Եվրամիությունը վերահաստատում է

15/06/2010

Եվրամիության արտգործնախարարները երեկ Լյուսքեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ հատուկ փաստաթուղթ են ընդունել Հարավկովկասյան երեք երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ, որտեղ ընդգծել են տարածաշրջանի հետ կապերը ամրապնդելու եւ սերտացնելու` Բրյուսելի պատրաստակամությունը: «Եվրամիությունը սպասում է Հարավային Կովկասի երեք երկրների հետ Ընկերակցային համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցություններին, որոնք պետք է մեկնարկեն արդեն մեկ ամիս անց` այս տարվա հուլիսին»,- ասել են կառույցի 27 անդամ երկրների արտգործնախարարները` ընդգծելով, որ այդ համաձայնագրերը հնարավորություն կտան ամրապնդել քաղաքական կապերը, ինչպես նաեւ` «ապահովել տարածաշրջանի երկրների ինտեգրումը եվրոպական շուկաներ` ստեղծելով խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիներ»: Միաժամանակ, Եվրամիության խորհուրդը հերթական անգամ ընդգծել է, որ հարաբերությունների այդ` առավել սերտ աստիճանին հասնելու համար հարավկովկասյան երկրները պետք է բարեփոխումներ իրականացնեն ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ու լավ կառավարման ոլորտներում: «Գործընկեր երկրների ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաեւ՝ հավատարմությունը այս արժեքներին էական նշանակություն կունենան համաձայնագրերի կնքման եւ դրանց հաջող իրագործման համար»,- հայտարարել են ԵՄ արտգործնախարարները: Նրանք փաստաթղթում նաեւ ընդգծել են, որ չեն հրաժարվում Հարավային Կովկասի քաղաքացիների համար Եվրոպա մուտք գործելու պայմանները դյուրացնելու խոստումից. «Եվրամիությունը մնում է պատրաստակամ անցագրային ռեժիմի մեղմացման շուրջ Հարավային Կովկասի եւ արեւելյան մյուս գործընկեր երկրների հետ համաձայնագրեր կնքելու հարցում: Երբ այս համաձայնագրերը ստորագրվեն եւ հաջողությամբ կյանքի կոչվեն, Եվրամիությունը, երկարաժամկետ ծրագրի շրջանակներում, պատրաստ է նաեւ աստիճանաբար քայլեր ձեռնարկել վիզաները վերացնելու եւ անվտանգ ու վերահսկելի տեղաշարժ ապահովելու ուղղությամբ»: Արտգործնախարարները նույն փաստաթղթում անդրադարձել են նաեւ տարածաշրջանում առկա սառեցված հակամարտություններին` ընդգծելով, որ դրանք ոչ միայն խոչընդոտում են այս երկրների քաղաքական ու տնտեսական զարգացումը, այլեւ` տարածաշրջանային համագործակցությունն ու եվրոպական մայրցամաքի կայունությունը։ «Այս համատեքստում Եվրամիության Նախարարների խորհուրդը վերահաստատում է այդ հակամարտությունների խաղաղ եւ երկարատեւ կարգավորմանը աջակցելու իր պատրաստակամությունը եւ կոչ է անում բոլոր կողմերին ամբողջովին հավատարիմ մնալ այս գործընթացին»,- ասված է փաստաթղթում: