Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մահմեդ Ալի Շահինը պաշտոնական այցով մեկնել է Իրան` երկրի նախագահի ու արտգործնախարարի հետ բանակցելու նպատակով: Նրան ուղեկցում են նաեւ մի խումբ պատգամավորներ: «Թուրքիայի եւ Իրանի միջեւ վերջին տարիներին զարգացող համագործակցությունը օրինակելի բնույթ է կրում»,- հայտարարել է Մահմեդ Ալի Շահինը եւ ընդգծել, որ այցի նպատակն է` է՛լ ավելի ամրապնդել երկկողմ կապերը: Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան շարունակում է դեմ արտահայտվել Իրանի նկատմամբ միջազգային համայնքի սահմանած պատժամիջոցներին: «Դրանք արդյունավետ գործիք չեն եւ ոչ միշտ են հանգեցնում ցանկալի արդյունքին»,- շաբաթ օրը ֆրանսիական «Լը Մոնդին» ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: