Մեկ միլիոն դոլար. ունայնություն ունայնությանց

15/06/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հետաքրքիր է հետեւել, թե երախտագիտության որպիսի զգացումով են մեր մտավորականները, արտիստները կոչումներ ու մրցանակներ ընդունում հատկապես երկրի նախագահից: Նրանք շնորհակալական խոսքեր են ուղղում պետության ղեկավարին` իրենց արած աշխատանքը նկատելու համար: Հասկանալի է, որ երկրի ղեկավարության հետ տեսախցիկների առաջ շամպայնի բաժակը չխկացնելն ու լուսանկարը տվյալ մարդու համար իր ասպարեզում կանաչ լույս է վառում: Շքանշան ստանալու պրոցեսից ստացած ադրենալինը համեմատելի չէ այն գիտակցության հետ, որ ընդունելով շքանշանը, նեղանում է ազատությանդ աստիճանը: Դա այդպես է, հակառակ դեպքում, որպես իշխանություններին քննադատելու իրավունքը ետ ստանալու նշան` ժամանակին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանին չէր վերադարձնի ստացած շքանշանը:

Հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում էլ մտավորականներին հաճելի են երկրի ղեկավարների քնքշանքները: Այդպես էր նաեւ այնպիսի մեծ գրողների դեպքում, որպիսին էր Չինգիզ Այթմատովը, որպիսին է՛ Ֆազիլ Իսկանդերը: Մարդկային թուլությունները հասկանալ կարելի է: Տաղանդավոր մարդկանց մեծ մասը կախված է իր հանդեպ պետության ղեկավարի, քաղաքական էլիտայի ջերմ վերաբերմունքից: Սակայն կան մարդիկ, ովքեր կոտրած գրոշ չէին տա երկրի ղեկավարի կամ որեւէ այլ մրցանակի համար: Նման մարդիկ տարօրինակ են, նրանց քայլերը, որպես կանոն, շարժում են հասարակության ծիծաղն ու նաեւ հետաքրքրությունը: Այդպիսի մարդիկ հանճարներն են: Լոմբրոզոյի հայտնի տեսությունը հանճարների մասին դժվար է ժխտել. հանճարեղ մարդիկ տարօրինակ են, նրանց քայլերը հասկանալը, բացատրելը բարդ է: Սակայն նրանց գոյությունը բոլոր ժամանակներում շնորհ է ողջ մարդկությանը: Նրանց ներկայությունն ինչ-որ տեղ, մոլորակի ինչ-որ անկյունում օգնում է շարքային մարդուն` չհիասթափվել իր տեսակից: Կատարվեց այն, ինչին շատերը չէին հավատում: Օրերս, Փարիզում կայացած մաթեմատիկական կոնֆերանսին, որի ընթացքում ռուսաստանցի մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանին պետք է հանձնվեր «Դարի մրցանակը», օրվա հերոսը այդպես էլ չներկայացավ մրցանակաբաշխությանը: Բոլորը գիտեն, որ ռուսաստանցի մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, ով դեռեւս 2002թ.-ին ապացուցել էր Պուանկարեի հիպոթեզը, Քլեյի ինստիտուտի կողմից հազարամյակի այդ գլուխկոտրուկի բացահայտման համար արժանացել էր միլիոն դոլար մրցանակի: 2010թ.-ի մարտի 12-ին Քլեյի մաթեմատիկական ինստիտուտը հայտարարեց մրցանակի մասին: Փորձագետները ստուգեցին եւ պարզեցին, որ խնդիրն, իրոք, բացահայտված է, եւ որոշեցին 1մլն դոլար մրցանակը հանձնել նրան: Լրատվամիջոցները գրեցին, որ հետաքրքրասեր լրագրողներին Պելերմանն իր տան դռան ճեղքից ասել էր, որ իրեն նման մրցանակները հետաքրքիր չեն, դրանք ոչինչ չեն որոշում, եւ որ իրեն այդ մեկ միլիոն դոլարը հարկավոր չէ, քանի որ ինքը ոչնչի կարիք չունի: Մի խոսքով, հրաժարվում է այդ մրցանակից: «Վիքիպեդիայից» տեղեկացա, որ 1996թ.-ին Պերելմանն արժանացել էր Եվրոպական մաթեմատիկական հանրության մրցանակին, սակայն հրաժարվել էր ստանալ նաեւ այդ մրցանակը: Պունկարեի հիպոթեզի լուծման համար նա պարգեւատրվել էր նաեւ «Ֆիլդսի մեդալով», որը մեծ իրադարձություն է մաթեմատիկոսների կյանքում, իսկ պարգեւատրման արարողությունը տեղի է ունենում 4 տարին մեկ, սակայն Պերելմանը հրաժարվել էր ընդունել նաեւ այն:

Քլեյի ինստիտուտի մրցանակներ հանձնելու կարգն, ըստ ինստիտուտի տեղեկագրի, այսպիսին է. եթե Դուք որոշել եք ինստիտուտի առաջադրած անլուծելի համարվող յոթ պրոբլեմներից մեկը, Ձեր հայտնագործությունը պետք է ուղարկեք ամսագրին: Այն գրախոսվում է, ապա հոդվածը երկու տարով մի կողմ է դրվում: Եթե երկու տարում մասնագետներից որեւէ մեկը չի ներկայացնում հակափաստարկներ, կարող եք գնալ եւ ստանալ Ձեր մեկ միլիոն դոլար մրցանակը: Նկատենք, որ Պերելմանն անգամ հարկ չէր համարել հոդվածն ուղարկել ամսագիր, այլ պարզապես այն տեղադրել է համացանցում:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բագրատ Բատիկյանից հետաքրքրվեցի, թե մեր հայ մաթեմատիկոսներն աշխատո՞ւմ են այն գլուխկոտրուկների, խնդիրների վրա, որոնց լուծման համար Քլեյի ինստիտուտն առաջարկում է մրցանակ` մեկ միլիոն դոլար:

– Այո՛, մեր մաթեմատիկոսները եւս աշխատում են, սակայն այդ ուղղությամբ խոշոր հաջողություններ դեռեւս չունենք: Բանն այն է, որ դրանք սոսկ խնդիրներ չեն, գիտական ուղղություններ են, որոնց լուծումները շատ բարդ են եւ շատ ժամանակ են պահանջում:

– Հետաքրքիր է` ինչպե՞ս եք գնահատում Պերելմանի քայլը` հրաժարվել մեկ միլիոն դոլար մրցանակից: Բանն այն է, որ նա գիտակցական այնպիսի բարձր մակարդակ ունի, որ իր քայլով ոչինչ որեւէ մեկին չի ցանկացել ապացուցել, սակայն նրա այս քայլը ընկալում ենք այսպես` իսկական գիտնականի համար կարեւորն արդյունքն է եւ ոչ թե՝ դրանից ակնկալվող փառքը:

– Բոլոր մաթեմատիկոսների համար առաջինն արդյունքն է, իսկ մնացածը, թե ինչպես կընդունեն այս կամ այն մրցանակը, արդեն բնավորության խնդիր է: Այդ տղան հիվանդոտ է երեւում, թեեւ, միանշանակ, հանճարեղ մաթեմատիկոս է: Սակայն իմացեք, որ մաթեմատիկայի համաշխարհային պատմության մեջ նման դեպք չի եղել: Կա՛ն էլի հանճարեղ գիտնականներ, ովքեր չեն հրաժարվում գնահատականներից, մրցանակներից: Պերելմանն, այնուամենայնիվ, շատ տարօրինակ է: Տեսեք, նա որոշել է այլեւս երբեք չզբաղվել մաթեմատիկայով: Իսկ դա տարօրինակ քայլ է անգամ հանճարի համար:

– Գուցե մասնագետների համար տարօրինակ է, սակայն խիստ հետաքրքիր է` որպես նախադեպը չունեցող քայլ: Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, գիտնականները, արվեստագետները շատ ավելի՛ են կարեւորում պետական կամ այլ մրցանակները, ինչը լուրջ մասնագետին պիտի որ այնքան էլ չհրապուրեր:

– Տեսական մաթեմատիկայով զբաղվողները ոչ մի բանից էլ կախված չեն: Մեզ պետք է միայն մեր աշխատավարձը, եւ վերջ: Սարքավորումներ, դրամական ներդրումներ այս ոլորտին պետք չեն: Բավական է միայն թուղթն ու գրիչը:

Հ.Գ. Բրիտանական «The Daily Telegraph» թերթը (31.01.2007) հրապարակել էր ապրող հանճարների ցուցակը` թվով 100 հոգի: Մեր հայրենակիցներից այդ ցուցակում միայն մեկն է` շախմատիստ Գարի Կասպարովը: Նա այս ցուցակի 25-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ի դեպ, Գրիգորի Պելերմանը եւս այս ցուցակում է (9-րդ տեղում): Մեզ` հայաստանցիներիս, այս ցուցակից հատկապես ծանոթ են Ջորջ Սորոսը, Նելսոն Մանդելան, Դալայ Լաման, Բոբբի Ֆիշերը, Պրինսը (ամերիկացի երաժիշտ), Ուսամա բեն Լադենը, Բիլ Գեյթսը, Սթիվի Ուանդերը, Պլասիդո Դոմինգոն, Արետա Ֆրանկլինը, Միխայիլ Կալաշնիկովը, Քվենտին Տարանտինոն: