Ստամբուլում եւ Թուրքիայի 19 տարբեր նահանգներում Ոստիկանության համաժամանակյա գործողությունների ընթացքում 60 կին է ձերբակալվել, ովքեր համապատասխան գումարի դիմաց ինտերնետով՝ MSN-ի միջոցով մերկացել են: Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Թուրքիայում մեծ թիվ են կազմում այնպիսի կայքերը, որտեղ մտնող այցելուն վճարելով բջջային հեռախոսների լիցքավորման համար օգտագործվող պայմանական միավորներ` կոնտուրներ, կարող է 10 րոպե դիտել, թե ինչպես են մերկանում աղջիկները: Կոնտուրները գումարի փոխարեն ավելի են նախընտրում այցելուները, քանի որ խուսափում են վճարային քարտերով գումար փոխանցելուց, ինչը վտանգավոր է նման կասկածելի կայքերի պարագայում: Այնուհետեւ կայքերի տերերն այդ կոնտուրները վաճառում են` այն վերածելով դրամի: Հիմնականում MSN-ում իրականացվող ստրիպ շոուների գլխավոր պայմանն այն է, որ աղջիկները մերկանում են առանց դեմքը ցուցադրելու, որը ստիպել է տարբեր մասնագիտություն ունեցող կանանց, այդ թվում` տնային տնտեսուհիներին, զբաղվել ինտերնետ ստրիպտիզով:
Թուրքական ոստիկանության հաղորդագրության համաձայն, ինտերնետ ստրիպտիզի օրական շրջանառությունը կազմում է 7 մլն դոլար, իսկ նման կայքերը հասնում են 300-ի, որտեղ այցելուների առաջ մերկանում են 1000-ի մոտ երիտասարդ կանայք եւ աղջիկներ: Թուրքիայի քրեական օրենսգրքով, սակայն, ինտերնետում կանանց մերկանալը հանցանք չէ, եթե մերկացողները անչափահասներ չեն կամ պարտադրանքով չեն դա արել: Ուստի Թուրքիայի ոստիկանությունը որոշել է հիշյալ կայքերի տերերի նկատմամբ առաջադրել մեղադրանք` «Անվայելուչ տեսարաններ, գրություններ կամ խոսքեր տարածելու եւ դրա միջոցով մարմնավաճառության դրդելու» հոդվածով: