Արդեն մի քանի տարի օգոստոս ամսին երկրի ֆինանսական շուկան ցնցվում է,
երկրորդ շաբաթից հետո ազգային դրամն արժեւորվում է։ Տնտեսության դասական
պատկերացումների համաձայն` պիտի որ հակառակը լիներ։ Անզեն աչքով անգամ
նկատելի է, որ այդ ամսին զբոսաշրջիկները սովորականից շատ են։
Իշխանությունները սիրում են խոսել տուրիզմի աճի մասին` ընդգծելով, որ
տուրիստների ներդրումները երկրի տնտեսության զարգացման պայմաններից մեկն
է։ Նոր ուսումնական տարվա շեմին առեւտրային բում է սկսվում։ Մարդիկ
տարադրամի լուրջ խմբաքանակ են հանում շուկա` աշակերտ-ուսանող երեխաներին
հագուստ ու գրենական պիտույք գնելու։ Ուսումնական տարվա առեւտրի ծավալը
պատկառելի է Հայաստանի տնտեսության համար եւ իր մասշտաբներով զիջում է
միայն Սուրբ Ծննդյան նախատոնական իրարանցումին։ Փորձագիտական տվյալներով`
բնակչությունը լրացուցիչ 25-30 մլն դոլար է ծախսում այդ օրերին։ Գումարի
մեծ մասը փոխանակվում է դրամի։ Այս ու զբոսաշրջիկների ծախսած տարադրամը
պիտի որ տարադրամի ավելցուկ առաջացներ շուկայում։ Հետեւաբար տարադրամը
պիտի արժեզրկվեր։ Մինչդեռ տեղի է ունենում տրամագծորեն հակառակը։
Տարադրամի շուկայում աշխատող սպեկուլյանտներն արդեն գիտեն այս
առանձնահատկությունը։ Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ ֆինանսական խոշոր
սպեկուլյանտներն օգտվում են այս իրավիճակից։ Փորձագիտական կարծիքներ կան,
որ այն արհեստական է ձեւավորվում եւ ոչ առանց Կենտրոնական բանկի ջանքերի։
ԿԲ-ի հաշվետվությունների ուսումնասիրությունն է նման կարծիք ձեւավորում։
Օգոստոսի 5-12-ն ընկած ժամանակահատվածում շուկան բնական էր արձագանքել
տարադրամի առաջարկի աճին։ Սակայն ԿԲ-ն, հավանաբար ցանկանալով նվազեցնել
շրջանառվող դոլարի քանակը, 1 դոլարը 448,5 դրամով` 3 մլն դոլար գնեց։
Հաջորդ` 12-19-ն ընկած ժամանակահատվածում նոր քայլեր կիրառվեցին։
Շրջանառության մեջ եղած ազգային դրամի զանգվածը նվազեցվեց մոտ 2 մլրդ 100
մլն դրամով։ Կանխիկ դրամի ծավալը եւս կրճատվեց 1 մլրդ 825 մլն դրամով։
Դրամի քանակի նվազումը, բնականաբար, մեծացրեց նրա պահանջարկը եւ
փոխանակման արժեքը։ 1 դոլարն արժեր 478 դրամ։ Ազգային դրամի կուրսի հետագա
«աճը» կանխելու նպատակով ԿԲ-ն 800.000 դոլար վաճառեց։ Դրամի կուրսն
օգոստոսի վերջից եւ սեպտեմբերին սկսեց դանդաղ ետ սողալ, կայունանալով
440-450-ի սահմանագծում։ Ամռան ամիսներին տարադրամի 3 մլն-անոց առքն ու
800.000-անոց վաճառքը հայկական շուկայում նկատվող երեւույթ է, որովհետեւ
այս ամիսների սովորական միջին ցուցանիշը 30-70 հազար դոլար է ընդամենը։
Ո՞ւմ են ձեռնտու սպեկուլյատիվ խաղերը ֆինանսական շուկայում. հարցը
միանշանակ պատասխան չունի։ Կարելի է միայն ենթադրություններ անել։
Այնուամենայնիվ, ավելի կարեւոր է հասկանալ, թե զբոսաշրջության եւ առեւտրի
պիկի այս պահին` օգոստոսին, ինչպե՞ս է հնարավոր ազգային դրամի
արժեւորումը։ Տնտեսագետներն այս անտրամաբանական փաստը բացատրում են
հայկական տնտեսության ներքին օրինաչափություններով։ Կփորձեմ ներկայացնել
ամենատրամաբանական եւ միաժամանակ ամենասրամիտ բացատրությունը։ Բոլորը`
նույնիսկ պետական պաշտոնյաներն ընդունում են, որ տնտեսությունը
Հայաստանում անհամամասնորեն է զարգանում։ Ամենավատն այն է, որ այդ
զարգացումից հասարակությունը համամասնորեն չի օգտվում։ Բոլշեւիկյան
բառապաշարով ասած` հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են
աղքատանում։ Փորձագիտական տվյալներով` հարուստ համարվում է հասարակության
10-15%-ը։ Իսկ պաշտոնական տվյալներով` աղքատ ու շատ աղքատ է համարվում
հասարակության գրեթե կեսը։ Մնացած մասին սովորաբար միջին խավ են որակում։
Ահա այդ միջին խավը, աղքատ եւ շատ աղքատ բնակչության հետ համարյա լրիվ
կազմով օգոստոս ամիսն անցկացնում է Հայաստանում։ Հենց նրանց գրպանի հաշվին
էլ կատարվում է օգոստոսյան նախաուսումնական առեւտուրը։ Հարուստ խավը
օգոստոսին համարյա լրիվ կազմով Հայաստանում չէ։ Օգոստոսը, հասկանալի բան
է, արձակուրդի շրջան է։ Մարդիկ մեկնում են արտասահման` վաստակած հանգստի։
Բնականաբար, իրենց ծախսելիք գումարը երկրից դուրս տանելով։ Արդյունքում`
մնացած բնակչության տոնավաճառային ծախսերը, զբոսաշրջիկների ներկրած
տարադրամի ծավալը չի կարողանում բավարարել տնտեսության տարադրամային
պահանջարկը։ Որովհետեւ հասարակության 85%-ի ծախսերն ու գումարած
զբոսաշրջիկների օգոստոսյան քանակը ավելի փոքր են, քան հարուստ 15%-ի
առօրյա ծախսերը։ Երբ օգոստոսյան կուրսի տատանման տնտեսագիտական
բացատրությունն էի փնտրում, տնտեսագետներից մեկն առաջարկեց. «շատ չխորանալ
ու սպասել»։ Ըստ նրա` օգոստոսի վերջին Հայրենիք կվերադառնան չինովնիկների
ազնիվ դասը, պատգամավորներն ու օլիգարխները։ Իրար տեսնելու առիթով
մեկ-երկու սեղան կգցեն։ Տարադրամով փակված սեղանի հաշիվները միանգամից
երկրի ֆինանսական շուկան կհեղեղեն տարադրամի ավելցուկով։ Արդյունքում` այն
նորից կէժանանա, իսկ դրամը նորից արժեւորման փառահեղ փուլ կմտնի։ Եվ
այսպես, մինչեւ համընդհանուր արձակուրդի նոր փուլ։
Այս մասին կարելի էր գրել հենց օգոստոսին, սակայն որոշեցի սպասել եւ
ստուգել։ Կանխատեսումը կարծես իրականացավ։ Իսկ եթե դուք չեք հավատում,
կարող եք պաշտոնական մարմինների պաշտոնական կայքերում սեփական
հետաքննությունն անցկացնել։ Ու կպարզեք, որ նախ` բոլոր օլիգարխները,
նախարարները, պատգամավորները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ օգոստոսին
իսկապես Հայաստանում չէին։ Եվ երկրորդ` որ մենք` մնացած ամբողջ
բնակչությամբ տարադրամի շուկայում այնքան էլ նկատելի գործոն չենք։ Մեր
բոլորի ծախսերը ֆինանսական շուկայում որեւէ հետք չեն թողնում։
Անհամամասնական տնտեսություն ասածը հենց սա է։