ԵԽ ԽՎ-ն մեկ տարի առաջ ընդունեց Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին այդ «շարքի» թվով չորրորդ` 1677 բանաձեւն ու բարեփոխումներին վերաբերող մի շարք հորդորներ հղեց մեր իշխանություններին:
Դրանից հետո ԵԽ ԽՎ-ն ու ՀՀ հարցով զբաղվող նրա կառույցներն առանձնապես հետեւողականություն չդրսեւորեցին իրենց հորդորների կատարման հարցում: Փոխարենը՝ ԵԽ ԽՎ 34 պատվիրակներ օրերս ստորագրել են մի հայտարարություն, որով կոչ են անում ակտիվացնել ԵԽ չգործող ժամանակավոր հանձնաժողովների գործունեությունը: Այս հայտարարությունը վտանգավոր է այն առումով, որ ԵԽ ԽՎ-ում կա նաեւ ԼՂՀ-ի հարցով մի չգործող ենթահանձնաժողով: Այդ ենթահանձնաժողովը ստեղծվել էր 2005թ. ընդունված հայտնի Աթկինսոնի 1416 բանաձեւի արդյունքում, բայց ըստ էության չէր գործել: Եվ եթե հանկարծ եվրոպական այդ կառույցը նման որոշում կայացնի եւ վերակենդանացնի այդ հանձնաժողովը, ապա Մինսկի խմբից բացի, ԼՂՀ հարցի կարգավորմամբ կսկսի զբաղվել նաեւ ԵԽ-ն: Իսկ այս հայտարարությունը միակը չէ այդ ենթահանձնաժողովի ակտիվացման ուղղությամբ: ԵԽ ԽՎ ազգությամբ թուրք նախագահ Մովլութ Չավուշօղլուն այս տարի արդեն այդ հարցի վերաբերյալ իր ցանկությունը հայտնել է: Այնպես որ, այս կառույցի ղեկավարն աշխատում է այդ ուղղությամբ, եւ չի բացառվում, որ հանկարծ մի օր ԼՂՀ հարցը քննարկվի նաեւ ԵԽ ԽՎ-ում: Հատկապես, երբ Ադրբեջանն անընդհատ իր դժգոհությունն է հայտնում Մինսկի խմբի աշխատանքների կապակցությամբ:
ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող կազմի անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ նախ՝ մեր պատվիրակությունն ինքը պետք է այս ենթահանձնաժողովին տրամաբանորեն հակառակ փաստաթուղթ դներ շրջանառության մեջ, որովհետեւ ԵԽ-ն չունի հակամարտությունների կարգավորմամբ զբաղվելու մանդատ: «Եվ եթե հանկարծ այդ կառույցը սկսի զբաղվել ԼՂՀ խնդրով, ապա կարգավորումը տանելու է փակուղի: Հենց այս հիմքով մենք պետք է փաստաթուղթ պատրաստեինք եւ դնեինք շրջանառության մեջ, որը պիտի իսպառ բացառեր 1416 բանաձեւի գործունեությունը: Կարծում եմ, որ մեր պատվիրակությունն արդեն կնախաձեռնի եւ նման մի փաստաթուղթ կդնի շրջանառության մեջ»,- ասում է Զ.Փոստանջյանը:
ԵԽ ԽՎ ամառային նիստը սկսվելու է հաջորդ շաբաթ` հունիսի 21-ին, եւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը պետք է մեկնի Ստրասբուրգ: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը չցանկացավ մանրամասնել, թե որեւէ քայլ պատրաստվո՞ւմ են անել ընդդեմ այդ ենթահանձնաժողովի ակտիվացմանը: «Ես միայն կարող եմ ասել, որ մենք համաձայն չենք այդ մոտեցման հետ, եւ կներկայացնեմ իմ մոտեցումները»,- ավելացրեց Դ.Հարությունյանը:
ԵԽ ԽՎ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը նույնպես խիստ վտանգավոր է համարում այդ հանձնաժողովի ակտիվացումը, որովհետեւ 1416 բանաձեւում ԼՂՀ պատերազմը որակվել է որպես ադրբեջանցիների էթնիկ զտում: «Կամ հստակ պահանջ կար հայկական զորքերի դուրս բերում «օկուպացված տարածքներից», ինչպես նաեւ որակում կա, թե ԼՂՀ իշխանություններն «անջատողական լիդերներ» են եւ նման մի քանի ձեւակերպումներ: Ես համարում եմ, որ Մինսկի խումբը միակ ճիշտ ֆորմատն է ԼՂՀ հակամարտության կարգավորման համար, եւ ինչ-որ այլ կամ մրցակից ֆորմատներ ստեղծելը բանակցություններին միայն խանգարելու են»,- ասում է Ա.Գրիգորյանը:
Ա.Գրիգորյանը նաեւ պատահական չի համարում, որ ԵԽ ԽՎ-ում հիմա նման փաստաթուղթ է դրվել շրջանառության մեջ, որքան էլ որ դա արված լինի ադրբեջանական լոբբիի կողմից: Նրա կարծիքով՝ դա կարող է նաեւ ԼՂՀ բանակցություններում որպես ճնշման միջոց լինել հայկական կողմի նկատմամբ: «Վերջերս անընդհատ լուրեր կային միջազգային ու հայկական մամուլում, թե ինչ-որ վերջնաժամկետներ Հայաստանը չի կարողացել կատարել, լրացուցիչ ժամանակ է խնդրել, եւ այլն: Այսինքն, ինչ-որ տպավորություն կա, որ հայկական կողմը դիմադրում է ինչ-որ ճնշումների, եւ այդ ճնշումները հիմա ավելացնում են հայկական կողմի դիմադրությունը մի փոքր մեղմելու համար»,- կարծում է Ա.Գրիգորյանը:
Արդեն հայտնի է, որ ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանի հարցը չի քննարկվելու: Քննարկվելու է միայն Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, որտեղ պատվիրակությունը պետք է ներկայացնի ՀՀ հարցով համազեկուցողների պահանջած` մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի առաջարկությունների եւ ԵԽ ԽՎ բանաձեւերի հանձնարարականների կատարման ժամանակացույցը: Այդ ժամանակացույցը գարնանային նիստի ընթացքում Դ.Հարությունյանը մասամբ ներկայացրել է հանձնաժողովին, բայց այս անգամ պետք է լիարժեք ներկայացնի: Հիշեցնենք, որ Դ.Հարությունյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է զբաղվում այդ առաջարկությունների մոնիտորինգով: Եվ ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտին մոնիտորինգի միջանկյալ զեկույցը նա պետք է ներկայացներ ԱԺ-ին, ինչը դեռ չի արել: Դ.Հարությունյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ չմանրամասնեց, թե ինչ է ներկայացնելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին: Հիշեցնենք, որ Հայաստանը գտնվում է ԵԽ ԽՎ մոնիտորինգի ռեժիմում, եւ այդ հանձնաժողովը պետք է պարբերաբար անդրադառնա մեր երկրին: Սակայն արդեն երկու անգամ հետաձգել է քննարկումը, որովհետեւ նիստին ներկա չեն եղել ՀՀ հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն: Վերջինիս ծունկը ձմռանը կոտրվել էր, Պրեսկոտն էլ իր հայրենի Անգլիայում անընդհատ զբաղված է ինչ-որ գործերով: Նրանք արդեն 2 անգամ հետաձգել են նաեւ Հայաստան կատարելիք իրենց այցերը: Եվ եթե հանկարծ համազեկուցողները որոշեն այս անգամ էլ չմասնակցել մոնիտորինգի նիստին, չի բացառվում, որ այս անգամ էլ այդ հանձնաժողովում Հայաստանի հարցով քննարկում չլինի, կամ լինի շատ հպանցիկ անդրադարձ: Նաեւ տեղեկացնենք, որ արդեն լրանում է համազեկուցողներից Կոլումբիեի պաշտոնավարման ժամկետը, եւ Հայաստանի հարցով այլ համազեկուցող պետք է նշանակվի: ԵԽ ԽՎ լիագումար նիստում, սակայն, Հայաստանի հարցին որոշ անդրադարձ լինելու է: Այդ կառույցը զեկույց է պատրաստել մոնիտորինգի ռեժիմում գտնվող երկրների մասին, եւ մեր երկրի մասին քննարկում լինելու է այդ զեկույցի շրջանակում: