Շիկահողի հարցը նորի՞ց է բարձրանում

02/10/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի 89 կմ-անոց ավտոճանապարհի կառուցումը թեւակոխում
է նոր փուլ: Խոսակցություններ կան, որ իշխանությունները մտադրություն
ունեն խախտել հանրությանը տված իրենց խոստումը: Հիշեցնենք, որ այդ
ճանապարհի 17 կմ հատվածը պետք է անցներ «Շիկահող» պետական արգելոցի
տարածքով, իսկ Ծավ-Վերիշեն հատվածն անցնելու էր Մթնաձորի տեղամասով:
Ոչնչացվելու էր 30 հա կուսական անտառ. հատվելու էին տասնյակ հազարավոր
հասուն եւ մատղաշ ծառեր, հիմնականում` կաղնի եւ բոխի:

Արգելոցին հասցրած վնասը կազմելու էր 4,5 մլրդ դրամ: Բնապահպանական
հասարակական կազմակերպությունների (ՀԿ) բարձրացրած աղմուկից հետո նախագահի
մակարդակով Կապի եւ տրանսպորտի նախարարության նախագիծը չեղյալ համարվեց:
Որոշվեց, որ նոր տարբերակով ճանապարհը պետք է անցնի Շիշկերտ գյուղով,
այսինքն` կայացվեց Շիկահողի արգելոցին ձեռք չտալու որոշում: Արդեն այդ
տարբերակով հատվելու էր ընդամենը 300-400 ծառ: Նոր տարբերակը 6 կիլոմետրով
երկարացնելու էր ճանապարհը եւ նախատեսված ծախսերն ավելացնելու էր 1 մլրդ
դրամով: Մինչդեռ ճանապարհը կառուցելու համար պետբյուջեից հատկացվել էր 9,3
մլրդ դրամ, որից 30 մլն դրամը ծախսվել է արդեն չեղյալ համարված նախագծի
աշխատանքների վրա: Եվ հիմա իբրեւ թե ճանապարհը նորից կարճացնելու եւ
ծախսերը թեթեւացնելու համար վերին օղակներում մտածում են այլ տարբերակներ
մշակելու մասին: Այս դեպքում ճանապարհը պետք է շրջանցի Շիշկերտ գյուղը եւ
անցնի Ծավ եւ Վերիշեն գյուղերի միջով, նորից արգելոցի տարածքով: Այսինքն՝
պետք է ծառեր հատվեն: Պարզելու համար, թե շրջանառվող լուրերն
իրականությանը համապատասխանո՞ւմ են, եւ այս հարաբերական անդորրի ժամանակ
ի՞նչ է կատարվել շինարարական տեղամասերում, Վայրի բնության պահպանության
համաշխարհային ֆոնդը (WWF) եւ Ճգնաժամային էկոհամակարգերի գծով
համագործակցության (CEPF) կովկասյան ծրագրերի գրասենյակը կազմակերպել էին
ՀԿ-ների եւ լրագրողների մի խմբի այցելությունը «Շիկահող» արգելոց: Ծրագիրն
իրականացնում էր «Էկոլուր» ՀԿ-ն: Հին ճանապարհի Կապան-Շիկահող հատվածում
աշխատում էին տեղի եւ Ղարաբաղի երկու շինարարական կազմակերպություններ,
կատարում էին լայնացման աշխատանքներ: Ընթացքին մի փոքր հետեւելուց
զգացինք, որ նույնիսկ այս դեպքում բնության հասցրած վնասը նկատելի է:
Լայնացնելու համար` քանդվող զառիվայրերի վրա հանդիպած ծառերը, բնականաբար,
արմատախիլ էին արվում: Ուղղակի մխիթարիչ էր, որ հասուն ծառեր քիչ կային:
Հարթեցումից հետո ավելացած հողը լցնում էին ճանապարհի հակառակ կողմի
զառիվայր հատվածը, ուր խիտ անտառ էր: Արգելոցի տնօրեն Ռուբեն Մկրտչյանի
ասելով, այդ հողը շատ չէ եւ անտառի էկոհամակարգին վնաս չի կարող հասցնել:
Սակայն Կապանի «Խուստուփ» ՀԿ-ի տնօրեն Վլադիկ Մարտիրոսյանը համոզված է, որ
թափվող հողի շերտն անպայման կվնասի անտառին եւ կոչնչացնի նոր աճող
բուսականությունը: Արցախի «Կապավոր» շինարարական կազմակերպության
աշխատակից Սուրեն Մարտիրոսյանի ասելով` հատված ծառերի որակյալ մասը տանում
են: Թե ովքե՞ր եւ ո՞ւր. չկարողացավ պատասխանել: Իսկ մնացած մասն իրենք են
պահեստավորում, որ ձմռանը աշխատանքների ժամանակ վառեն: Այդ շինարարներից
տեղեկացանք, որ Արցախի «Դորոժնիկ» ընկերության աշխատակիցներն այժմ գտնվում
են Մեղրու լեռնանցքի վրա եւ առանձնապես մեծ աշխատանքներ չեն կատարում,
որովհետեւ, լսել են, որ շինարարության իրենց հատվածը պետք է փոխվի: Այս
լուրը ոչ պաշտոնական ճանապարհով հասել էր նաեւ Վլադիկ Մարտիրոսյանին եւ
արգելոցի տնօրենին: «Ես միայն կարող եմ ձեզ հավաստիացնել, որ թույլ չեմ տա
արգելոցից թեկուզ մի ծառ անգամ կտրեն,- ասաց Ռուբեն Մկրտչյանը: -Հակառակ
դեպքում, հենց առաջինը ես եմ աղմուկ բարձրացնելու»: Սյունիքի փոխմարզպետ
Ռոբերտ Սարգսյանն ընդհանրապես տեղյակ չէր. «Ես արձակուրդից նոր եմ եկել եւ
այդպիսի բան չեմ լսել»:

Այս լուրը մասամբ հերքեցին նաեւ Տրանսպորտի եւ Բնապահպանության
նախարարություններից. «Այդպիսի բան չկա, դրանք ասեկոսեներ են, որոնց
անդրադառնալու կարիք էլ չեմ տեսնում»,- Վարդան Այվազյանի խոսքերը փոխանցեց
նախարարի մամլո քարտուղար Արծրուն Պեպանյանը: «Շինարարական աշխատանքներն
ընթանում են կառավարության ընդունած արդեն փոփոխված նախագծի համաձայն,-
պատասխանեց Կապի եւ տրանսպորտի նախարարության մամլո քարտուղար Թամարա
Ղալեչյանը, -փոփոխված նախագծի փոփոխություն տեղի չի ունեցել: Ես չգիտեմ՝
դրանք ո՞ւմ տարածած լուրերն են, եւ ո՞ւմ են անհրաժեշտ»:

«Ծախսերը չավելացնելու համար անընդհատ նոր տարբերակներ է պետք գտնել,- ոչ
հերքեց, ոչ էլ հաստատեց նույն նախարարության ներդրումների վարչության պետ
Էդուարդ Կարապետյանը: -Եթե ավելի էժան ու ճանապարհը 1-2 կմ-ով կարճացնելու
տարբերակ կա, ինչո՞ւ պետք է հրաժարվել»:

Փորձը ցույց է տալիս, որ տարածված լուրերը որոշ ժամանակ անց իրականություն
են դառնում, իսկ թե այդպիսի լուրեր տարածելն ո՞ւմ է անհրաժեշտ, դեռ
կպարզվի: Հիշենք, որ հատված կաղնու եւ բոխու ծառերը պետք է հատկացվեն
Պաշտպանության նախարարությանը: Իսկ դրանք շատ թանկարժեք շինափայտ են եւ
հսկայական շահույթ կապահովեն: Կարծիք կար, որ այդ ճանապարհը կառուցվում էր
ծառերը կտրելու եւ շահույթ ստանալու համար: Որովհետեւ նույնիսկ ոչ
մասնագիտական աչքով նայելու դեպքում էլ հասկանալի է դառնում, որ Մթնաձորի
անտառով ու սարերով ճանապարհ անցկացնելը սարսափելի դժվար ու պետության եւ
արգելոցի համար վնասաբեր է լինելու: Կառուցելուց հետո էլ դրա ձմեռային
անանցանելիությունը եւ սպասարկման աշխատանքներն ավելի շատ են լինելու, քան
գործողինը: Այսպիսով դժվար է հավատալ, որ մեր վերին էշելոններում
ամբողջությամբ հրաժարվել են անտառ հատելու տարբերակից: Շատ հնարավոր է, որ
փող աշխատելու մարմաջը նոր մտորումների տեղիք է տվել: Իսկ մասնագետների
գնահատմամբ` ապահով ճանապարհ ունենալու ամենահարմար տարբերակը միայն
Քաջարան-Մեղրի թունելի շինարարության ավարտն է:

Ի դեպ, Արծրուն Պեպանյանը տեղեկացրեց, որ նախարարությունում խոսակցություն
կա «Հայաստան-Արցախ» հեռուստամարաթոն անցկացնելու մասին, որպեսզի
ավելացված հատվածի շինարարական աշխատանքների համար գումար հավաքվի: