«Օրինաց Երկիրն» ապաստան էր տվել կեղծարարներին

15/06/2010

Երեկ խմբագրություն էր զանգահարել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Գեւորգյանը: Վերջինս ներկայացրեց, թե ինչպես նախորդ ամռանն իր ընտանիքի անդամները դարձան զեղծարարների «զոհ»: Բանն այն է, որ Ա. Գեւորգյանի աղջիկը Քոբուլեթիում հանգստանալու համար 4 հոգու համար ուղեգիր էր գնել, եւ միայն այնտեղ հասնելուց հետո էին պարզել, որ ուղեգրերը կեղծ են: Ավելին` պարզվել էր, որ նման իրավիճակում են հայտնվել մոտ 100 մարդիկ, որոնցից շատերն ուղեգրեր էին ձեռք բերել ոչ միայն Քոբուլեթի, այլեւ Անթալիա գնալու համար: Տուրիստական այդ ընկերությունն իր «ծառայությունների» մասին վազող տողով հայտարարություններ էր տալիս նաեւ տարբեր հեռուստաալիքներով: Այն գործում էր Երեւանի Արշակունյաց պողոտայում գտնվող Մամուլի շենքի 3-րդ հարկում, որն, ըստ Ա. Գեւորգյանի` պատկանում է «Օրինաց Երկիր» կուսակցությանը: Այսինքն` քաղաքական կուսակցությունն իր հարկի տակ ապաստան էր տվել նորաբաց մի ընկերության, որի հիմնադիր-ներկայացուցիչները նույն ընտանիքի անդամներն էին` հայր, մայր, 2 քույր եւ որդի: «Ես պարզապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող էր քաղաքական կուսակցությունը նման կեղծարարներին տարածք հատկացնել: Ներողություն, բայց այստեղ արդեն լուրջ կասկածներ կան»,- նկատեց խմբագրություն զանգահարած ակադեմիկոսը, ում եւ մյուս տուժածների հայցերը այժմ գտնվում են դատարանում: Ի դեպ, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել զեղծարար ընտանիքի դեմ դատական առաջին նիստը, որն, ըստ ներկաների, չգիտես ինչու, հետաձգվել է: Դատական երկրորդ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 12:30-ին: Տարօրինակն այն է եղել, որ դատարանում ընտանիքը հանդես է եկել 2 ճակատով` աղջիկը` 26-ամյա Արաքս Մանուկյանը` իբրեւ պատասխանող կողմ, իսկ ընտանիքի մյուս անդամները` իբրեւ վկաներ: «Մեր մտավախությունն այն է, որ դատարանը կարծես փորձում է գործը «լվանալ» ու փակել: Այդ դեպքում մենք լիովին վստահ կլինենք, որ քրեական աշխարհն ու քաղաքական կուսակցությունները սերտ հարաբերությունների մեջ են: Մտածելու այլ տարբերակ չեն թողնում»,- ասաց ԳԱԱ ակադեմիկոսը: