակ գերիշխող պետություն, եւ ճանաչում է նրան որպես Հարավային Կիպրոս: Սակայն 1974-ից ի վեր Կիպրոսի Հանրապետությունը չճանաչելու թուրքական իշխանությունների այս դիրքորոշման մեջ սկսեց նոր կողմ ձեւավորվել ԱԶԿ-ի իշխանության օրոք… Կիպրական հիմնախնդրի առնչությամբ վերջինիս որդեգրած քաղաքականությունը վնասում է մեր ազգային հարցին եւ շարունակելու է վնասել: ԱԶԿ-ի հիմնադիրներից համարվող Չավուշօղլուն, փաստորեն, ճանաչելով Կիպրոսի Հանրապետությունը, Հարավային Կիպրոս ժամանեց Լառնակայի օդանավակայանով: Իսկ սա անընդունելի մեծ սկանդալ է: Իսկ եթե նշվում է, թե Չավուշօղլուն` որպես ԵԽ ԽՎ նախագահ, ուղղակի չէր կարող չմասնակցել այդ համաժողովին, ապա նա Կիպրոս պետք է մուտք գործեր Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Էրջան օդանավակայանով եւ գնար Լիմասոլ: Իսկ նման իրավիճակում Կիպրոսի հունական հատվածը թույլ չէր տալու, որպեսզի Չավուշօղլուն հյուսիսից անցներ հարավ, եւ խոչընդոտելու էր նրա մասնակցությունը համաժողովին: Մինչդեռ ողջ աշխարհը եւս մեկ հնարավորություն կունենար տեսնելու կղզում տեղի ունեցող իրադարձությունների իրական կողմը»,- գրում է թերթը: Զուգահեռներ անցկացնելով Չավուշօղլուի` հայաստանյան եւ կիպրական այցելությունների միջեւ, թերթը նշում է, որ ԵԽ ԽՎ-ի ազգությամբ թուրք ղեկավարը նախեւառաջ պետք է պաշտպանի իր երկրի շահերը։ «Չավուշօղլուն` որպես ԵԽ ԽՎ նախագահ, երեւանյան այցելության ժամանակ ցուցադրելով ճիշտ դիրքորոշում` չայցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նման կեցվածք նա չկարողացավ ցուցադրել Կիպրոսում: Իսկ երբ Երեւանում լրագրողները փորձում էին պարզել, թե ինչու Չավուշօղլուն չայցելեց Ծիծեռնակաբերդ, նա պատասխանեց, որ Վեհաժողովի կանոնակարգում չկա որեւէ դրույթ, որը կպարտադրեր նախագահի այցելությունը այս կամ այն վայր: Իսկ մի՞թե վատ կլիներ, եթե Չավուշօղլուն կղզի այցելեր Թուրքիայի կողմից ճանաչված Էրջանի օդանավակայանով: Մի՞թե վատ կլիներ, եթե նրան օդանավակայանում դիմավորեր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանի նախագահը: Մի՞թե վատ կլիներ, եթե Չավուշօղլուն Կիպրոսում ցուցադրեր Թուրքիայի ազգային դիրքորոշումը, ինչն արեց Երեւանում: Արդյո՞ք նման քայլերը չեն խոսում այն մասին, որ ԱԶԿ-ի դիրքերը թուլացել են կիպրական հիմնախնդրի կարգավորման հարցում: Թուրք ազգը պարտավոր է հաշիվ պահանջել այս անհեռատեսության համար…»,- եզրափակում է թուրքական պարբերականը: