Պաշտոնական Բիշքեկը Ռուսաստանից խնդրում է խաղաղասիրական ուժեր ուղարկել` հարավում ծագած անկարգությունները հանդարտեցնելու համար: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան: «Կառավարությունն ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը երկրում, մենք դրսի օգնության կարիքը ունենք»,- հայտարարել է Օտունբաեւան` նշելով, որ այդ մասին հատուկ նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Պաշտոնական Մոսկվան արձագանքել է Օտունբաեւայի նամակին` հայտարարելով, որ տեղի ունեցածը «ներքին հակամարտություն է, եւ Ռուսաստանը առայժմ չի տեսնում դրա լուծման գործում մասնակցելու անհրաժեշտությունը»: Հիշեցնենք, որ Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքում հինգշաբթի օրը ուզբեկ եւ ղրղըզ բնակչության միջեւ սկիզբ առած բախումների արդյունքում զոհերի թիվը, պաշտոնապես հրապարակված վերջին տվյալներով, հասել է 65-ի, վիրավորվել է շուրջ 850 մարդ: Կառավարությունը արտակարգ դրություն էր հայտարարել Օշում: Շաբաթ օրը արդեն արտակարգ դրություն է հայտարարվել Ղրղըզստանի հարավի մեկ այլ քաղաքում` Ջալալաբադում։ Արեւմտյան գործակալությունների հաղորդմամբ, Ղրղըզստանի ու Ուզբեկստանի սահմանին կուտակվել են Օշից փախուստի դիմած հազարավոր մարդիկ, հիմնականում` կանայք եւ երեխաներ: Նրանց խոսքով, տուժել է հիմնականում քաղաքի ուզբեկ բնակչությունը, նրանց պատկանող հարյուրավոր տներ այրվել են: Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կոչ են արել կողմերին տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով: Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը` կոչ անելով միջազգային հանրությանը՝ օգնել Ղրղըզստանի կառավարությանը` «լայնամասշտաբ էթնիկ այդ հակամարտությունը կարգավորելու եւ երկրում իրավիճակը վերահսկելու հարցում»: Ի դեպ, Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը տարածել է հայտարարություն՝ պնդելով, թե որեւէ առնչություն չունի տեղի ունեցած իրադարձությունների հետ: Կոչ անելով կողմերին դադարեցնել արյունալի բախումները` Բակիեւը միաժամանակ դրանց մեջ մեղադրել է երկրի ժամանակավոր կառավարությանն ու ղեկավար Ռոզա Օտունբաեւային: «Ճիշտ ժամանակին ողջ ուժերը մոբիլիզացնելու եւ իրավիճակը կայունացնելու փոխարեն` ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները հարցազրույցներ էին տալիս եւ կատարվածի համար պատասխանատվությունը բարդում իմ եւ իմ հարազատների ուսերին: Նրանք անամոթաբար ստում են: Կոչ եմ անում իմ աջակիցներին չտրվել նրանց սադրանքներին»,- ասել է նա: Մինչդեռ Ինտերֆաքս գործակալությունը, մեջբերելով ականատեսների վկայությունները, հաղորդում է, թե Ջալալաբադում շարունակվող անկարգություններին ակտիվորեն մասնակցում են նախկին նախագահի հարազատները: Հիշեցնենք, որ ապրիլին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Բակիեւը ապաստանել է Բելառուսում։