Տարօրինակ երեւույթներ են տեղի ունենում Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայում: Մարզիկներին աջակցելու եւ խրախուսելու փոխարեն՝ նրանք նույնիսկ մարզիկների ձեռքից վերցնում են միջազգային ֆեդերացիաների կողմից նվիրված հագուստները: Սովորաբար միջազգային, եվրոպական ֆեդերացիաները տարբեր երկրների հավաքականների մարզիկներին անվանական (տվյալ մարզիկի անունով) հագուստ են նվիրում: Օրինակ, 2009թ. Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում կայացած սուսերամարտի աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնության ժամանակ մարզիկներին կրկին հագուստ էին նվիրել, սակայն Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիան` ի դեմս նախագահ Արմեն Գրիգորյանի, մարզիկների ձեռքից վերցրել էր դրանք: Ըստ մեր տեղեկությունների` ֆեդերացիան այդ մարզահագուստները վաճառում է այլ մարզիկների: Հատկապես սուսերամարտի մարզահագուստը շատ առանձնահատուկ է եւ մարզիկների համար ոչ մատչելի: Երեկ մենք փորձեցինք այս կապակցությամբ զրուցել Ա. Գրիգորյանի հետ, սակայն ֆեդերացիայի հեռախոսահամարներին պատասխանող չկար: