Լուրջ չե՞ն վերաբերվել

15/06/2010

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե իր գլխավորած նախարարությունը նախկինում լուրջ չի վերաբերվել աղետի գոտու բնակարանաշինության որակին: «Ի սկզբանե մենք պետք է ավելի լուրջ մոտենայինք այդ խնդրին, ինչպես հիմա ենք մոտենում, այդ դեպքում նման թերություններ չէին լինի»,- ասել է նա` նկատի ունենալով 2009թ. դեկտեմբերին ՀՀ նախագահի կողմից հայտնաբերված թերությունները: Վարդանյանի ասելով` նախագահի այցից հետո եւ՛ նախարարությունը, եւ՛ շինարարական կազմակերպությունը վերանայել են իրենց աշխատանքը եւ թերությունները վերացրել են: Հիշեցնենք, որ աղետի գոտում շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպությունը, որի կազմը նախարարի հանձնարարականով փոփոխման է ենթարկվել: Վարդանյանը տեղեկացրել է, որ աշխատանքից ազատվել են շինարարության որակի հետ առնչություն ունեցող եւ իրենց գործը թերի կատարած մասնագետները: