Էհա՜, այծերը եկան

17/06/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Արեւորդի» բնապահպանական-մշակութային փառատոնն իր ծրագրերից շատերը հասցեագրում է երեխաներին` էկո-ակումբների ցանցի միջոցով խրախուսելով բազմատեսակ ֆիլմերի ստեղծումը: Հայաստանի տարբեր մարզերում գործող ակումբները յուրատեսակ լաբորատորիայի դեր են կատարում, որտեղ հեռավոր գյուղերի ու քաղաքների երիտասարդ բնակիչները ստեղծագործելու շանս են ստանում:

Նրանք նկարում, նկարահանում, քանդակներ են պատրաստում ու հեքիաթներ են գրում` սոցիալական տարբեր խողովակների միջոցով փորձելով փոխազդել սեփական բնակավայրի խնդիրների վրա ու միաժամանակ` տեղեկություններ են հավաքում: Ի դեպ, տեղեկությունները միայն փաստերի հավաքագրումով չեն լինում, այլեւ` արվեստի կանոններին ծանոթանալով: «Արեւորդի» փառատոնի կազմակերպիչ «Վայրի բնության ու մշակութային արժեքների» հիմնադրամը արվեստին կրթական ծրագրերի տեսք է տալիս ու իր բոլոր ակցիաներն ուղեկցում է կամ ցուցահանդեսներով, կամ էլ ֆիլմերի դիտմամբ: Շատ հաճախ դիտելու պրոցեսը խթանի դեր է կատարում ու երեխաներին դրդում է սեփական ուժերով ֆիլմեր պատրաստել: Նման ակումբային մոդելից բազմատեսակ ֆիլմեր են ծնվել, որոնց ճակատագիրը հենց ներցանցային «սպառում» ունենալն է, քանի որ շատերը ուսուցման պրոցեսի մաս են կազմել: Ֆիլմերը չեն դիտարկվել որպես ինքնանպատակ ու ինքնաբավ արժեք, այլ ընդամենը խնդիրը բարձրաձայնելու միջոց են հանդիսացել: Սակայն պատանեկան ֆիլմերի այդ շարքում հանդիպում են նաեւ շատ ուշագրավ աշխատանքներ, որոնց կարող են «նախանձել» հասուն կինոռեժիսորներից շատերը: Դրանց շարքում է Գառնի-Գողթ «Արեւորդի» էկո-ակումբի պատանի սաների կողմից նկարահանված «Էհա» ֆիլմը, որն իր ժանրով կարճ վավերագրական ակնարկ է: Ֆիլմի հերոսը միայնակ ապրող հովիվ Վարդանն է, ում կյանքի ռիթմը շատ նման է Գառնու լեռների դարեր ի վեր ձգվող ու իմաստալի ռիթմին: Այծեր պահող հովիվը ոչ մի տեղ չի շտապում, չի ցանկանում փոխել իր միայնությունն ու քաղաք տեղափոխվել, նա պարզապես ապրում է: Եվ երջանիկ է:

Ի պատիվ ֆիլմի հեղինակների՝ պետք է նշել, որ նրանք կարողացել են խուսափել վավերագրական ֆիլմերին հատուկ շատախոսությունից` ֆիլմից վերացնելով կադրից դուրս հնչող տեքստը: Որպես ձայնային ուղեկցություն թողնված է միայն հովվի խոսքը, այծերի մկկոցը (որը նույնպես նմանվել է խոսքի), քամու սուլոցն ու թռչունների ծլվլոցը, ինչը առանձնահատուկ հմայք է հաղորդել եւ ֆիլմի հերոսին, եւ նրա բնակավայրին, եւ մարդկային անուններ ունեցող այծիկներին: Մարդը, բնությունն ու կենդանիները դրվել են մեկ հարթության վրա, որտեղ մարդ արարածը ոչ թե բնության «պսակն» է, այլ ընդամենը նրա տարրերից մեկն է (ինչն էլ, ի դեպ, մարդուն երջանկացնում է):

«Էհա»-ն շատ ջերմ ֆիլմ է, որտեղ հումորը, պոեզիան, բարդ կենցաղային առօրյան ու կենդանիների հանդեպ ցուցաբերած սերը օրգանապես իրար են կապվում: Հովիվը հպարտությամբ նշում է, որ իր այծերից մեկը Կասսանդրա հնչեղ անունն է կրում, եւ ժամանակ առ ժամանակ պահոցից հանում է մաթեմատիկական բանաձեւեր պարունակող իր տետրը` վերհիշելու ու չմոռանալու համար: Երբեմն էլ` այցելում է սարի գագաթին ապրող իր ընկեր մեղվապահին: Մարդկային խնդիրները (զավակներից հեռու լինելը, տան վերանորոգման անհրաժեշտությունն ու անպիտան դարձած մաթեմատիկոսի մասնագիտությունը) շեշտադրվում են ճիշտ այնքան, որքան պետք է հովվին հասկանալու համար: Ոչ ավելին: Զուսպ կառուցվածք ու ընդամենը 15 րոպե տեւողություն ունեցող «Էհա» ֆիլմը հաճույքով ես դիտում: Պատանի հեղինակները կարողացել են հովվի կերպարի միջոցով ներկայացնել իրենց հայրենիքի` Գառնիի ձգողական ուժը: Եվ դա արել են՝ զերծ մնալով իլյուստրատիվ տուրիստական ուղուց: Գառնու տաճարն ու վերամբարձ խոսքերը բացակայում են, ընդամենը ինքնամփոփ հովիվ է ուգ ողջ տիեզերքը: Պատանի գառնեցիները ստեղծել են շատ որակյալ ֆիլմ, որն էլ օրիգինալ ու բարձրաճաշակ համակարգչային շրջանակ ստանալով` պատրաստվում է աշխարհ դուրս գալ: Լոկալ պատմությունը գլոբալ միջավայր է տեղափոխվում:

Օրեր առաջ հայտնի է դարձել, որ ֆիլմը ընդգրկվել է «Panda Award» փառատոնի «Wildscreen» կինոմրցույթի short list-ում (եզրափակիչ փուլ անցած ֆիլմերի ցուցակում): «Panda Award»-ը վայրի բնության ու շրջակա միջավայրի պահպանմանը նվիրված փառատոն է, որը տարբեր հանդիպումներ, սեմինարներ, քննարկումներ ու գործնական դասընթացներ է անցկացնում էկոլոգիական թեմաներով: Այդ փառատոնը հաճախ «Կանաչ Օսկար» են անվանում, քանի որ այն ամենահեղինակավոր ստուգատեսն է բնության մասին պատմող կինոաշխատանքների ոլորտում: Փառատոնն անցկացվում է 2 տարին մեկ անգամ` Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում, իսկ կազմակերպիչներն են «BBC» ընկերությունն ու «Animal Planet» հեռուստաալիքը: Որպես կանոն՝ փառատոնին իրենց ֆիլմերով մասնակցում են աշխարհի ամենախոշոր հեռուստաընկերությունները, քանի որ բնության մասին ֆիլմ նկարահանելը ոչ միայն շատ թանկարժեք, այլեւ` կոմերցիայի տեսակետից` անհեռանկարային ներդրում է համարվում: Բնությունը, կենդանական աշխարհը հիմնականում դառնում են այն ֆիլմերի հիմքը, որոնց արտադրողները սոցիալական պատասխանատվություն են կրում շրջակա միջավայրի հանդեպ: Այս տարվա «Wildscreen»-ի մրցութային ծրագրում, օրինակ, հիմնականում ներկայացված են ամերիկյան, անգլիական, ֆրանսիական խոշոր ֆիլմարտադրող հեռուստաընկերությունների («BBC», «National Geographic», «Discovery», «Arte») արտադրանքները: Եվ այդ շարքում հայաստանցի դպրոցականների ֆիլմի հայտնվելը մի կողմից՝ դիտվում է որպես արտառոց երեւույթ, իսկ մյուս կողմից` իրապես մեծ ձեռքբերում է: Դա ճանապարհ է, որը «թեւեր» է տալիս ու մղում է առաջ շարժվել: Պատանի հայաստանցի հեղինակների թիկունքում կանգնած չէ ոչ մի խոշոր ընկերություն, նրանց ընդամենը խորհուրդներով օգնել են «Արեւորդիի» կազմակերպիչները:

«Էհա» ֆիլմում ակնարկվում է, որ հովիվ Վարդանը միայն իրեն հատուկ «թեւերի» տեր է դարձել, միգուցե հետագայում ֆիլմի հեղինակներն էլ կկարողանան ավելի լայն ասպարեզ դուրս գալ ու կինոն մասնագիտություն դարձնել: Համենայնդեպս, «Պանդա» մրցույթը լավ հնարավորություն է բացում «թռիչքի» համար, քանի որ երեխաներին արդեն իսկ հաջողվել է այդ հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլում հայտնվել: Իսկ դա նշանակում է, որ նրանց գործը դիտվելու, քննարկվելու եւ հուսանք` պարգեւատրվելու է:

Արդեն 15-րդ անգամ անցկացվող «Panda Award»-ն իր կարեւոր նպատակներից է համարում էկոլոգիական ֆիլմերի տարածումը, վաճառքն ու ֆիլմարտադրողի ու ալիքի համագործակցությունը: Դա լավ առիթ է Հայաստանի կինոարտադրանքը դրսում ներկայացնելու ու տարածելու համար: Այս հաջողությունը փաստում է նաեւ խելամիտ կրթական ծրագրեր ունենալու պահանջի մասին: Ցանկացած ոլորտում (մաթեմատիկայի, անասնաբուծության կամ կինոյի) հարկ է պատանիների համար գրավիչ ու հեռանկարային ծրագրեր մշակել ու կիրառել: Երբ երեխաները ոգեւորվում են ու սեփական աշխատանքի պտուղներն են տեսնում, ունակ են դառնում իրենց փոքր գյուղը Երկիր մոլորակի ամենահարմարավետ վայրը դարձնել: Եվ ֆիլմերում, եւ իրական կյանքում: