ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ Թուրքիայում մահափորձ է նախապատրաստվել, որը կանխվել է թուրքական եւ ռուսական հետախուզական ծառայությունների համատեղ գործողության արդյունքում: Թուրքական «Sabah» օրաթերթի փոխանցմամբ, Պուտինի` Թուրքիա կատարելիք այցելությունից առաջ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ահազանգ է ստացել, որ «Սեւ այրիներ» խմբավորման գրոհային Յ.Ի.-ն պատրաստվում է մահափորձ իրականացնել Պուտինի դեմ նրա այցելության ընթացքում: Ահազանգից հետո թուրքական հետախուզական ծառայության աշխատակիցներն արտակարգ միջոցառումներ են իրականացնում հնարավոր բոլոր այն վայրերում, որտեղից կարող էր Թուրքիա ներթափանցել չեչեն կին մահապարտը: Թուրքական անվտանգության ուժերի աշխատանքներին միանում են նաեւ Պուտինից առաջ Թուրքիա ժամանած ռուսական հետախուզության աշխատակիցները: Իսկ Պուտինի ժամանումից հետո նրա անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծվում է հետախուզության աշխատակիցներից բաղկացած 11 հոգանոց հատուկ թիմ, որն ամենուրեք ուղեկցում էր ՌԴ վարչապետին: