Միոման տարածված հիվանդություն է

17/06/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Արգանդի միոման բարորակ ուռուցք է, որն առաջանում է հյուսվածքային մկաններից: Բժշկության մեջ այն հաճախ կոչվում է ֆիբրոմա: Արգանդի միոման երբեմն հասնում է մեծ ուռուցքի չափի եւ կարող է կշռել մինչեւ 1 կիլոգրամ: Գտնվելու դիրքից կախված` տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ: Ամենահաճախ հանդիպող միոմայի տեսակը հենց արգանդի մեջ է, երբեմն`արգանդի վզիկում կամ` լորձաթաղանթի տակ, կամ էլ`արգանդի վրա: Ավելի հաճախ մի քանի միոմաներ միասին են նաեւ առաջանում: Առհասարակ միոման առաջանում է այն տարիքում, երբ կանայք ի վիճակի են ծննդաբերելու եւ երեխա ունենալու: Կլիմաքսի սկսվելուն զուգահեռ` այդ ուռուցքը կարող է նաեւ ներծծվել: Զարգացման վաղ շրջանում այն ընդհանրապես իր մասին զգացնել չի տալիս` հետեւաբար հերթական բժշկական զննման ընթացքում այն կարող է միայն հայտնաբերել բժիշկը: Այդ ժամանակ բուժելն ամենահեշտն է: Ավելի ուշ հայտնաբերելու դեպքում միոման ավելի լուրջ ու երկարատեւ բուժում է պահանջում: Կանայք պետք է ուշադիր հետեւեն դաշտանային ցիկլի ընթացքին, դրա տեւողությանն ու արյան քանակին: Պետք չէ սպասել անեմիայի առաջացմանը` շատ արյուն կորցնելու հետեւանքով, ինչպես նաեւ՝ արգանդի մկանների թուլացմանը: Հիվանդության զարգացման մյուս նախանշանները կարող են լինել որովայնի ներքեւի հատվածի կամ գոտկամասի ցավերը, որոնք կարող են առաջանալ միանգամից` նոպայի ձեւով, կամ բութ ցավի ձեւով` երբեմն ծննդաբերական ցավերի տեսքով: Ուռուցքի մեծացմանը զուգընթաց, սկսում են զարգանալ այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են` մյուս օրգանների սեղմվելը` աղիների կամ միզապարկի: Կանանց մոտ միզելու եւ փորկապության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Միմյանց հետ սերտ կապ ունեն նաեւ միոմայի զարգացումն ու սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Շատ հաճախ կանայք գանգատվում են սրտի շրջանում ցավերից կամ սրտի անբավարարությունից, արյան բարձր ճնշումից, երակների լայնացումից եւ այլն: Նման գանգատները Ձեզ պետք է ստիպեն, որպեսզի ոչ միայն գնաք սրտաբանի մոտ, այլեւ` գինեկոլոգի: Պետք է հաշվի առնել նաեւ բարորակ ուռուցքի՝ չարորակի վերածվելու վտանգը: Այն կարող է տեղի ունենալ ընդհանրապես չբուժվելու դեպքում:

Միոմայի զարգացման հիմնական պատճառը ձվարանների արտադրած հորմոնների ավելցուկն է համարվում: Այս տեսակետը բացատրվում է այն հանգամանքով, որ միոմայի չափերի մեծացումը դադարում է կլիմաքսի սկսվելու հետ: Հայտնի է նաեւ, որ միոմայի զարգացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ հակաբեղմնավորիչ դեղահաբերի ընդունումը: Միոմայի մեծացման պատճառներից մեկն էլ կարող է լինել երակների լայնացումը, որի հետեւանքով փոփոխվում են փոքր կոնքի օրգանները: Հիվանդության զարգացման պատճառներից են համարվում նաեւ քրոնիկական վարակները, նույնիսկ, եթե դրանց օջախները սեռական օրգաններում չեն: Միոմայի ախտորոշումը շատ հեշտ ու պարզ է: Այն կարելի է ախտորոշել գինեկոլոգի սովորական զննմամբ, ուլտրաձայնային հետազոտությամբ: Ամենաարդյունավետ միջոցը հիստերոսկոպիան է: Այն վիրաբուժական միջամտության ձեւ է, որը թույլ է տալիս հենց զննման ընթացում հեռացնել ուռուցքը (իհարկե, եթե այն չափերով շատ փոքր է): Միոմայի բուժումը թերապեւտիկ եւ վիրահատական բուժման ձեւ է ենթադրում: Թերապեւտիկ բուժումն իր մեջ ներառում է հորմոնային դեղամիջոցների ընդունումը, որոնք դանդաղեցնում են ուռուցքի զարգացումը` նվազեցնելով չափերը: Բուժման այս մեթոդը թույլ է տալիս կանխել միոմայի մեծացումը, մինչեւ կլիմաքսի շրջանը, որից հետո այս սկսում է ներծծվել: Պետք է նկատել, սակայն, որ այս մեթոդի արդյունքում, հորմոնային դեղամիջոցների երկարատեւ գործածությունից հատկապես երիտասարդ կանանց մոտ կարող է օստեոպարոզ առաջանալ:

Վիրահատական միջամտությունը ուռուցքի հանգույցների հեռացում է ենթադրում` կամ ամբողջությամբ` արգանդով հանդերձ, կամ պահպանելով միայն արգանդի վզիկը: Սովորաբար բժիշկները փորձում են վերարտադրողական օրգան-համակարգերին հնարավորինս ձեռք չտալ` հաշվի առնելով հետազոտման արդյունքներն ու տարիքը: Այն կանանց մոտ, որոնք ժամանակին են դիմել բժշկի, հնարավոր է հանգույցները հեռացնել՝ առանց արտաքին կտրվածքների: Նման վիրահատությունից հետո նույնիսկ անկողնային ռեժիմ չի նախատեսվում: Այնպես որ, նշված որեւէ ախտանիշի դեպքում առաջին հերթին պետք է դիմել մասնագետի օգնությանը: Իսկ մինչ այդ կարելի է դիմել նաեւ ժողովրդական միջոցներին, օրինակ` կոճապղպեղի օգնությանը: Միոմայով, նաեւ ադենոմայով տառապող հիվանդները նախաճաշին խաշած բրնձի հետ կարող են խմել կոճապղպեղով թեյ: 1 բաժակ թեյին` 1 պտղունց աղացած կոճապղպեղ:

Կլիմաքսի ժամանակ 1 գդալ մատուտակի մանրացրած արմատին ավելացնել 0,5լ ջուր եւ 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Քամել եւ խմել օրը 3 անգամ` ուտելուց հետո: Այս դեպքում շատ լավ միջոց է նաեւ էլեուտերոկոկի արմատը: Դրա համար անհրաժեշտ է 50գ էլեուտերոկոկի արմատների վրա լցնել 0,5լ 40 տոկոսանոց սպիրտ կամ օղի, թրմել 15 օրվա ընթացքում: Այն պետք է պահել զով եւ մութ տեղում, ապա ընդունել 20 կաթիլ` ուտելուց 30 րոպե առաջ: Այն կարելի է ընդունել 30 օր շարունակ: Բազուկի հյութը շատ արդյունավետ միջոց է դաշտանի հետեւանքով առաջացած անհանգստացնող երեւույթների ժամանակ, ինչպես նաեւ՝ շատ օգտակար է կլիմաքսի ընթացքում: