Մեր տեղեկություններով, Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը օդի տուրքի հսկայական պարտք է կուտակել: Արդեն բավական ժամանակ է, ընկերությունը պետբյուջե չի փոխանցում ավիատոմսերի արժեքի մեջ ներառված 10 հազարական դրամները, ինչի հետեւանքով պետությանը մոտ 1 միլիարդ դրամի պարտք ունի: Հիշեցնենք, որ նախորդ տարվանից, ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ օդային տրանսպորտի միջոցով ելքի համար գանձվող պետական տուրքը, որը կազմում է 10 հազար դրամ, ներառվել է ավիատոմսի արժեքի մեջ: Այն գանձում է ավիատոմսերի վաճառքն իրականացնող ընկերությունը` պարտավորվելով գումարը փոխանցել պետբյուջե: Թե ինչու «Արմավիան» ուղեւորներից գանձած գումարները չի փոխանցել պետբյուջե, փորձեցինք պարզել ընկերությունից եւ Հարկային պետական ծառայությունից: Մեր հարցադրումը գրավոր փոխանցեցինք ավիաընկերության մամուլի քարտուղարին: «Արմավիայի» եւ ՀՊԾ մամուլի ծառայությունները խոստացան այսօր պատասխանել մեր հարցին: Պատասխանները կտպագրենք մեր թերթի հաջորդ համարում: Նշենք, որ օդի տուրքից պետբյուջե մուտքագրվող գումարները տարեկան հասնում են 7 մլրդ դրամի: