Արենիի քարայրում հայտնաբերած կոշիկը լավ էր պահպանվել քարայրի միկրոկլիմայի ու սնկային մնացորդների բացակայության շնորհիվ, իսկ այժմ չգիտեն, ինչպես պահել կոշիկը, քանի որ այն արդեն սկսել է չորանալ: Այս մասին երեկ ասել է ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: «Կան հուշարձաններ, որտեղ գտել են նույն տարիքի ոտնամաններ: Սա առաջին դեպքն է, երբ հենց ոտնամանն է թվագրված, այլ ոչ թե միջավայրը: Այս դեպքում եւ՛ շերտն է թվագրված, եւ՛ կոշիկը: Տվյալ դեպքում այս կոշիկի տված տվյալն ամենաարժանահավատն է: Այդ պատճառով աղմուկն ավելի մեծ է, քան մյուս դեպքերում»,- ասել է Պ. Ավետիսյանը: Ըստ նրա` պեղումների արդյունքում հայտնաբերված կոշիկի ամբողջական անալիզը դեռ առջեւում է, քանի որ պետք է որոշվի` կոշիկը հագե՞լ են, թե՞ ոչ, եւ ի՞նչ կա դրա ներսում: