Կարող է փոխել դիրքորոշումը

15/06/2010

«Washington Times» թերթի ազգային անվտանգության հարցերով վերլուծաբան Էլի Լեյքը չի բացառում, որ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը կարող է ստիպել ազդեցիկ հրեական լոբբիին` աջակցել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը: «Դեռ 2008 թվականից խոշորագույն ամերիկյան-հրեական կազմակերպությունները որոշեցին, որ այլեւս չեն հարկադրի Կոնգրեսին կասեցնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւերի ընդունումը, եւ արդեն այն ժամանակ դա արտացոլում էր Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացումը»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է վերլուծաբանը` ընդգծելով, որ իրավիճակն ավելի սրվեց «Ազատության նավատորմիղի» միջադեպից հետո:

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ այդ հերթական դիվանագիտական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմածովային ուժերի գրոհի արդյունքում զոհվեցին Թուրքիայից Գազայի հատված ուղեւորվող նավերի շարասյան 9 պաղեստինամետ ակտիվիստները` հիմնականում Թուրքիայի քաղաքացիներ: Թուրքիան պնդում է, որ «Ազատության նավատորմիղ» անվանումը կրող շարասյունը մարդասիրական օգնություն էր տեղափոխում, մինչդեռ Իսրայելը վստահեցնում է, որ 6 նավերով Գազայի հատված ուղեւորվող շուրջ 700 ակտիվիստները նաեւ զենք են կրել: Վերլուծաբանը նշել է, որ անցած երկու տասնամյակներում Իսրայելի եւ Թուրքիայի` ռազմավարական համարվող համագործակցությունը Անկարայի համար ապահովել էր Ամերիկայի հրեական համայնքի աջակցությունը Վաշինգտոնում:

«Այժմ այդ աջակցությունը ավարտվել է, եւ որպեսզի ամերիկյան-հրեական կազմակերպությունները կրկին Վաշինգտոնում օժանդակեն թուրքերին, նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ կարգավորվեն Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները»,- կարծում է Էլի Լեյքը:

Անցած շաբաթ «Washington Times»-ում հրապարակված հոդվածում Էլի Լեյքը ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել այն մասին, թե ինչպես հրեական լոբբիի օժանդակությամբ Թուրքիային հաջողվել է խոչընդոտել Սփյուռքի հայկական կազմակերպությունների մեծ ջանքերի գնով Կոնգրեսում ներկայացված մի շարք հայանպաստ բանաձեւեր, ինչպես նաեւ առաջ մղել թուրք-ադրբեջանական շահերին ծառայող օրենսդրական նախաձեռնություններ: Հայոց ցեղասպանությունը ճանաչող հերթական բանաձեւը գարնանը հավանության արժանացավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ կարող է առաջիկայում քվեարկության դրվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հրեական լոբբին չի խոչընդոտի բանաձեւի անցկացումը` ինչպես նախկինում, «Washington Times»-ի ազգային անվտանգության հարցերով վերլուծաբանը պատասխանել է. «Վստահաբար կարելի է ասել, որ հրեական լոբբին խոչընդոտներ չի հարուցի: Հնարավոր է, որ որոշ հրեական լոբբիստական խմբեր անգամ աջակցեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, որովհետեւ նմանություններ կան 1939-45թթ. հրեաների Ողջակիզման եւ հայ ժողովրդի հետ 1915 թվականին տեղի ունեցածի միջեւ, այնպես որ, հրեական կազմակերպությունները կարող են աջակցել այդ բանաձեւին՝ փոխելով իրենց նախկին դիրքորոշումը»: Այդուամենայնիվ, Էլի Լեյքը կարծում է, որ նույնիսկ Հրեական լոբբիի աջակցության պարագայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը Կոնգրեսում հավանության չի արժանանա: «Կարող եմ ասել, որ կան ուժեր, որոնք ձգտում են այնպես անել, որ Կոնգրեսում այդպիսի բանաձեւ չընդունվի, եւ դրա հետեւում հիմնականում ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունն է, որը շարունակում է Թուրքիային համարել կարեւոր գործընկեր ՆԱՏՕ-ում»,- նշել է նա: